Ի տարբերություն Ուկրաինայի ու Մոլդովայի՝ Վրաստանը դեռ չի ստացել Եվրոպական Միությանն անդամագրվելու թեկնածուի կարգավիճակ, բայց հույսը չի կորցնում, որ մոտ ապագայում կհաղթահարի հետմնալը, առավել ևս, որ եվրաինտեգրման քաղաքական ուղեգիծն այնտեղ սահմանադրական նորմ է, որը պետական բոլոր հաստատություններին պարտավորեցնում է սեփական լիազորությունների շրջանակում գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Թվում է՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է, քանի որ եվրաինտեգրման քաղաքական ուղեգիծը հասարակական-քաղաքական կոնսենսուսի արդյունք է, կոնսենսուս՝ քաղաքացիների ու քաղաքական դասի մասնակցությամբ։ Սակայն, դատելով կառավարության ձեռնարկած քաղաքական քայլերին հանրային արձագանքից ու քաղաքական դաշտի սուր բևեռացումից, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Ու դրան գումարած երկրի կառավարող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությունը՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմպիչմենտի ենթարկել Եվրոպա կատարած «ինքնակամ» այցի համար, որի նպատակն է հենց արագացնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացման գործընթացը՝ ի հակակշիռ անորոշ «եվրոպական հեռանկարների»։
Ի՞նչ է կատարվում Հայաստանի հարևան երկրում, որի հետ ոչ միայն մեզ կապում են բարեդրացիության հազարամյակներ, այլև այդ երկիրը կենսական կարևոր նշանակություն ունի անխտիր բոլոր ոլորտներում, հատկապես երբ հասունացել է Հայաստանի ռազմավարական շրջադարձը անորոշությամբ ու մարտահրավերներով լեցուն ներկայիս աշխարհում։ Ինչու՞ է կայուն, ուժեղ, ազատ, անկախ, ժողովրդավարական Վրաստանն այդքան կարևոր Հայաստանի համար։ Պատասխանն այնքան ակնհայտ է, որ նման հարցադրումը Հայաստանի քաղաքացիների համար նույնիսկ կարելի է հռետորական համարել։
Մեր վերլուծական հանդեսի նոր թողարկումը նվիրված է Վրաստանի ընթացիկ ներքաղաքական օրակարգին։ Վրաստանից երկու փորձագետների հեղինակային հոդվածները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մամուլից արտատպություններն ընթերցողներին կօգնեն ավելի լավ պատկերացնել Վրաստանի ներքաղաքական իրավիճակն ու Թբիլիսի-Բրյուսել հարաբերությունների ներկայիս վիճակը։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն