Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Վրաստանի իշխանություններն աչքի են ընկել պաշտոնական Կիևի համար խնդրահարույց մի շարք գործողություններով ու հայտարարություններով՝ հակառակ տարիներ շարունակ Թբիլիսիից հնչող հակառուսական հռետորաբանությանն ու կեցվածքին։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության այս թեժ փուլում վրացական իշխանությունների դիրքորոշումն ու գործողությունները, որոնք Կիևի հետ հարաբերությունների վատթարացման պատճառ են դարձել։
Պաշտոնական առաջին արձագանքներ, բազմամարդ հանրահավաքներ
Փետրվարի 24-ի լուսաբացին Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ առաջին արձագանքներում վրացական կողմը աջակցում էր Կիևին՝ ընդդեմ Մոսկվայի։ Ուկրաինային զորակցող առաջին հայտարարությունները բարձրագույն իշխանություններից հնչեցին երկրի նախագահի ու խորհրդարանի խոսնակի կողմից, դրանց հաջորդեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի թվիթերյան միկրոբլոգում արված գրառումը, որում նա նշում էր, թե իրենք Ուկրաինայի կողքին են։
«Մենք Ուկրաինայի հետ ենք: Ինքնիշխան երկրի վրա ռազմական հարձակումն անընդունելի է: Կոչ ենք անում միջազգային հանրությանը կիրառել բոլոր հնարավոր միջոցները Ռուսաստանի կողմից միջազգային կարգի բացահայտ խախտումը դադարեցնելու և ռազմական հետագա էսկալացիայից խուսափելու համար»,- գրել էր Ղարիբաշվիլին:
Փետրվարի 24-ից ի վեր, ինչպես աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այնպես էլ Թբիլիսիի կենտրոնական հրապարակներում ու փողոցներում մեկնարկեցին բազմամարդ հանրահավաքներ, քաղաքացիական տարաբնույթ ակցիաներ՝ ի աջակցություն Ուկրաինայի և ընդդեմ Ռուսաստանի։ Հանրահավաքներից մեկի ժամանակ անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմեց փողոց դուրս եկած հազարավոր վրացիներին։
Թբիլիսիի գործողությունները ստիպեցին Կիևին հետ կանչել իր դեսպանին
Ուկրաինայում ռազմական գործողությունների հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին, իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը տապալեց ընդդիմության՝ Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը․ օրենսդիր մարմնի ղեկավար Շալվա Պապուաշվիլին պատճառաբանեց, որ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության պահանջը ոչ թե Ուկրաինային աջակցելն է, այլ այդ իրադարձությունները ներքաղաքական նպատակներով շահարկելը։ Ավելի ուշ, իշխող մեծամասնությունը մերժեց ընդդիմության ևս մեկ՝ Վրաստանի խորհրդարանում Ուկրաինայի նախագահի ելույթը կազմակերպելու նախաձեռնությունը՝ պատճառաբանելով, որ դա խորհրդարանական ընդդիմության իրավասության տիրույթում չէ։
Այս միջադեպերին հաջորդեց երկրի ղեկավար Ղարիբաշվիլիի սկանդալային հայտարարությունը, որը բացահայտեց պաշտոնական Թբիլիսիի իրական դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլում։ Վրաստանի վարչապետը նշում էր, որ իր երկիրը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։
«Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր քաղաքացիներին։ Ուստի՝ որպես երկրի ժողովրդի համար պատասխանատու կառավարության ղեկավար՝ առաջնորդվելու եմ միայն երկրի ազգային շահերով»,- ասել էր Ղարիբաշվիլին։
Այս հայտարարությանը հաջորդեց Ուկրաինայի նախագահ Զելենսկու թվիթերյան գրառումը, որում նա, շնորհակալություն հայտնելով վրաց հանրությանը աջակցության համար, ակնարկել էր վրացական կառավարության անսկզբունքայնության մասին։
«Անհավանական վրացի մարդիկ, որոնք հասկանում են, որ ընկերներին պետք է աջակցել։ ․․․ Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները թեև կառավարություն չեն, սակայն կառավարությունից ավելի լավն են»,- թվիթերյան իր էջում գրել էր Զելենսկին։
Ավելի ուշ, վրացական իշխանությունները արգելեցին մոտ 60 վրացի կամավորականներից բաղկացած ջոկատի մեկնումը Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Այս միջադեպն է՛լ ավելի սրեց Թբիլիսիի ու Կիևի միջև լարվածությունը, և Ուկրաինայի նախագահը հետ կանչեց Վրաստանում իր դեսպանին։
Կիևի ուշադրությունից չվրիպեց նաև թեժ ռազմական գործողությունների օրերին Թբիլիսիի ու Մոսկվայի միջև ձեռք բերված՝ վրացական կաթնամթերքը ՌԴ արտահանելու արգելքը վերացնելու մասին պայմանավորվածությունը։ Պաշտոնական Կիևը, անընդունելի համարելով այդ քայլը, Թբիլիսիին հիշեցրեց 2008 թվականին Վրաստան ռուսական ներխուժման մասին։
«Ռուսական ընկերությունների հետ գործակցությունը Ռուսաստանին լրացուցիչ ռեսուրսներ է տալիս Ուկրաինայի դեմ դաժան պատերազմը շարունակելու համար։ Վրաստանը քաջ գիտակցում է պատերազմի սարսափը, որի միջով այժմ անցնում են ուկրաինացիները։ Թվում է՝ Վրաստանի կառավարությունը մոռացել է 2008 թվականը և այժմ փորձում է պահն օգտագործել սեփական շահերի համար»,- նշվում էր հայտարարության մեջ։
Ռազմական գործողությունների պայմաններում վրաց-ուկրաինական լարված հարաբերություններում սկանդալներն այսքանով չսահմանափակվեցին․ ապրիլի 4-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրեց Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու մեջ:
«Միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ռազմական, երկակի նշանակության և քաղաքացիական ապրանքների մեծ տեսականի մատակարարելու հնարավորությունը։ Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում էր ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Վրացական կողմն անմիջապես հերքեց այդ մեղադրանքները․ հերքող հաղորդագրություններ տարածեցին երկրի ֆինանսների նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, արտգործնախարարությունը՝ պահանջելով ուկրաինական կողմից կոնկրետ ապացույցներ ներկայացնել։ Իսկ երկրի վարչապետն աբսուրդ որակեց այդ մեղադրանքը՝ պնդելով, որ Վրաստանը «երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել պատժամիջոցային բեռների տեղափոխման համար»:
Հրվ․ Օսիայի՝ ՌԴ կազմ մտնելու ցանկությունն ու Վրաստանի չեզոքությունը
Մարտի 30-ին, Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին, ուշագրավ մի իրադարձություն տեղի ունեցավ․ չճանաչված Հարավային Օսիայի հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարեց, որ երկիրը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար։ Ռուսաստանը Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել էր 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո։
Հարավային Օսիայում ՌԴ-ին միանալու շուրջ հանրաքվեի անցկացման լուրերին արձագանքեց նաև Վրաստանի ԱԳՆ-ն՝ անընդունելի անվանելով դա։
«Իհարկե, հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունն անընդունելի է այն պայմաններում, երբ Վրաստանի տարածքն օկուպացված է։ Այդ օկուպացումը ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական ունի»,- հայտարարեց այդ ժամանակ դեռ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Զալկալիանին։
Վրաստանի փորձագիտական շրջանակները Հրվ․ Օսիայի՝ ՌԴ կազմ մտնելու նախաձեռնությունը դիտարկում են որպես «սպառնալիք» ու «ճնշում» Մոսկվայի կողմից ընդդեմ Վրաստանի, որոնցով երկրին պարտադրվում է առնվազն չեզոքություն պահպանել ռուս-ուկրաինական հակամարտության և արևմտյան ռազմաքաղաքական ինտեգրացիոն նախագծերի հանդեպ։ Այս առումով ուշագրավ էր Վրաստանի ղեկավարի հայտարարությունը երկրում խաղաղություն ու կայունություն պահպանելու անհրաժեշտության ու երկրորդ ճակատ չբացելու մասին։
«Վրաստանում երկրորդ ճակատ (ընդդեմ ՌԴ–ի,-խմբ) չի լինելու, և կառավարությունը շարունակելու է պաշտպանել պետությանն ու քաղաքացիներին»,- հայտարարել էր Ղարիբաշվիլին։
Նախագահի ու գործադիրի հակասությունները՝ պատերազմի շուրջ
Ռուս-ուկրաինական պատերազմը հակասություններ է առաջացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև․ Զուրաբիշվիլին քննադատել է երկրի խորհրդարանականներին ու գործադիր իշխանություններին՝ Ուկրաինային հավուր պատշաճի չաջակցելու համար։
Նախագահի ու մյուս ինստիտուտների միջև լարվածությունն իր գագաթնակետին հասավ մարտի 14-ին խորհրդարանում Զուրաբիշվիլիի ամենամյա հաշվետվության ներկայացումից հետո․ այդ ելույթում Զուրաբիշվիլին ասել էր, որ վրաց հասարակությունը օրենսդիրներից «շատ ավելի սթափ է, գիտակից, համարձակ ու ամենակարևորը՝ համախմբված», հավելելով, որ Վրաստանը «կանգնել է և կանգնած է Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին»։
Հենց նույն օրը իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց, որ կառավարությունը նախագահի հարցով սահմանադրական դատարան է դիմելու՝ պատճառաբանելով, որ նախագահը խախտում է սահմանադրությունը, ուստի՝ իրենք որոշել են Զուրաբիշվիլիին «ծանոթացնել սահմանադրական մարմինների գործառույթներին և իրավասություններին»:
Ուշագրավ է նաև այն, որ վրացական կառավարությունը հավանություն չի տվել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ օրակարգով Զուրաբիշվիլիի եվրոպական այցերին։ Կառավարության ղեկավար Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վերջինս մոլորության մեջ է, և հավելել, որ «երբ տարածաշրջանը նման բարդ իրավիճակում է հայտնվել, Վրաստանի նախագահը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պետք է լինի երկրում»։
Նանե Մանասյան