Միլանա ԳՈՐԵՆՇՏԵՅՆ
Լրագրող
Երուսաղեմ
Նկարի իմաստն իր քողարկված շերտի մեջ է, որտեղ ինչ-որ մի բան ավելի խորն է, քան ներկերը, ավելի հին է, քան պաստառը: Եթե ինքդ քո մէջ չես գտնում համապատասխան բառեր, ապա դա նշանակում է, որ դու չես տեսնում Աստծուն, որ ինքդ ես դարձել:
Սվետլանա Լավրենտեւա (Կոտ Բասյո)
Վերացական էքսպրեսիոնիզմը (աբստրակցիոնիզմ) մոդեռնիզմի ժամանակաշրջանի եվրոպական արվեստի հոսանքներից է: Այն մեծ պաստառների վրա արագ նկարող նկարիչների դպրոցն է, որում գործածվում են ոչ երկրաչափական շտրիխներ, մեծ վրձիններ եւ այլ միջոցներ` գեղարվեստական եղանակներով զգացմունքները լիովին արտացոլելու համար, ընդ որում, զգացմունքերի երեւակումը դառնում է ստեղծագործության արարման հիմնական նպատակ: Աբստրակցիոնիստ նկարիչները չեն պատճենում առարկաների աշխարհը. նրանց ստեղծագործություններն արտացոլում են տեսանելի աշխարհն իր հայեցողությամբ վերափոխող արվեստագետի ազատ հայացքը:
1929թ. Ալֆրեդ Բարրն առաջին անգամ գործածեց «վերացական էքսպրեսիոնիզմ» եզրույթը` Վասիլի Կանդինսկու նկարները բնութագրելու համար, որն իր առաջին աբստրակտ նկարը ստեղծել էր դեռեւս 1909թ. (ներկայումս այն գտնվում է Վրաստանի Ազգային թանգարանում): Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը` Վասիլի Կանդինսկին պատկանում է գեղանկարչության աշխարհի ամենավառ երախտավորների թվին եւ հանդիսանում է արվեստի պատմության զարգացման առանցքային դերակատարներից մեկը: Այդ ուղղության մյուս հայտնի ներկայացուցիչներից են Կազիմիր Մալեւիչը, Փիթ Մոնդրիանը, Նատալիա Գոնչարովան, Միխայիլ Լարիոնովը, Եվգենի Միխնով-Վոյտենկոն, Հանս Հոֆմանը, Արշիլ Գորկին, Ադոլֆ Գոտլիբը, Ջեքսոն Փոլլոքը, Մարկ Ռոտկոն, Վիլլեմ դե Կունինգը, Ագնես Մարտինը եւ ուրիշներ: Վերջին տասնամյակներում վերացական էքսպրեսիոնիզմի ոճով նկարչությունը հետզհետե ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում: Այսօր համարյա ամեն ոք ծանոթ է աբստրակցիոնիզմին: Արեւմտյան արվեստի շուկայում նկարների կեսից ավելին ներկայացված է հենց այս ոճով, ընդ որում` ստեղծագործողների նշանակալից մասը չունի դասական գեղանկարչական կրթություն. նրանց մեջ տաղանդն արթնացել է ինտուիտիվ նկարչությամբ զբաղվելու շնորհիվ:
Ինտուիտիվ (աբստրակտ, աջ կիսագնդային) գեղանկարչությունն ուսուցման, գույնի եւ յուրաքանչյուրի մեջ ներդրված ստեղծագործական ներուժի աշխուժացման մեթոդ է, որի համար պատասխանատու է գլխուղեղի աջ կիսագունդը: Սույն մեթոդը մշակել է ամերիկացի գեղանկարչուհի Բեթի Էդվարդսը: Այն հիմնված է նոբելյան մրցանակակիր` գլխուղեղի հետազոտությունների հեղինակ Ռ. Սպերիի, ինչպես նաեւ Է. Կոստանդովի, Վ. Ռոտենբերգի եւ Վ. Արշավսկու ուսումնասիրությունների վրա: Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ գլխուղեղի աջ կիսագունդն օժտված է ստեղծագործական ուժով, տարածության եւ ձեւի զգացմամբ եւ նկարելու բնական ընդունակությամբ, մինչդեռ ձախ կիսագունդը զգայուն է լեզուների, տրամաբանության եւ խորհրդանիշների նկատմամբ: Աջ կիսագնդի ակտիվության աճի եւ ձախ կիսագնդի մակարդակի հետ նրա հավասարակշռման շնորհիվ գլխուղեղի աշխատանքի արդյունավետությունը հինգ անգամ մեծանում է` ավելանում է որոշումների ընդունման արագությունը, գործարկվում է ներշնչանքի եւ ներդաշնակության ռեժիմը:
Մեթոդի էությունը մարդուն սեփական գործողությունների վերլուծությունից ազատելն է` գլխուղեղի աջ կիսագնդի կարողություններն ակտիվացնելու եւ նրա ստեղծագործական ներուժը բացահայտելու միջոցով: Մարդը չպետք է մտածի այն մասին, թե ինչպես պետք է նկարել որեւէ առարկա, ինչից պիտի սկսել, որ վրձինով կամ գույնով: Արդյունքում, նա ստեղծում է պատկերներ, որոնց արարմանը մինչ այդ ունակ չէր: Ընդ որում` այդ ձեւերը, կարծես թե, ինքնուրույնաբար են ծնվում, ինչի շնորհիվ դրանք ավելի կենդանի եւ անսպասելի են լինում: Նկարել իմանալն այս դեպքում պարտադիր չէ. դուք ընթացքում կսովորեք եւ կանեք դա առանց վախի` ուրախությամբ եւ հեշտությամբ, որովհետեւ ինտուիտիվ գեղանկարչության տեխնիկայի մեջ «սխալ» նկարելը պարզապես անհնարին է:
2014թ. դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է «Շփման գիծ» բարեգործական ակցիան, որը կշարունակվի մինչեւ 2015թ. տարեվերջը: Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթանում են վերացական էքսպրեսիոնիզմի ոճով արարված եւ փիլիսոփայական բովանդակություն ունեցող ստեղծագործությունների, իսկ, այնուհետեւ, իրական դատարկ կտավում մասնագիտական ակրիլ ներկերով նկարում են համատեղ նկար` ինտուիտիվ գեղանկարչության մեթոդի օգնությամբ ձգտելով արտացոլել ներդաշնակությունը, բարին եւ սերը: Նկարելու ժամանակ օգտագործվում է «կախարդական փայտիկը», որն ամենքին դարձնում է իսկական գեղանկարիչ: Յուրաքանչյուր համատեղ նկարի ստեղծմանը մասնակցում է նաեւ հայտնի նկարիչներից մեկը, ով պատասխանատու է ստեղծագործելու ընթացքում մասնակիցներին օժանդակելու եւ գեղանկարն արհեստավարժ որակի հասցնելու համար: Համատեղ ջանքերով ստեղծված բոլոր նկարները վաճառվելու են աճուրդներում, իսկ գոյացած միջոցներն ուղղվելու են «Յուրաքանչյուր մանկանն` ընտանիք» ծրագիրը ֆինանսավորելու համար: Ծրագրի նպատակը 2015թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլոր գիշերօթիկ մանկատների եւ սոցիալական որբության երեւույթի վերացումն է:
Ժամանակակից աշխարհում որբությունը մարդկային հասարակության ներսում առկա հարաբերությունների էությանն առնչվող սոցիալական հիվանդություն է: Այսօր ծնողազուրկների 90%-ը սոցիալական որբեր են, այսինքն` երեխաներ, որոնցից ծնողները կա՛մ հրաժարվել են, կա՛մ զրկվել ծնողական իրավունքներից:
Փակ հաստատության ներսում երեխայի անձի ձեւավորման խնդիրը շարունակում է սուր մնալ: Որբ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները գտնվում են արտակարգ իրավիճակում: Ծնողական գուրգուրանքից եւ ուշադրությունից զուրկ երեխաների մեծամասնությունն ունի անամնեզի մեջ թաքնված հոգեկան տրավմա: Գիշերօթիկ հաստատություններում ապրող բոլոր երեխաները ստիպված են ընտելանալ սովորականից մեծաթիվ հասակակիցների: Սովորականից շատ երեխաների առկայությունն ստեղծում է բարդ հոգեբանական պայմաններ, որոնք նպաստում են զգացմունքային լարվածությանը, շարունակական մտահոգվածությանը եւ աճող ագրեսիային: Անգամ լավագույն մանկատները չեն կարողանում բավարար պայմաններ ստեղծել վերոնշյալ տրավմաների հաղթահարման համար, քանի որ տրավմակիր երեխային չեն առաջարկում վստահելի եւ կայուն աշխարհի մոդել: Իրավիճակը կարելի է բնութագրել որպես ինքնավերարտադրվող սոցիալական աղետ:
Կարեւոր է նշել, որ ծրագրով նախատեսվում է պահպանել մեծ փորձառություն ունեցող աշխատակիցների աշխատատեղերը:
Ներկայումս ԼՂՀ-ում գործում է ավելի քան 60 ծնողազուրկ երեխա հյուրընկալած երկու գիշերօթիկ դպրոց` Ստեփանակերտ եւ Բերձոր քաղաքներում: Շուշիում կառուցվում է նոր շենք, որտեղ ծրագրվում է տեղափոխել երկու գիշերօթիկների երեխաներին: Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի աշխատակիցներն իրենց սաների հետ ներկա են գտնվել Նկարչի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը` ողջունելով «Յուրաքանչյուր մանկանն` ընտանիք» ծրագրի նպատակները: Աշխատակիցների ասելով՝ նրանց սաների թվում քչերն են երկկողմանի որբեր. երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Կարեւոր է նշել, որ ծրագրով նախատեսվում է պահպանել մեծ փորձառություն ունեցող աշխատակիցների աշխատատեղերը: Նախկին գիշերօթիկները վերափոխվելու են կյանքի բարդ իրավիճակներում հայտնված երեխաների աջակցության կենտրոնների:
Թեեւ պետությունը զբաղվում է որբ երեխաների խնդիրներով, հասարակությունն այդ ուղղությամբ, ընդհանուր առմամբ, սահմանափակվում է բարեգործական միջոցառումներով, որոնք, ըստ էության, չեն լուծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական որբության խնդիրը: Այս խնդրի հանդեպ առկա է մոտեցումները փոխելու սուր անհրաժեշտություն: «Շփման գիծ» ակցիայի նպատակներից մեկը բոլոր ԶԼՄ-ների հետ համագործակցության հաստատումն է, տեղեկատվական վակուումի հաղթահարումը եւ խնդրի արդյունավետ լուծման համար հասարակական դիսկուրսի համար համապատասխան օրակարգի ձեւավորումը:
ԼՂՀ տարբեր քաղաքներում եւ գյուղերում ծրագրված է անցկացնել համատեղ նկարչության մի քանի միջոցառում: Ակցիային մասնակցում են մեծահասակներն ու մանուկները, ԼՂՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները, բոլոր մասնագիտությունների եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչները: Նախատեսում ենք միջոցառումներին մասնակից դարձնել նաեւ ԼՂՀ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց: Համատեղ նկարչությունն ազատազրկման պայմաններում ոչ միայն արվեստաթերապիայի ձեւն է, այլեւ կալանավորների վերասոցիալականացման միջոց` հասարակության մեջ նրանց` որպես լիարժեք եւ օգտակար անդամների վերադարձն ապահովելու սանդղակ:
Մենք բոլորս նկարիչ ենք ծնվել: Ստեղծագործելու ձիրքն ամենքին է տրված. երբեք ուշ չէ ինքնաբացահայտման եւ ինքնաճանաչման համար: «Շփման գիծ» ակցիան բացառիկ է եւ ուշագրավ, որովհետեւ միջոցառման յուրաքանչյուր մասնակից կարող է իր ներդրումն ունենալ ընդհանուր գործի մեջ, ինքն իրեն զգալ ոչ միայն նկարիչ, այլեւ պարզապես երջանիկ մարդ, ով ընդունակ է այս աշխարհում օգնել այլոց: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շատ երկրների համար օրինակ կդառնա ոչ միայն ժամանակակից աշխարհի հոգեւոր հիվանդություններից մեկի`սոցիալական որբության հաղթահարման, այլեւ քաղաքացիական հասարակության համախմբման եւ արդի խնդիրների լուծման նորարար մոտեցումների կիրառման առումով: