Հաջակցություն ժողովրդավարության՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ պատմության մեջ առաջին Գագաթնաժողովը, աշխարհի երկրների մոտ կեսի առաջնորդների առցանց մասնակցությամբ, դարձավ միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգում արդեն իսկ նախանշված թրենդի տրամաբանական շարունակությունը։ Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը դրանով իսկ նաև ամփոփեց իր կառավարման առաջին տարվա արտաքին-քաղաքական արդյունքները։ Դա համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ 1945-ից և 1991-ից հետո ձևավորված հին աշխարհակարգն արդեն գործում է ավելի շատ իներցիայով, քան իր գործառնական ունակության շնորհիվ, և, ըստ այդմ էլ, պահանջում է ու դեռ կպահանջի կոնկրետ գործողություններ տեսանելի ապագայում՝ այսպես ասած «ձեռքի ռեժիմով», մինչև փոքրիշատե կհաստատվի նորը։ Ինչպիսի՞ն է այն լինելու, և ինչպե՞ս է այն անդրադառնալու մեր երկրի՝ Հայաստանի վրա։
Միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այդ ապագա աշխարհակարգը տեսնում է առաջին հերթին և բացառապես որպես ազատ, ժողովրդավար երկրների ընկերակցություն, որը միտված է զարգացման ու համագործակցության, և ամենևին էլ փաստ չէ, որ նման նպատակամիտվածությունը դուր է գալիս բոլորին, առաջին հերթին՝ այն երկրներին, որոնք ավտորիտար են համարվում։ Երկու «աշխարհների» միջև սպասվող մրցակցային պայքարը կատաղի է լինելու, իսկ Գագաթնաժողովն էլ փաստացի ջրբաժան է անցկացրել այդ «աշխարհների» միջև։ Միանգամայն ակնհայտ է նաև այն, որ Հայաստանն ու հարևան Վրաստանը, որոնք շրջապատված են զորությամբ իրենց քանիցս գերազանցող ավտորիտար հարևաններով, բախվելու են և արդեն իսկ բախվում են գոյաբանական բնույթի մարտահրավերների, և սա ամենևին էլ չափազանցություն չէ։
Անցկացված Գագաթնաժողովի (Հայաստանը դրան մասնակցել է ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի) արդյունքների, միջոցառմանն ուղեկից ընդհանուր համապատկերի, մարտահրավերների ու բացվող հնարավորությունների, այս համատեքստում ուրվագծվող առաջնայնությունների մասին է մեր հերթական թողարկումը։