Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
1994 թվականից ի վեր ստեփանակերտյան և երևանյան իշխանությունների քաղաքականության պատճառով 2020 թ․ երկրորդ արցախյան պատերազմը հայ ժողովուրդը վարում էր միջազգային մեկուսացման և ռազմական դաշնակիցների բացակայության պայմաններում։ Հայաստանի դեմ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կազմակերպած պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրել է անչափ կարևոր տարածքներ Արցախից և Սյունիքից։ Հաղթող երկրները հայտարարել են, թե արցախյան հարցը լուծված է․ Արցախին մերժվել է անգամ ԽՍՀՄ ժամանակներում ունեցած կարգավիճակը։ Խոսքը Մեծ Եղեռնի շարունակության և սեփական Հայրենիքում արցախահայության բնաջնջման սպառնալիքի մասին է՝ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կիրառած բիրտ մեթոդներով։
Ստեղծված իրավիճակում միակ տարբերիչ հանգամանքը Հայաստանի ներկայիս իշխանական վերնախավի՝ առաջարկվող լուծման նկատմամբ արտահայտած համաձայնությունն է։ Հայկական իշխանությունների վարքագիծն այլ ուժի կենտրոններին, օրինակ, ԱՄՆ-ին և Ֆրանսիային երկակի դրության մեջ է դնում՝ մեծապես սահմանափակելով մանևրելու նրանց հնարավորությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահներին, հաղթահարելով Ռուսաստանի և Թուրքիայի դիմադրությունը, հաջողվել է լոկ միջազգային ասպարեզ վերադարձնել արցախյան հիմնախնդիրը։ Տարածաշրջանում սեփական շահեր ունեցող և Ռուսաստանի ու Թուրքիայի հայեցողությանն արցախյան հիմնախնդրի լուծումը հանձնել չմտադրված ուժի կենտրոնների վարքագիծը, ինչպես նաև Արցախում Ռուսաստանի ներկայությունն արդարացնելու համար արցախահայության մի մասի տեղում գտնվելու անհրաժեշտությունը կարճատև ընդմիջում են ապահովել ստեղծված իրավիճակն ըմբռնելու համար։
Հայ ժողովրդին պատուհասած աղետի չափի գիտակցումը հարկավ հանգեցնում է նրա հետևանքների հաղթահարման համար մասնավոր լուծումների անհնարինության մասին եզրահանգման։ Հայ ժողովուրդն ու առաջին հերթին արցախահայությունը պետք է գիտակցեն, որ կանգնած են խորքային այնպիսի մարտահրավերների ու սպառնալիքների առջև, որոնց նկատմամբ արձագանքը պահանջում է Հայաստանի վարած պետական և հասարակական-քաղաքական ուղղության շրջադարձը։ Արցախահայությունը կրկին հայտնվել է ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առջև, որը, թվում էր, չեզոքացված էր 1992-1994 թթ. արցախյան առաջին պատերազմի արդյունքներով։ Գոյաբանական սպառնալիքի՝ որպես արդիական ու վերահաս իրողության վերադարձը պահանջում է ոչ թե քաղաքականության, այլ ինքնիշխանության եզրույթներով արձագանքի ձևավորում։ Արցախահայությունը կրկին կանգնած է այնպիսի սպառնալիքի առջև, որն առաջնահերթորեն պահանջում է ինքնիշխան լուծում, ինչի հիման վրա այնուհետև կձևավորվեն պետական և ռազմաքաղաքական լուծումներ։
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման շրջանակներում «Միացման» ինքնիշխան որոշման ընդունումը հանգեցրել է Արցախի Հանրապետության ստեղծմանը։ Երկրորդ հայկական պետության ստեղծումը դիտվում էր որպես միջանկյալ լուծում՝ Միացման ամբողջացման ճանապարհին։ Առաջին արցախյան պատերազմում տարած հաղթանակից հետո Արցախի կարգավիճակի հետ կապված որոշումների ընդունման կենտրոնը փոխադրվել է Երևան։ Հայաստանի Հանրապետության և Արցախի իշխանական վերնախավը որոշել են, որ քաղաքական կարգավորման հարցերը և միջազգային ասպարեզում արցախահայության կարգավիճակի ձևակերպումը փոխանցվում են Երևանին։
Սակայն Արցախում և Հայաստանի Հանրապետությունում հայկական իշխանական վերնախավն արցախյան հիմնախնդիրը վերածել է ուժի կենտրոնների հետ քաղաքական առևտրի առարկայի, որի շրջանակներում լուծվում էին իշխանության և անձնական հարստության կուտակման խնդիրներ։ Հայ ժողովրդի ինքնիշխանության խնդիրները, պետականակերտման հարցերը նենգափոխվել են իշխող վերնախավի քաղաքական, ապա և անձնակենտրոն շահերով, որոնք սերտորեն աղերսվում էին Հայաստանում կառավարման օլիգարխիկ համակարգի հաստատման հետ։ Իշխող վերնախավը և առաջին հերթին հայկական պետությունների բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է եղել բացառապես անձնական և ոչ թե հայ ժողովրդի ազգային շահերին, որն էլ վերջնարդյունքում հանգեցրել է 2020 թ․ պարտությանը։
Տվյալ քաղաքական ուղղության բնական շարունակությունը դարձել է Ստեփանակերտում և Երևանում գործող ներկայիս հայկական իշխանության՝ Արցախի վրա հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքների պաշտպանությունից հրաժարվելը։ Հայկական իշխանությունը հրաժարվել է հետխորհրդային շրջանում հայ ժողովրդի անցած ուղուց, որի վրա կառուցված էին երկու հայկական պետությունները և համաձայնվել է արցախահայության ֆիզիկական ոչնչացման և Հայրենիքից արտամղվելու անխուսափելիությանը։ Այսօր Երևանում և Ստեփանակերտում գործող հայկական իշխանությունները չեն ներկայացրել արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո իրենց վարքագծին վերաբերող բացատրություններ։ Խոսելով հաղթող երկրների կողմից շարունակաբար հնչող ռազմական սպառնալիքների մասին՝ հայկական իշխանությունն ամոթխածորեն խոսում է սոսկ «էթնիկական զտումների» սպառնալիքի մասին՝ համարձակություն չունենալով խոսելու Մեծ Եղեռնի շարունակության մասին։
Այսպիսով, հայկական իշխանության վարքագիծը հանգեցրել է կոշտ գոյաբանական սպառնալիքի ձևավորմանը, որն արցախահայությանը թողնում է սոսկ մեկ ելք՝ հերթական անգամ վերադառնալ Արցախի վրա արցախահայության ինքնիշխանության խնդրին։ Արցախահայությունը կանգնած է ինքնիշխան որոշման ընդունման անհրաժեշտության առջև, որի հիման վրա Ստեփանակերտում և Երևանում պետք է կառուցվի նոր հայկական քաղաքականությունը։ Ինքնիշխանության տեսանկյունից Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և վտանգներին ուղղված հայացքը հանգեցնում է անհապաղ լուծում պահանջող խնդիրների ձևակերպմանը։
Առաջին ու ամենաբարդ քայլն այն փաստի գիտակցումն է, որ Արցախի վրա հայ ժողովրդի ինքնիշխանության պահպանումը բացառապես կախված է միմիայն արցախահայության կամքից։ Արցախահայությունը պետք է իրեն վերադարձնի իր ապագան կանխորոշող ինքնիշխան լուծումների իրավունքը՝ հետ վերցնելով այն Երևանից և ուժի կենտրոններից։ Արցախի ապագայի համար պատասխանատվություն ստանձնող ինքնիշխանակիրն արցախահայությունն է։
Նաև պետք է հայտարարել, որ Արցախի վրա արցախահայության ինքնիշխանությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական ինքնիշխանության անօտարելի մասն է։ Արցախն ու արցախահայությունը մտադիր են ամբողջացնել 1988 թ․ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմամբ սկզբնավորված Միացումը, երբ տվյալ քայլին պատրաստ կլինեն Հայաստանի Հանրապետության հասարակությունն ու իշխանությունները։
Արցախահայությանն ինքնիշխան լուծումների իրավունքի վերադարձի մասին պետք է աներկբա հստակությամբ հայտարարել։ Այսպիսի հայտարարությունը պետք է նախ և առաջ հասցեագրվի արցախյան հասարակությանը, ապա և արտաքին աշխարհին։ Այսպիսի հայտարարությամբ հանդես գալու իրավունքն ունի Արցախի խորհրդարանը․ դա նաև իր պարտականությունն է։ Արցախի պետական ինքնիշխանությունը պահպանելու ինքնիշխան որոշման մասին հայտարարելու՝ խորհրդարանի անկարողության կամ չկամության դեպքում անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ։
Պետական ինքնիշխանությունը պաշտպանելու երկրորդ չափազանց կարևոր խնդիրն արցախյան հասարակության տոկունության բարձրացումն ու արտաքին ագրեսիայի և հաղթող երկրների կողմից Արցախի բռնազավթման դեմ դիմադրության կազմակերպումն է։ Խոսքը Պաշտպանության բանակի մարտունակության վերականգնման և Արցախի տարածքային պաշտպանության համակարգի (Աշխարհազորի)՝ որպես Հայաստանի պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգի տարրերի ձևավորման մասին է։ Արցախի պաշտպանության և անվտանգության համակարգի վերականգնումն ու արդյունավետության բարձրացումը կենսականորեն կարևոր են Արցախի պետական ինքնիշխանության պահպանման ու վերականգնման համար։
Ներկայիս իշխանությունների՝ Արցախի պաշտպանության իրենց սահմանադրական պարտականությունները պատշաճ կերպով կատարելուց հրաժարվելու պարագայում, նախքան ընտրությունների անցկացումն ու նոր օրինավոր/լեգիտիմ օրենսդիր ու գործադիր իշխանությունների ընտրությունը, դիմադրության կազմակերպումը և պաշտպանության ու անվտանգության համապարփակ համակարգի ծավալումը պետք է ստանձնեն տեղական ինքնակառավարման մարմինները։
Բոլոր մնացյալ՝ սոցիալ-տնտեսական ու մարդասիրական բնույթի հարցերն ու խնդիրները տվյալ փուլում պետք է երկրորդական ճանաչել։ Արցախահայությունը պետք է ապահովի Արցախի պաշտպանությունը և իրեն վերադարձնի ինքնիշխան որոշումներ ընդունելու իրավունքը՝ խլելով այն արտաքին ակտորներից, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններից։ Ոչ մի խաղաղապահական նախաձեռնություն ունակ չէ ապահովելու արցախահայության և հայ ժողովրդի պաշտպանությունը լայնածավալ արտաքին ագրեսիայի դեպքում։ Խաղաղությանը ձգտելու և հավատարիմ լինելու մասին հայտարարությունները ռազմական ճնշման և ուժի կիրառման շարունակվող սպառնալիքների պայմաններում հիմնազուրկ են և իրականությունից կտրված, իրականություն, որում շարունակում է գործել ինքնիշխանության խնդիրների ռազմական լուծման տրամաբանությունը։
Այսպիսով, անհրաժեշտ է խոսել ճգնաժամային իրավիճակի և գոյաբանական մարտահրավերների պայմաններում ինքնիշխան լուծման անհրաժեշտության մասին, երբ առկա է Արցախի տարածքում արցախահայության կենաց-մահու հարցը։ Այսպիսի լուծումն իր էությամբ հենվում է բացառապես ինքնիշխանակրի՝ արցախահայության կամքի վրա․ այն չի կարող ու չպետք է պարունակի ուղերձ արտաքին ուժի կենտրոններին։
Արդյո՞ք արցախահայությունն ունի ինքնիշխան լուծման իրավունքի մասին հերթական անգամ հայտարարելու կամք։ Դրական պատասխանն ու այդպիսի որոշման ընդունումն արցախահայությանը կվերադարձնի իր Հայրենիքում ապրելու իրավունքն ու հնարավորությունը․ Արցախը կրկին կդառնա ակտոր, որի ձայնը լսելի և ուշադրության արժանի կլինի ուժի կենտրոնների և միջազգային հանրության համար։
Արցախահայությունն ունի Միացման շավղով ընթանալու փորձ, որի ժամանակ ընդունվում էին Արցախի պետական ու քաղաքական ապագան ձևակերպող ինքնիշխան որոշումներ։ Արդյո՞ք արցախցիների նոր սերունդն օժտված է այդպիսի կամքով, արդյո՞ք նա ի վիճակի է վերահաստատել ինքնիշխանության կրող լինելու իր իրավունքը։ Սա այն միակ հարցն է, որն իրավասու է հնչել ստեղծված իրավիճակում։