Արմինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
2022 թ. ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան: Այցը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որի շրջանակներում կողմերի միջև ստորագրվեցին սոցիալ-աշխատանքային, էներգետիկ, մշակույթի, տեղեկատվական անվտանգության ապահովման և մի շարք այլ ոլորտներին վերաբերող համագործակցային փաստաթղթղեր: Միևնույն ժամանակ, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերից հանրության շրջանում առավել լայն արձագանք գտավ երկու երկրների ղեկավարների միջև ստորագրված համատեղ հայտարարությունը, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով: Առաջին՝ համատեղ հայտարարությունը ստորագրվել է ուկրաինական ճգնաժամի պայմաններում, երբ հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված մակարդակի վրա: Երկրորդ՝ մինչ Մոսկվա մեկնելը վարչապետ Փաշինյանը մասնակցել էր Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը, որի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել էր սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ:
Հայ-ռուսական համատեղ հայտարարության 24-րդ կետը վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակին: Կողմերը համակարծիք են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների ընթացքում շարունակել կառուցողական աշխատանքը, հետևողականորեն իրականացնել 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններն՝ «ի շահ տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման»: Բանն այն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բրյուսելը տեսանելի ակտիվություն է դրսևորում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ու Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ: Նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման առումով ռուսական կողմը, գոնե հրապարակային, արտահայտեց դրական դիրքորոշում՝ ըստ էության այն դիտարկելով որպես ռուսական միջնորդական ջանքերի շարունակություն: Մինչդեռ, բրյուսելյան հարթակում եռակողմ երկրորդ տետ-ա-տետ հանդիպումը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 6-ին, ուկրաինական ճգնաժամի պայմաններում, երբ փաստացի խզվել է հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև փոխգործակցությունը, այդ թվում նաև՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: Այս համատեքստը չի կարող չանհանգստացնել ռուսական կողմին, որը տարածաշրջանը դիտարկում է որպես իր «օրինական» շահերի տիրույթ և այս անգամ արդեն Ռուսաստա՛նը շտապեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԵՄ իրականացվող ջանքերը որակել որպես Ռուսաստանի միջնորդական առաքելության ձեռքբերումներն ու պայմանավորվածությունները յուրացնելու փորձ: Այս համատեքստում հատկանշական է, որ հայ-ռուսական համատեղ հայտարարության տեքստում բացակայում է որևէ հղում բրյուսելյան հարթակում արձանագրված առաջընթացի վերաբերյալ, ինչը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Ռուսաստանի հաստատակամությունը՝ որևէ դեպքում չզիջել իր զբաղեցրած առաջատար դիրքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Համատեղ հայտարարությունն ընգծում է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում, ինչպես նաև՝ «քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պահանջվածությունը»: Այս համատեքստում փաստաթուղթը հաստատում է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»: Մի կողմից՝ տպավորություն է, որ վերոնշյալ ձևակերպումը ազդարարում է Ռուսաստանի հետքայլը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը վիճարկող դիրքորոշումից: Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ֆրանսիական և ամերիկյան կողմերին հրապարակավ մեղադրեց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը տապալելու մեջ, քանի որ պաշտոնական Փարիզն ու Բրյուսելը հրաժարվում են ռուսական կողմի հետ աշխատելուց: Մյուս կողմից՝ ակներև է, որ «իր միջազգային մանդատին համապատասխան» ձևակերպումը միտված է սահմանափակելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հնարավոր դերակատարությունը Արցախյան հիմնահարցի շրջանակից դուրս: Այլ կերպ ասած, մեր ռազմավարական դաշնակիցն անթաքույց ակնարկում է, որ եթե Հայաստանը և Արևմուտքը շահագրգռված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի պահպանմամբ՝ ապա այն իր մանդատի համապատասխան պետք է զբաղվի միայն ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներով, այն էլ՝ ռուսական կողմի հետ համագործակցությամբ: Չէ՞ որ, համատեղ հայտարարությունն ընդգծում է ռուսաստանյան խաղաղապահների որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում:
Ավելին՝ եթե Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին շրջանցելով միջնորդական առաքելություն իրականացնել Արցախյան հիմնահարցի շրջանակից դուրս, այն է՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացներում, ապա անխուսափելիորեն բախվելու է փակուղու, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին առնչվող բոլոր կետերն այս կամ այն կերպ սերում են կամ կարող են խաչվել Արցախյան հիմնահարցի հետ: Հետևաբար, Հայաստանը հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ մի կողմից՝ անհրաժեշտ է հնարավորինս միջազգայնացնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգային խնդիրների լուծման գործընթացը՝ երաշխավորելու համար Ադրբեջանի ուժի կամ ուժի սպառնալիքի գործելաոճից հրաժարվելը, մյուս կողմից՝ դեռևս չի նշմարվում ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը ազդարարող որևէ շոշափելի գործընթաց: Այս պայմաններում հայկական կողմից պահանջվում է բանեցնել չափազանց ճկուն դիվանագիտություն:
Համատեղ հայտարարության հաջորդ ուշագրավ ձևակերպումը վերաբերում է կողմերի մտահոգությանը՝ մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Հատկանշական է, որ սույն ձևակերպումը հանրության լայն շրջանակներն ասոցացնում են Ռուսատանի դեմ արևմտյան պատժամիջոցները Հայաստանի կողմից դատապարտելու հետ: Մինչդեռ, փաստաթղթում առհասարակ բացակայում է պատժամիջոցների մասին որևէ հիշատակում և ավելին՝ Հայաստանն ինքը միջազգային հարաբերություններում մշտապես առաջ է բերել միակողմանի սահմանափակումների անթույլատրելիության թեզը՝ պայմանավորված Թուրքիայի կողմից հայ-թուրքական միջպետական սահմանը միակողմանի փակելու հետ: Միևնույն ժամանակ, աներկբա է, որ առնվազն Ադրբեջանը կփորձի այս դրույթն աշխատեցնել Հայաստանի դեմ՝ արևմտյան աշխարհում հակահայկական տրամադրություններ գեներացնելու և արմատավորելու նպատակով: Հետևաբար, առանցքային նշանակություն ունի, միջպետական փոխգործակցությունից զատ, հայաստանյան և Սփյուռքի մասնագիտացված հասարակական կառույցների կողմից միջազգային առաջատար ուղեղային կենտրոնների հետ գրագետ աշխատելու հրամայականը՝ մեր արևմտյան գործընկերներին լսելի դարձնելու Հայաստանի իրական մղումներն ու դիրքորոշումները:
Համատեղ հայտարարությունն ընդգծում է նաև տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությանը: Կողմերը մտահոգություն են հայտնել «հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ»: Սույն դրույթը նույնպես չվրիպեց հայաստանյան հասարակության ուշադրությունից, քանի որ ուկրաինական ճգնաժամն ի ցույց է դնում կիբեռմիջավայրում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված վնասաբեր կիբեռգործողությունների ակտիվացման միտումները և կիբեռանվտանգության քաղաքականությունների բաժանարար ազդեցությունը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ ՀԱՊԿ շրջանակներում առկա է տեղեկատվական անվտանգության ապահովմանը միտված փաստաթղթերի լայն շրջանակ, որտեղ, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական և հեռահաղորդակցային տիրույթում հակաիրավական գործողությունների հակազդմանը միտված միջոցառումների համակարգում: Հետևաբար, սույն ոլորտում երկկողմ համագործակցության խթանման օրակարգը ամենևին էլ նոր չէ, այլ ամբողջովին տեղավորվում է ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված մեր պարտավորությունների շրջանակներում:
Ամփոփելով վերոգրյալ դիտարկումներն՝ անհրաժեշտ է ընդգծել, որ ս.թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ընդունված հայ-ռուսական համատեղ հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան Հայաստան-Ռուսաստան քաղաքական առկա օրակարգերի ամրագրում, ինչն ի ցույց է դնում կողմերի հանձնառությունը շարունակել համագործակցությունը միջպետական օրակարգերի բոլոր ուղղություններով: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ հետզհետե ավելի տեսանելի է դառնում միջազգային քաղաքական արդի օրակարգերում Հայաստանի և Ռուսաստանի շահերի անհամատեղելիությունը, ինչը դժվարացնելու է դիվերսիֆիկացրած արտաքին քաղաքականություն վարելու Հայաստանի կարողություններն ու հնարավորությունները: Թերևս, ի թիվս այլոց, այս ամենի հստակ գիտակցումն է, որ պետք է հիմք հանդիսանա ներքաղաքական կայունության և համահայկական կոնսոլիդացիայի համար, ինչն, ավաղ, չի նշմարվում անգամ հեռավոր ապագայի կտրվածքով: