Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն, ամենայն հավանականությամբ, ճակատագրական հետևանքներ կունենան այն պարադիգմի համար, որով առայժմ առաջնորդվում է ՌԴ-ի ղեկավարությունը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ երկրի իշխանություն։ Սա հրատապ է դարձնում Հայաստանի արտաքին-քաղաքական ողջ օրակարգի և ընդհանուր առմամբ՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների համապատասխանեցումը նոր իրավիճակին, հատկապես՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման և հարևանների հետ փոխհարաբերությունների առումով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրած համատեղ հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է գտել Երևանում՝ ինչպես փորձագիտական շրջանակներում, այնպես էլ հանրության քաղաքականապես ակտիվ հատվածում։ Քննարկումների շրջանակը բավականին լայն է՝ երկրի շահերի «հանձնումից» մինչև դրանց «փրկում»։
Ակնհայտ է, որ Հայաստանում և արցախյան հակամարտության գոտում ռուսաստանյան ներկայությունը, հակամարտության լուծված չլինելու և դրա շուրջ անորոշության պայմաններում, ենթադրում է մեծ զգուշավորություն Երևանի կողմից, ինչպես նաև ռիսկերի կառավարմանը և հայկական դիվանագիտության համար մանևրելու դաշտի ընդլայնմանը միտված քայլեր։ Դրա համար, իհարկե, անհրաժեշտ է իրավիճակի համարժեք գնահատում, որը կբացառի ցանկացած կողմնակալություն։ Այս մասին են մեր նոր թողարկման հեղինակային հոդվածներն ու արտատպությունները։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն