2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ներկայացրեց գանգատ Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ) ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության։ Գանգատը ներկայացվեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով։ Սա միակ միջազգային փաստաթուղթն է, որը հնարավորություն է տալիս պետություններին դիմել միջազգային այս հեղինակավոր տրիբունալ՝ առանց հայցելու և հաշվի առնելու պատասխանող պետության համաձայնությունը դատարանի կողմից դիմումը քննելու վերաբերյալ։ Որպես կանոն, որպեսզի որևէ միջազգային վեճ քննության առարկա դառնա ԱՄԴ-ի կողմից, անհրաժեշտ է, որ լինի պատասխանող պետության համաձայնությունը։ Սույն կոնվենցայի համար ընթացակարգերով նախատեսված է բացառություն և մի պետության կողմից բերված դիմումը ընդդեմ մեկ այլ պետության ինքնաբերաբար հարուցում է դատական քննություն կոնվենցիայի հիմքով։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ռասայական խտրականության, այն է՝ ռասիզմի արգելքը ժամանակակից աշխարհակարգի, մարդու իրավունքների պաշտպանության գլոբալ կառուցակարգի հիմնաքարն է, և կոնվենցիայի հեղինակները չեն ցանկացել, որ այս կոնվենցիայի կիրառությունը, ի տարբերություն այլ կոնվենցիաների, կախված լինի միջազգային հանցագործություններ կատարած պետությունների կամքից։
Այսպիսով, 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը սկիզբ դրեց մի իրավական գործընթացի, որը տևելու է ավելի քան մեկ տասնամյակ։ Դատավարության նման երկար ժամկետները պայմանավորված են դատարանի ծանրաբեռնվածությամբ (ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ գործերի քննության արագությունը մեծամասամբ 8-10 տարի է), ինչպես նաև այն հանգամանքով, որ տվյալ դեպքում դատավարական հակառակորդը՝ Ադրբեջանի Հանրապետությունը, հետևողականորեն ներկայացնում է հակընդդեմ հայցեր, որոնք, փաստորեն, եթե չեն կրկնապատկելու, ապա առնվազն նպաստելու են դատավարական ժամկետների ձգձգմանը։ Օրինակ, 2021 թվականի սեպտեմբերին հարուցված դատական գործով ԱՄԴ-ն 2022 թվականի հունվարին որոշեց, ըստ կողմերի պայմանավորվածության, ՀՀ-ին տալ մեկ տարի ժամկետ՝ մինչև 2023 թվականի հունվարի 23-ը, գանգատի ամբողջական տեքստը կից փաստաթղթերով ներկայացնելու համար, իսկ Ադրբեջանին՝ մինչև 2024 թվականի հունվարի 23-ը՝ հակընդդեմ պնդումներ ներկայացնելու համար։ Դատավարության մեկ փուլի համար նման երկար ժամկետներ սահմանելն, անկասկած, ձգձգելու է դատաքննության ընդհանուր տևողությունը։
Հայաստանի Հանրապետությունը գանգատը ներկայացրել է կոնվենցիայի վեց հոդվածների՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների հիմքերով, այն, ընդհանուր առմամբ, վերաբերում է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ ատելություն, թշնամություն, անհանդուրժողականություն և խտրականություն հրահրելուն ու տարածելուն։ Կառավարությունը խնդրել է դատարանին ճանաչել նշված հոդվածների հիմքով խախտումները և տրամադրել նյութական և ոչ նյութական բնույթի փոխհատուցում։
Ներկայացված խախտումների ժամանակաշրջանը սկսվում է 1988 թվականից (Սումգայիթի դեպքերից) մինչև մեր օրերը, մասնավորապես՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 12-13-ի դեպքերը, որոնց պարագայում փաստերը վերաբերում են զինված հակամարտությանը։ Իսկ որտեղ փաստերը վերաբերում են ռասիզմի քարոզմանը և ռասիզմը որպես պատերազմի գործիք և հանրային կառավարման եղանակ օգտագործելուն՝ մինչև մեր օրերը, այսինքն՝ կրում են շարունակական բնույթ։ Ինչպես նշված է գանգատում, Ադրբեջանը սկսել է հայերի նկատմամբ ռասայական խտրականություն խթանել և հանդուրժել այն պահից ի վեր, երբ դեռ ի հայտ չէր եկել որպես անկախ պետություն (խորհրդային Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը Սումգայիթի դեպքերից մինչև Խորհրդային Միության փլուզումը), և շարունակում է դա անել անդադար՝ նույնիսկ 2020 թվականի ռազմական հակամարտությունից և դրա ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո։
Եթե ներկայացնելու լինենք առավել մանրամասն, ապա Հայաստանի Հանրապետությունը ԱՄԴ-ում պնդում է. առաջին՝ որ Ադրբեջանը տարիներ շարունակ խրախուսել, հովանավորել և կառավարել է ատելության խոսքի տարածումը հայերի նկատմամբ, ինչում հանրային մարմինները և պաշտոնատար անձինք ունեցել են կարևոր դերակատարում, իսկ այդ «պրակտիկան» ղեկավարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, որը բազմիցս աչքի է ընկել հայերի նկատմամբ անհանդուրժողականություն, ատելություն ու թշնամություն սերմանող հրապարակային հայտարարություններով։ Գանգատում նաև ներկայացվել են բազմաթիվ պնդումներ Ադրբեջանի կողմից կառավարվող էթնիկ զտման քաղաքականության մասին, որն արտահայտվել է և՛ խաղաղ ժամանակներում իրականացված տնտեսական, սոցիալական, մշակութային քաղաքականություններով, և մեծ ու փոքր զինված հակամարտությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի վայրագություններով՝ ընդդեմ հայ զինծառայողների և քաղաքացիական բնակչության։ Հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականության ապացույցներ են նաև նման վայրագություններով աչքի ընկած անձանց խրախուսելը և պարգևատրելը հանրային իշխանության կողմից՝ փոխանակ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը պատերազմական հանցագործություններ կատարելու համար։
Գանգատում լայնորեն անդրադարձ է արվել հայերի հիմնարար իրավունքների լայնածավալ ժխտմանը Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն մի քանի տասնամյակ շարունակ, այդ թվում՝ հայերեն լեզվի օգտագործման արգելքը, հանրային, մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում հայերի մասնակցության անհնարինությունը, որի միակ բացատրությունը մոտ չորս տասնամյակ ինտենսիվորեն քարոզվող ռասիստական քաղաքականությունն է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության և հանրային իշխանության կողմից։ Եվ, վերջապես, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանում, որին ականատես ենք եղել և՛ խորհրդային Ադրբեջանում, և՛ Ադրբեջանի Հանրապետությունում՝ շարունակաբար, ընդհուպ մինչև 2020 թվականի պատերազմական գործողությունները, նույնպես ռասայական խտրականության արդյունք է։
Հարցը, թե որքանով է հավանական, որ Հայաստանի Հանրապետության վերը նշված բոլոր փաստարկները կբավարարվեն դատարանի կողմից կամ թե դրանցից որոնք կբավարարվեն, ապագայի ու գնահատման հարց է։ Սակայն առկա են երկու հանգամանքներ, որոնց հիմքով կարելի է պնդել, որ վերը նշված բոլոր պնդումները, բացառությամբ որոշ մասնավոր կամ ածանցվող փաստարկների, բավարարվելու են ԱՄԴ-ի կողմից։ Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանը ներդաշնակ ու զուգահեռ դատական ու կիսադատական պրոցեսներ է նախաձեռնել նաև միջազգային այլ տրիբունալներում, մոնիտորինգային ու փաստահավաք կոմիտեներում ու հարթակներում։ Բազմաթիվ փաստեր ու ապացույցներ, որոնք ներկայացվել են ԱՄԴ, արդեն հաստատվել են, կամ առնվազն չեն հերքվել, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, ինչպես նաև հեղինակավոր փաստահավաք այլ մարմինների, օրինակ՝ Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, ռասիզմի հիմքով գանգատները, անհատների կողմից, սկսել են ներկայացվել դեռ 2010 թվականից, և այս պահի դրությամբ արդեն առկա են առնվազն վեցը վճիռներ, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատվել է Ադրբեջանում հայերի հանդեպ համակարգային խտրականության փաստը։ Իսկ միջազգային տրիբունալի որոշումը, որը դառնում է վերջնական, դառնում է նաև աներկբայորեն հաստատված պատմական փաստ, որի հետ ստիպված են հաշվի նստել միջազգային հարաբերություններում այլ դերակատարները, այդ թվում՝ նաև դատարանները։
Նման հանգամանքը կանխորոշում է, որպեսզի Հաագայի դատարանը Հայաստանի գանգատների վերաբերյալ ցուցաբերի նույնանման մոտեցում ու կրկին արձանագրի խախտում, հակառակ դեպքում հարցականի տակ կդրվի դատարանի հեղինակությունը, եթե դատարանը փորձի առանց լուրջ հիմքերի հեռանալ արդեն հաստատված պատմական փաստից։ Երկրորդ հանգամանքն այն է, որ ԱՄԴ-ն մինչ այժմ կայացրել է միջանկյալ որոշումներ, որոնցում կատարված եզրահանգումները նախանշում են կամ ուրվագծում են ապագայում կայացվելիք իր վերջնական դատական ակտի շրջանակները։ Մասնավորպես, 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ դատական ակտում, որով Հայաստանը խնդրել էր կիրառել հրատապ միջանկյալ միջոցներ մինչև վերջնական դատական ակտ կայացնելը (որոնք սկզբունքորեն չպետք է կանխորոշեն դատական գործի ելքը), ԱԴՄ-ն հաստատել է գրեթե նույն ծավալով, ինչ Հայաստանի բերած հիմնական փաստարկներ էին սեպտեմբերի 16-ի դիմումով։ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին. առաջին՝ ձեռնարկել միջոցներ 2020 թվականի զինված բախման արդյունքում գերեվարված անձանց ֆիզիկական բռնությունից պաշտպանելու համար, ապահովել նրանց անվտանգությունը, ինչպես նաև հավասարությունը օրենքի առջև, երկրորդ՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխարգելելու համար ազգությամբ հայ և հայկական էթնիկական ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը հանրային պաշտոնյաների և հանրային հաստատությունների կողմից, երրորդ՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգությունը պղծելու և ոչնչացնելու դեպքերը կանխարգելելու ու պատժելու ուղղությամբ։ Դատարանի որոշման այս երեք գնահատականները հավաքական կերպով արտահայտում են 2021 թվականի սեպտեմբերի 16-ի գանգատի հիմնական երեք թեմատիկ ուղղությունները՝ ռասիզմը որպես պատերազմի և էթնիկ զտման գործիք, ռասիզմը որպես համակարգային խտրականության գործիք հանրային կյանքում և ռասիզմը որպես Ադրբեջանի տարածքում հայկականության (մշակութային ու պատմական հետքերի) ոչնչացման շարժիչ ուժ։
Փետրվարի 23-ին ընդունվեց Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին ԱՄԴ-ի միջանկյալ դատական ակտը, որը կայացվել է Հայաստանի կողմից ներկայացված՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին նոր դիմումի հիման վրա։ Այս դիմումը նույնպես արտահայտում է վերևում ուրվագծված երեք հիմնական թեմատիկ ուղղությունները։ Ակնկալվում էր, որ դատարանը բավարարելու է դիմումը, քանի որ Լաչինի միջանցքի արգելափակմանը անդրադարձել են մեծ թվով միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, քաղաքական հեղինակավոր մարմիններ ու միջպետական հարթակներ, ուստի դժվար թե դատարանը կայացներ մի որոշում, որով արձանագրվեր փաստերի այլ գնահատական, քան այն, ինչ մինչ այժմ արտահայտվել է այդ մարմինների կողմից։
Դատարանի որոշումը հստակ էր ու ոչ երկիմաստ՝ Ադրբեջանը պետք է ապահովի անձանց, մեքենաների և բեռների անարգել երկկողմանի շարժը Լաչինի միջանցքով։ Գրեթե կասկած չի հարուցում, որ Ադրբեջանն անմիջապես ու անվերապահորեն չի կատարելու դատարանի որոշումը։ Հաշվի առնելով, որ դատարանը նշել էր, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ճանապարհի անխափան աշխատանքը՝ ձեռնարկելով «իր տրամադրության տակ եղած» միջոցները, կասկած չկա, որ Ադրբեջանը փորձելու է մանևրել՝ հենվելով հենց այդ արտահայտության վրա ու պնդելով, որ իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով փորձում է ապահովել ճանապարհի անխափան գործունեությունը, բայց այդ հատվածում իր ներկայությունն ունի նաև Ռուսաստանը, որի տրամադրության տակ նույնպես միջոցներ կան։ Այդպիսով, պաշտոնական Բաքուն կփորձի որոշման չկատարման առանձին դրվագներ «շուռ տալ» Ռուսաստանի վրա, մինչդեռ Ռուսաստանն այս դատավարության մասնակից չէ և Հաագայի դատարանի համար Ռուսաստանը այս որոշմամբ «անհասելի է»։ Չի բացառվում նաև, որ Ռուսաստանն այդ առումով «երկխոսի» Ադրբեջանի հետ։
Առավել հետաքրքրական էր Ադրբեջանի ներկայացրած դիմումի մերժումը դատարանի կողմից, որը տեղի ունեցավ նույն օրը։ Միջանկյալ միջոց կիրառելու մասին այդ դիմումով Ադրբեջանը դատարանից պահանջել էր պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել Քելբաջարի և Լաչինի շրջանի գյուղերում թակարդ-ականների տեղադրումը՝ ուղղված բնակչության դեմ։ Բավականին անորոշ այս պնդումը ենթադրում է, որ ՀՀ-ից ինչ-որ դիվերսիոն խմբեր 2021-2022 թվականների ընթացքում ՀՀ-Ադրբեջանի սահմանից մոտ 15-20 կիլոմետր ներս թափանցելով անմարդաբնակ գյուղեր՝ բնակելի տներում տեղադրել են ականներ, այդ թվում՝ թակարդ-ականներ (booby-traps): ՀՀ-ի համար նման փաստարկների հիմնազուրկ ու աբսուրդ լինելը կասկած չի հարուցում։ Բայց Ադրբեջանի նպատակն էր դատարանի ինչ-որ իրավական դիրքորոշում ստանալն առ այն, որ նման իրադարձություններ տեղի են ունեցել՝ թեկուզ մասնակի ու թեկուզ վերացական։ Դա հնարավորություն կտար Ադրբեջանին շրջանառության մեջ դնել կեղծ թեզ կամ նարատիվ, որ հայերը կատարում են պատերազմական հանցագործություններ Քելբաջարում ու Լաչինում (քանի որ թակարդ-ականները արգելված զինատեսակներ են միջազգային հումանիտար իրավունքում. դատապարտելի է հատկապես դրանց օգտագործումը բնակչության դեմ)։ Ադրբեջանն ուզում էր սա օգտագործել որպես հիմք Քելբաջարում ու Լաչինում միջսահմանային բախումներ հրահրելու համար՝ ինքնապաշտպանության կեղծ հիմքով։ Սակայն Ադրբեջանի այս մտադրությունը լիովին ձախողվեց․ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի այդ արկածախնդիր և առերևույթ անհիմն դիմումը։
Ի դեպ, Հայաստանի դիմումի բավարարումը նույնպես անցավ գրեթե միաձայն՝ դատարանի որոշմանը 13 անդամներից դեմ էին քվեարկել միայն Սոմալիի դատավորը՝ այն էլ ընթացակարգային հիմքով, և Ադրբեջանի կողմից ընտրված ad-hoc դատավորը՝ բովանդակային հիմքով։ Այսինքն, կարելի է ասել, որ Ադրբեջանի կողմից ընտրված դատավորից բացի մյուս բոլոր դատավորները դեմ չեն քվեարկել Հայաստանի համար բարենպաստ որոշմանը՝ բովանդակային մասով։ Նույնիսկ այս երկու որոշումների քվեարկությունների վիճակագրությունն է հուշում, որ հարձակվող ու պատերազմական հանցագործություններ կատարող պետությունը չի կարող քողարկվել զոհի կերպարով։
Արա ՂԱԶԱՐՅԱՆ
Միջազգային փորձագետ, փաստաբան
Երևան