Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ
Երևան
Բրյուսելյան երկրորդ եռակողմ հանդիպումն իր էությամբ աշխատանքային էր, այն չէր էլ հավակնում լինել դարակազմիկ փոփոխությունների հանգրվան։ Ընդհանրապես, Հայաստանի իրավիճակում այդպիսի հանգրվանները և դրանց հույսերն ավելի շատ պարունակում են վտանգավոր տարրեր, քան հնարավորություններ։ Հայաստանի հաջողության ճանապարհը քրտնաջան դիվանագիտական աշխատանքի ճանապարհն է, որի ընթացքում երկիրը, որպես պատերազմում պարտված կողմ, պետք է բավականին համեստ սպասելիքներ ունենա։ Դիվանագիտական գործընթացը չի կարող վերականգնել այն, ինչը Հայաստանը կորցրել է մարտի դաշտում, և առավելագույնը, ինչ կարող է անել դիվանագիտությունը, դա եղածը հնարավոր սահմաններում պահպանելն է։
Բրյուսելյան ձևաչափի էությունը ճիշտ գնահատելու համար հարկավոր է արձանագրել, թե ինչ աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում է այն ձևավորվել։ Ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ խորանում է նաև ճգնաժամն Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում։ Սա իր հերթին հավասարապես մեծացնում է ճգնաժամը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ 44-օրյա պատերազմից հետո արդեն իսկ կար որոշակի անորոշություն՝ կապված ձևաչափի ապագայի հետ, սակայն մեծ տերությունները դեռ վերջնական որոշում չունեին։ Ուկրաինական ճգնաժամի խորացումը բերեց մեծ տերությունների միջև առճակատման նաև ՄԽ համանախագահության ձևաչափի ներսում, ինչը կաթվածահար արեց ձևաչափի աշխատանքները։ Արդյունքում Մինսկի խմբի համանախագահությունը իր տեղը զիջել էր այլ մոնոպոլիստ ձևաչափի՝ եռյակի, որն իրականում բովանդակային առումով քառյակ է՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան և չորրորդը՝ Թուրքիան, որը ֆիզիկապես ներկա չի լինում բանակցություններին, սակայն ամբողջապես ներկա է բանակցային գործընթացում։
Սակայն, բրյուսելյան յուրաքանչյուր հանդիպմանը զուգընթաց իրավիճակը սկսեց փոխվել։ Արդեն կարելի է խոսել եռյակ (քառյակ) ձևաչափին զուգահեռ գոյություն ունեցող Բրյուսելյան ձևաչափի մասին, թեպետ ազդեցության, դաշտային պայմաններում ներկայացվածության, իրավիճակի վերահսկողության կարողությունների առումով, անշուշտ, դեռ երկրորդող բնույթով։
ԵՄ-ի առաջանցիկ դերն այս ձևաչափում մի կողմից ԵՄ կենտրոնական մարմինների պատասխանն է ԵՄ շուրջ արագորեն փոփոխվող անվտանգային միջավայրին, ինչպես նաև կառույցում գնալով առավել քաղաքական դարձող օրակարգերի ցուցիչն է, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է ժամանակակից բևեռացված աշխարհում Մոսկովյան ձևաչափին ի սկզբանե հակադիր ձևաչափի տրամաբանությունից խուսափելու։ Երբ նոր ձևաչափը չի առաջնորդում ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, այլ՝ դեռևս առավելապես տնտեսական ինտեգրացիոն կառույց, դա, հնարավոր է, նվազ հակազդեցության արժանանա Ռուսաստանի և Թուրքիայի կողմից։
Բրյուսելյան ձևաչափը պատկերելիս կարևոր է արձանագրել նաև ԱՄՆ աջակցությունն այդ գործընթացին։ Հանդիպման նախօրյակին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։ Տարածված հաղորդագրություններից պարզ էր դառնում, որ Միացյալ Նահանգները սատարում է ԵՄ՝ հակամարտության վերջնական ու երկարաժամկետ կարգավորմանն ուղված ջանքերին ու խրախուսում կողմերին ակտիվորեն օգտագործելու այդ հարթակը։ ԱՄՆ-ի աջակցության մեկ այլ ցուցիչ է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ապրիլի 12-ին, «Արմենպրես» լրատվական գործակալությանը տրված, գրեթե նույնաբովանդակ մեկնաբանությունը, որում Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում «համախոհների» հետ միասին աշխատանքով նպաստել հիմնահարցի ամբողջական լուծմանը։ Այսպիսով, Միացյալ Նահանգները առաջնորդությունը զիջելով Եվրոպացի գործընկերներին, կամ, ինչպես Նահանգներում են ասում, «համախոհներին», միևնույն ժամանակ ներկա է բանակցություններին ու դրանց ակտիվ կողմերից է հանդիսանում։
Ինչ վերաբերում է Մոսկովյան եռյակ (քառյակ) ձևաչափին, այստեղ նույնպես հետաքրքիր տեղաշարժեր կան։ Ուկրաինական ճգնաժամն իր հետ բերում է մեր տարածաշրջանի հիմնական ուժային դերակատարի՝ Ռուսաստանի պատմության նոր փուլ։ Ռուսաստանն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին առաջ էր, Եվրոպայում իջնելու է նոր երկաթյա վարագույր, և դա այլևս հստակ է։ Ռուսաստանը հակամարտությունից լավագույն դեպքում դուրս է գալու մեկուսացված և թուլացած, իսկ վատագույն դեպքում ճանապարհ է բռնելու դեպի կազմաքանդում։ Այս իրավիճակն իր մեջ պարունակում է ինչպես մարտահրավերներ, այնպես էլ՝ հնարավորություններ։
Մարտահրավերներից կարևոր են երկուսը․ առաջինն այն է, որ մեկուսացված Ռուսաստանը կարող է փորձ անել Հայաստանը ներգրավել իր գերխորացված ինտեգրացիոն գործընթացների մեջ ու ներքաշել երկաթյա վարագույրից ներս՝ իր հետ միասին տանելով «մեկուսարան»։ Ավելորդ չէ մանրամասնել, թե սա ինչ ճանապարհ է Հայաստանի համար։ Սա քաղաքակրթական, տնտեսական, տեխնիկական, գիտական, ժողովրդավարական դեկադանսի ճանապարհն է, շատ ավելի մեծ տեմպերով, քան անգամ խորհրդային անցյալում։ Խորհրդային պետությունը, շեղված լինելով մարդկության բնականանոն զարգացման ընդհանուր երթից ու մեկուսացված լինելով մնացյալ քաղաքակիրթ մարդկությունից, առնվազն ուներ իր ճանապարհը սպասարկող գաղափարական հենք։ Այժմյան Ռուսաստանը փորձում է անել նույն բանը՝ չունենալով անգամ դա։
Երկրորդ կարևոր մարտահրավերը, Ռուսաստանի կազմաքանդման պարագայում, տարածաշրջանում ստեղծվող անվտանգային վակուումն է։ Չափազանց արագ ստեղծվող անվտանգային վակուումը հնարավորություն չի թողնի լուծելու նոր անվտանգային երաշխիքների ստեղծման խնդիրը հընթացս։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հակամարտային տրամաբանության առկայության պարագայում դա տեսականորեն հղի է աղետալի հետևանքներով։
Երկու սպառնալիքների հաղթահարման ամենաիրատեսական տարբերակը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը գնալն է։ Երկու երկրների հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն միաժամանակյա ու համաչափ սկզբունքով։ Բրյուսելյան եռակողմ բանակցություններն այս առումով կարևոր տեղաշարժ արձնագրեցին վերջերս տեղում կանգնած բանակցային գործընթացներում։
Ամենակոնկրետ ու կարևոր ձեռքբերումը պայմանավորվածությունն է՝ մինչև ապրիլի ավարտ ստեղծել սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողով։ Սահմանազատումը, իսկ հետո նաև սահմանագծումը, իրավական տեսանկյունից անհամեմատ ավելի խնդրահարույց կդարձնեն Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հնարավոր խախտումներն ու դրանց երկայնքով իրականացվող սադրանքները։ Մինչ այս պահը Ադրբեջանը ՀՀ պետական սահմանների նկատմամբ ոտնձգություններ կատարելիս դրանք արդարացրել է սահմանային անճշտություններով և վեճերով։ Բայց, եթե մինչև միլիմետր հստակեցվում է սահմանը, հայտնի չափով նվազում են նաև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա առկա ճնշումներն ու սպառնալիքները։ Համաձայն պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում նախատեսվում է ներգրավել եվրոպացի մասնագետների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ առաջատար փորձը։
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում եվրոպացի մասնագետների ներգրավումը հույս է արթնացնում, որ գործընթացը կլինի իրավական, այլ ոչ թե քաղաքական։ Քաղաքական գործընթացն, ըստ էության, երաշխավորված էր, եթե այն իրականացվեր միայն ռուս մասնագետների ներգրավմամբ։ Քաղաքական հիմքով սահմանազատումն ունի անկանխատեսելի հետևանքեր, իսկ իրավական հիմքով սահմանազատումը՝ առնվազն կանխատեսելի է ու հիմնված է օբյեկտիվ չափորոշիչների վրա։ Հանձնաժողովի մանդատի համաձայն՝ այն պետք է «սահմանի երկայնքով և մերձակայքում կայուն ու անվտանգ իրավիճակ» ապահովի։ Եթե հանձնաժողովին հաջողվի գոնե այս առաջնային խնդրի լուծումը՝ գործընթացի հետագա զարգացման համար բավականին իրատեսական հնարավորություններ կբացվեն։ Այստեղ արդեն դրական ազդակ էր ապիլի 11-ին տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը, որն իրականացնում էր Բրյուսելում առաջին դեմքերի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության սպասարկումը։
Այսպիսով, սահմանազատման աշխատանքների մեկնարկը հնարավոր է սահմանափակի լարման օջախների աշխարհագրությունը, սակայն, բնականաբար, չի վերացնի դրանք ընդհանրապես։ Դա է պատճառը, որ խոսքը գնում է առաջ քայլի, այլ ոչ՝ շրջադարձի մասին։ Դա է պատճառը, որ բրյուսելյան հանդիպումը փոքր, բայց, այնուամենայնիվ, ձեռքբերում էր։ Հանդիպումը չի լուծել ու չէր էլ կարող լուծել բոլոր խնդիրները, բայց նույնիսկ մեկ խնդրի անգամ մասնակի լուծումը նույնպես ձեռքբերում է։
Այսպիսով, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարումը և Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզումն առաջացրել են միմյանց զուգահեռ երկու գործընթացներ։ Դրանք, զուգահեռ լինելով հանդերձ, միմյանց նկատմամբ դեռևս հակադրվող չեն, սակայն դրանց միջև նաև համատեղ աշխատանքի ճանապարհ այս պահին չկա։ Այս իրավիճակն ունի ինչպես մեծագույն մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ։ Հայաստանի կառավարությունը բավականին քիչ ժամանակ ունի կողմնորոշվելու համար այս իրավիճակում, քանի որ իրողություններն ամեն օր փոխվում են, և այն, ինչ դեռ հնարավոր էր այսօր, կարող է անհնար լինել վաղը։ Մի բան ակնհայտ․ անհրաժեշտ է բոլոր ձևաչափերում աշխատել, աշխատել քրտնաջան, փորձել ստանալ առավելագույնը ու պահպանել առավելագույնը։ Անհրաժեշտ է գործել, միևնույն ժամանակ՝ սպասելիքներում լինել հնարավորինս զուսպ ու չկտրվել իրականությունից։