Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան – Լոս Անջելես
Վճարովի աշխատանքի իգականացում
Ոչ վաղ ժամանակներից կանացի խնամքն աշխատանքի միջազգային շուկայում դիտվում է որպես ապրանք: Դա կապված է այն բանի հետ, որ կանայք շատ ավելի լայն հնարավորություն են ստացել զբաղեցնելու բարձր որակավորում եւ վարձատրություն ունեցող աշխատատեղեր, որի պատճառով նրանց հետզհետե ավելի քիչ ժամանակ է մնում զբաղվելու տնային` վերարտադրական աշխատանքով: Այս փաստը զարկ է տվել կանանց օրինական եւ ապօրինի միջազգային միգրացիաներին:
Դրա արդյունքում` խնամքն ու հոգածությունն արտահանվում են այսպես կոչված երրորդ աշխարհի աղքատ երկրներից: Համաշխարհայնացման աղախինների բանակը (դայակներ, տնային սպասուհիներ եւ խնամքի ոլորտի այլ աշխատակիցներ) հզոր հոսքերով ներխուժել է արեւմտյան տնային տնտեսությունների միկրոտնտեսական կառույցների մեջ: Ներգաղթյալ կանանց աշխատանքը շատ հաճախ քիչ է վարձատրվում, բայց հենց նրանց գործունեության եւ զբաղվածության շնորհիվ է «աներեւույթ» (invisible) տնային աշխատանքը չվճարվող հարթությունից անցնում վճարովի ծառայությունների ոլորտ:
Սեռական տարանջատման եւ գենդերային հավասարության փոխհարաբերությունների ըմբռնումը հարաբերակցվում է «տարբեր մասնագիտություններում եւ աշխատատեղերում տղամարդկանց եւ կանանց ներկայացվածության» չափման հետ: Հետպատերազմյան շրջանում մասնավոր տնային տարածությունից վերարտադրական աշխատանքի («reproductive» labor) դեպի հանրային ոլորտի «արտադրական» աշխատանքի («productive» work) անցումը մի կողմից արձանագրում է տղամարդու եւ կնոջ աշխատանքային վարձատրության միջեւ եղած խզման հաղթահարումը (the male\female wage gap), իսկ մյուս կողմից ստեղծում է մի իրավիճակ, երբ կինը օտարվում է ընտանիքի վերարտադրության առօրյա աշխատանքից: Սոցիոլոգների հաշվարկների համաձայն՝ այսօր աշխատում է ամերիկացի կանանց 72%-ը: Առլի Հոխշիլդի կողմից 1997թ. անցկացված սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք նվիրված էին բարձր որակավորում եւ վարձատրություն պահանջող ոլորտներում ամերիկացի կանանց աշխատանքային զբաղվածությանը, սասանել են ամերիկացիների ընտանեկան գաղափարախոսությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք իրենց շատ ավելի հարմարավետ են զգում աշխատանքի վայրում, մինչդեռ սեփական տունը նրանց մոտ ընկալվում է որպես բացասական ապրումներով եւ սթրեսներով լի աշխատատեղ:
Այս երեւույթի հաջորդ հետեւանքը ժամանակակից աշխարհում միջին դասակարգի ձեւավորումն է: Այսպիսով, միջին դասակարգի կարիերամետ կանայք նախըտրում էին ավելի երկար մնալ աշխատավայրում, քան կատարել չվարձատրվող տնային վերարտադրական աշխատանք` դրանով իսկ «փոխելով տնային տնտեսությունների խորհրդանշական, սոցիալական եւ տնտեսական չափորոշիչները»: Միկրոմակարդակի վրա ամուսնական զույգի նյութական ապահովման կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով սրվում է աշխատանքի բաժանման ներընտանեկան խնդիրը: Ընդ որում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում աճող թվով երիտասարդ տղամարդիկ պատրաստակամություն են հայտնում իրենց աշխատող կանանց հետ կիսել խնամքի չվարձատրվող աշխատանքի բեռը: Սակայն, գործնականում վերարտադրական աշխատանքի հավասար բաշխման փորձերը լուրջ ձախողում են կրում, եւ ընդհանուր պատկերը բոլորովին լավատեսական չէ:
«Շարժական/մոբիլ մայրություն»
Աճող միգրացիան ժամանակակից համաշխարհայնացման ամենավիճելի հայեցակետերից է: Հարցն այն է, թե գենդերը՝ որպես սոցիալական կատեգորիա, ինչպես է ազդում միգրացիոն գործընթացների վրա. օրինակ, ի՞նչ պատճառներով եւ ինչպիսի՞ այլընտրանքներով են առաջնորդվում տեղափոխվելու որոշում ընդունած տղամարդիկ եւ կանայք: Դեռեւս արդիական է միգրացիաների վերափոխող ներուժի մասին պատկերացումը, որը փոփոխում է գենդերային կարգը եւ առօրյա հարաբերությունները թե՛ ընդունող, եւ թե՛ արտահանող հասարակություններում: Այլ խոսքերով՝ հետաքրքիր է դիտարկել, թե ինչպես են տարիքը, էթնիկականությունը եւ դասակարգը՝ գենդերի հետ փոխադարձ ներգործությամբ, միգրացիայի գործնական իմաստներ ձեւավորում կանանց տարբեր խմբերի համար: Մարդաբանական մոտեցման շրջանակներում կենտրոնանալով ազգային պետության եւ համաշխարհայնացման վրա՝ կարելի է հետեւել, թե ինչպես է ազդում զգացմունքների առեւտրականացումն ազգային/ազգայնական տրամախոսությունների (դիսկուրսի) վրա:
Բրիտանացի մարդաբան Արմինե Իշխանյանը գիտական շրջանառության մեջ է մտցնում շարժական մայրության հայեցակետը՝ որպես կանանց հարկադրված միգրացիայի հետեւանք, երբ կինը հաճախ ստիպված է լինում թողնել իր երեխային՝ գործատուի երեխային իր ուշադրությունը շնորհելու համար: Իշխանյանի տեսանկյունից նմանատիպ որոշման վրա ազդել են մի շարք գործոններ. 1. Ռուսաստանում առկա տնտեսական անկումն ու ահագնացող ռասիզմը, 2. Լոս-Անջելեսում ոսկերչական արտադրության ճգնաժամը, 3. Մեգապոլիսներում, այդ թվում եւ ԱՄՆ արեւելյան ափում, մասնավորապես՝ Լոս-Անջելեսում տնային սպասուհիների պահանջարկի աճը: Առաջին երկու գործոնները նկատելիորեն նվազեցրել են արական աշխատանքի կարիքը, մինչդեռ երրորդ գործոնը հայ կանանց համար աշխատանքային շուկա է ստեղծել (Ishkanian 2002, 391):
Լոս-Անջելես-Երեւան
Առավել հստակության համար հարկ է բնութագրել այն քաղաքները, որտեղ իմ ազգագրական հետազոտություններն եմ անցկացրել՝ Լոս-Անջելեսն ու Երեւանը: Լոս-Անջելեսը համապարփակ բազմամշակութային մեգապոլիսներից է, որում էթնիկական տնտեսությունների բջիջներն առավելագույն հստակությամբ են ուրվագծվում: Լոս-Անջելեսի տնտեսության էթնիկական կլաստերներում հայերը զբաղեցնում են ոսկերչական արտադրության խորշը: Այդ իսկ պատճառով այդ ոլորտում 1990-ականներին աշխատած աշխատանքային միգրանտների մեծամասնությունը հայ տղամարդիկ էին: 1991-1997թթ. Հայաստանից կայուն կերպով արական աշխատանք էր արտահանվում՝ Լոս-Անջելեսի քաղաքային տնտեսության այդ հատվածի աշխատանքն ապահովելու համար: Սակայն 1990-ականների ավարտին իրավիճակը փոխվել է, եւ կառավարական ստուգումների արդյունքում այդ ոլորտում արտադրությունը սկսել է նվազել: Ապօրինի արտերկրացիներին աշխատանք տալու կամ նրանց աշխատատեղերի սանիտարական չափանիշներին չհամապատասխանելու պատրվակով փակվել են ոսկերչական ոլորտի բազմաթիվ ձեռնարկություններ: Անաշխատանք մնացած տղամարդ միգրանտների մեծ մասը հարկադրված էր վերադառնալ Հայաստան:
Նոր պայմաններում ԱՄՆ են մեկնել մարդկային բավարար կապիտալով օժտված նրանց կանայք կամ ընտանիքի այլ կին անդամներ՝ վերարտադրական աշխատանքի ոլորտն ապահովելու համար: Այդ կանայք հիմնականում աշխատում են որպես դայակներ կամ ընտանիքի տարեց անդամներին խնամողներ:
Սկսենք նրանից, որ, ի տարբերություն տղամարդ միգրանտների, նրանք աշխատանք են կատարում մասնավոր տարածությունում, ինչը դժվարացնում է նրանց հետապնդումը պետական ֆինանսական մարմինների կողմից: Քանի որ խոսքը պաշտոնապես չգրանցված մարդկանց մասին է, նրանք աշխատանք են որոնում ոչ ֆորմալ տնտեսական հատվածում: Վճարման ամենահավանական տարբերակը կանխիկ փողով է՝ առանց որեւէ հարկման: Միաժամանակ, հարկ է նշել, որ ոչ ֆորմալ տեսակի զբաղմունքների մեջ, ինչպիսին են, օրինակ, թմրադեղերի վաճառքը, ավտոմեքենաների առեւանգումը եւ այլն, միայն մասնավոր տնային տնտեսությունների սպասարկումն է, որ իր մեջ արգելված եւ քրեորեն պատժելի տնտեսական գործունեություն չի պարունակում:
Ներգաղթյալ կանանց աշխատանքային պայմանների բացասական կողմն այն է, որ նրանք ստիպված են աշխատել առանց իրենց իրավունքները եւ կատարելիք աշխատանքների ցանկն ամրագրող գրավոր համաձայնագրի, որը պարարտ հող է ստեղծում նրանց վրա դրվող պարտականությունների կամայական մեծացման համար: Այսպիսին էր բոլոր 14 հարցվածների փորձառությունը: Ժամանակային սահմանափակումները եւ աշխատանքների բազմազանությունը նույնպես համարյա երբեք նախապես չեն ճշտվում: Իմ քննած դեպքերի մեծ մասում որպես դայակ հրավիրված կնոջը ծանրաբեռնում էին տնային սպասուհու աշխատանքով՝ տան մաքրում, լվացք-արդուկում, ճաշի պատրաստում, տնային կենդանիներին կերակրում եւ այլ ժամանակատար գործեր: Միաժամանակ, միգրանտուհիները զրկված էին բժշկական ապահովագրությունից եւ արձակուրդի իրավունքից, ինչպես նաեւ՝ ծերության ժամանակ թոշակային ապահովագրությունից օգտվելու հնարավորությունից: Աշխատանքի բնույթն էլ է խորապես անձնավորված՝ նմանվելով ծառա-տեր հարաբերություններին՝ հնամենի աստիճանակարգված հարաբերությունների կարծր կամ մեղմ կաղապարի սահմաններում:
Նման վարձու աշխատանքների էական առավելությունների թվին է պատկանում այն հանգամանքը, որ կին ներգաղթյալները համեմատաբար արագ են ներառվում առկա էթնիկական ցանցերում: Ի հեճուկս իրենց սոցիալական եւ ենթամշակութային լուսանցքայնության՝ նրանք ձեռք են բերում աշխատանք եւ որոշակի պաշտպանվածություն: Գործատուները, անտեսելով լեզվական պակասավորությունը, ճանաչում են անհայտ եւ հեռավոր կրթական հաստատությունների դիպլոմները (արեւելահայերենի եւ արեւմտհայարենի տարբերությունը չի խանգարում փոխադարձ ըմբռնմանը, խոսքը՝ անգլերենի վատ իմացության մասին է) ի հեճուկս ԽՍՀՄ-ում ապրած լինելու սոցիալական հզորագույն տարանջատիչ ջրբաժանի: Դժվար չէ կռահել, որ դայակների որոնողական ռազմավարությունները հիմնականում սահմանափակվում են անձնական շփումների դաշտով: Որոնումն իրականացվում է հատուկ «սփյուռքյան» թերթերի միջոցով: Բայց ամենագլխավորը Լոս-Անջելեսի հայկական եկեղեցիներից մեկին կից գործող «Հայերի աջակցության կազմակերպությունն» է (Armenian Relief Society):
Ցանցերի փոխշահավետ գործակցության հետին կողմն էլ այն է, որ կին միգրանտներն ինքնաբերաբար դուրս են մնում համաամերիկյան աշխատանքային շուկայից: Ընտրելով նկարագրված ամենապարզ ճանապարհը՝ նրանք իրենց մղում են մշակութային պահածոյացման՝ «եփվելով սեփական հյութի մեջ» եւ ինքնասահմանափակվելով իրենց տնային մշակույթի կաղապարներով: