Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա Բաքվում ոչ միանշանակ է ընդունվել։ Ոմանք չեն թաքցրել իրենց տարակուսանքը պաշտոնական Անկարայի գործողությունների վերաբերյալ, իսկ ոմանք էլ այս ամենի մեջ տեսնում են սկիզբը գործընթացների, որոնք ապագայում կարող են օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործին։ «Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում Ադրբեջանը պետք է ձերբազատվի «երես առած կրտսեր եղբոր» հոգեբանությունից»,- ասել է քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին։
«Ազատվել «երես առած փոքր եղբոր» հոգեբանությունից»
Քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլիի խոսքով’ Բաքուն դժգոհությամբ է հետևում Երևանի և Անկարայի մերձեցմանը’ դատելով Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններին Հայաստանի օգնության հետ կապված հակաքարոզչությունից։
«Բայց հայտնի պատճառներով պաշտոնական մակարդակով այս կապակցությամբ որևէ մտահոգություն կամ դժգոհություն չի արտահայտվել։ Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, ոմանք մեղադրում են CHP-ին (Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը) «հայամետ դիրքորոշում» ունենալու մեջ, ինչը տարակուսանք է առաջացնում»։
Ջաֆարլին վստահ է, որ Անկարան ցանկացած իրավիճակում հաշվի է առնում և, հնարավորության դեպքում, հետագայում էլ հաշվի կառնի Ադրբեջանի շահերը.
«Սակայն սխալ է ակնկալել և պահանջել, որ Թուրքիան ինդեքսավորի իր արտաքին քաղաքականությունը’ լիովին համահունչ դարձնելով Ադրբեջանի շահերին։ Ի վերջո, խոսքը երկու անկախ պետությունների մասին է, որոնք ունեն իրենց սեփական շահերը։ Այդ շահերը երբեմն կարող են չհամընկնել:
Ադրբեջանը՝ ինչպես ժողովուրդը, այնպես էլ պետությունը, պետք է ձերբազատվեն Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում «երես առած կրտսեր եղբոր» հոգեբանությունից»։
«Ադրբեջանը կարող է առավելագույն օգուտ քաղել Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ մերձեցումից»,- համոզված է քաղաքական մեկնաբան Ռասուլ Հաջիևը։
«Ադրբեջանը կարող է առավելագույն օգուտ քաղել»
JAMnews-ին տված հարցազրույցում նա նշել է, որ մեր տարածաշրջանում «ուժեղ հարևանների այնքան էլ հարուստ ընտրություն չէ».
«Պատկերացրեք ձեզ Հայաստանի տեղում։ Երկրի ղեկավարությունը փորձում է հնարավորինս հեռանալ Ռուսաստանից։ Միաժամանակ ամենամոտ խոշոր հարևաններն են Իրանն ու Թուրքիան։ Երևանը հիմա հուսահատությունից բարիդրացիական հարաբերություններ է կառուցում Թեհրանի հետ։ Բայց նույնիսկ չի կարելի ենթադրել, որ դա տեսնելը Արևմուտքի համար հաճելի է:
Թուրքիային անհնար է համեմատել Իրանի հետ արևմտյան քաղաքակրթությանը մոտ լինելու չափանիշով, ինչին ձգտում են Հայաստանի ղեկավարները։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, Եվրամիության թեկնածու անդամ։ Իրանն աշխարհի այն քիչ պետություններից է, որը գրեթե նույնացվում է ահաբեկչության հետ։
Տրամաբանական է, որ Արևմուտքն ամեն կերպ կաջակցի Երևանի և Անկարայի մերձեցմանը, և դա ակնհայտ է դառնում Արարատ Միրզոյանի’ Թուրքիա կատարած այսօրվա այցից հետո»։
Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը «կարող է առավելագույն օգուտ քաղել այդ մերձեցումից».
«Երբ մեծ երկիրն ու փոքր երկիրը մերձենում են, խորը համագործակցություն մեկնարկում, անհնար է, որ ժամանակի ընթացքում փոքր երկիրը մեծից կախվածություն ձեռք չբերի։ Այստեղ որոշիչ է տնտեսական գործոնը։
Եվ նույնիսկ ամենահիմար քաղաքագետը, հավանաբար, չի համեմատի Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Բաքուն և Անկարան բնական դաշնակիցներ են տարածաշրջանում։ Իսկ Երևանի ու Անկարայի դիրքորոշումների հետագա մերձեցումը միայն ձեռնտու է Ադրբեջանին»։
Թե կոնկրետ ինչից է բաղկացած այդ «օգուտը», փորձագետը բացատրեց հետևյալ կերպ.
«Պատերազմն ավարտվել է, շուտով Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն: Հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը դժկամությամբ կլքի տարածաշրջանը։ Արևմուտքի հետ մեծ պատերազմում Մոսկվայի պարտությունը կանխորոշված է։
Մեր տարածաշրջանը զարգանալու կարիք ունի։ Իսկ դրա համար խաղաղություն է պետք։ Տարածաշրջանի երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վրա հիմնված խաղաղություն։ Եվ այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր քայլ մոտեցնում է բոլորիս կողմից երկար սպասված ժամանակը»։