Հայաստանում երկու տարով քաղաքացիական դիտորդների առաքելություն ձևավորելու մասին Բրյուսելում հունվարի 23-ին ընդունված որոշումը (ՀՀ կառավարության առաջարկով) նոր իրողություն է ստեղծում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այլև ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Եթե մի տարի առաջ, մինչև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, որևէ մեկը խոսեր Հայաստանում եվրոպական դիտորդների հնարավոր ներկայության մասին, ապա նրան հեռու կհամարեին քաղաքական իրատեսությունից։
Ակնհայտ է, որ խոսքը գնում է ոչ այն մասին, որ մի հարյուրյակ դիտորդների հայտնվելն ապահովելու է Ադրբեջանին զսպելու 100-տոկոսանոց երաշխիք, առավել ևս՝ Ռուսաստանի թողտվության, եթե ոչ դրդման պայմաններում։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի այդ դիտորդները երկրների կարևորագույն միավորման «աչքերն ու ականջներն» են, միավորում, որը ներկայումս փորձում է կողմնորոշվել մեր տարածաշրջանում իր ռազմավարության հարցում։ Իսկ Ադրբեջանում նավթային դիկտատուրան իր քաղաքականությունը կառուցում է այդ միավորման հետ առնչությունների հիման վրա։ Այսինքն, կարելի է փաստել, որ Հայաստանի հետ սահմանին դիտորդների հայտնվելն ինքնըստինքյան բարձրացնում է Ալիևի վարչակարգի նախահարձակ վարքի շարունակման քաղաքական գինը, ընդ որում՝ բարձրացնում է բազմակի։ Մյուս կողմից, դա զգալի չափով կարճացնում ու թուլացնում է Ռուսաստանի լծակներն իրավիճակն իր օգտին փոխելու հարցում։ Այստեղից էլ բխում է Մոսկվայի ծայրահեղ «անհանգստությունը» եվրոպական առաքելության հայտնվելու առիթով։ Բաքվի համար նույնպես, ինչպես տեսնում ենք, դա մեծ խնդիր է, քանի որ այն խափանում է Երևանի վրա անպատիժ ուժային ճնշման նախկին ողջ մարտավարությունը։
Իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում, և դրանում, հատկապես՝ «գետնի վրա», եվրոպական, ընդհանրապես՝ արևմտյան գործոնը տեսակարար մեծ կշիռ է ձեռք բերում։ Իսկ Ռուսաստանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցով, համառորեն չի ցանկանում իրերն անվանել իրենց անուններով, այն է՝ ագրեսիան՝ ագրեսիա, սահմանների խախտումը՝ սահմանների խախտում։ Ավելին՝ փորձում է նեղել Երևանին, ու դա անում է Բաքվի հետ համատեղ։ Արդյունքում ինքն իրեն «խաղից դուրս» վիճակում է դրել, իրեն վերապահելով ճակատագրից բողոքելու (այդ թվում՝ հրապարակայնորեն) հնարավորությունը միայն։
Բայց, դրանով հանդերձ, Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը չլուծված է մնում, և ավելի քան երկու ամիս է, ինչ ճգնաժամը շարունակվում է, ինչպես տեսնում ենք, ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի «անգործունակության» պայմաններում։ Ի՞նչ է փոխում և ի՞նչը կարող է փոխել եվրոպացիների երկամյա առաքելությունը Հայաստանում։ Այս մասին՝ մեր հերթական թողարկման բացառիկ նյութերում ու արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն