Ռուսաստանյան միջնորդությամբ Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, թվում էր, երևակել է այն ընկալումը, որն արտացոլված է հերթական, արդեն երրորդ համատեղ՝ եռակողմ հայտարարությունում, այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների ողջ բարդ համալիրը կարող է լուծվել ըստ տարրերի և փուլ առ փուլ։ Սակայն հաշվված օրեր անց պաշտոնական Բաքուն վերսկսեց Հայաստանի հետ սահմանին պարբերաբար տեղի ունեցող ռազմական բախումները, նախագահի մակարդակով վերադարձավ վերջնագրային լեզվին՝ կապված միջանցքի հետ, և նույնիսկ սկսեց պահանջել «ժամկետ, թե երբ են հայերը բացելու միջանցքը»։ Նաև պարզվեց, որ գերիների հարցում, որքան էլ ռուսաստանյան կողմը հակառակը պնդի, ճեղքում չի նախատեսվում, տարածաշրջանային հաղորդակցային կապերի ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի հանդիպումը նույնպես ոչ մի ճեղքում չի կանխատեսում, մտացածին պատճառով էլ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Ստոկհոլմում հրաժարվել է Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից։
Ընդսմին, Սոչիից հետո տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տարբեր կերպ անդրադառնալու են կողմերի «մեկնարկային դիրքերի» վրա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ Բրյուսելում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, եթե չլինեն ինչ-որ ֆորս-մաժորներ, պետք է նորից հանդիպեն։
Ադրբեջանն այս ընթացքում ձգտում է առավելագույնս ներդաշնակեցնել իր հարաբերությունները տարածաշրջանային դերակատարներ Իրանի ու Թուրքմենստանի հետ, իսկ Հայաստանն էլ հաջակցություն ժողովրդավարությունների՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ հրավիրված գագաթնաժողովին իր մասնակցությամբ ներդաշնակեցնում է ժողովրդավարական հանրության առաջնորդ երկրների հետ իր հարաբերությունները, համագործակցություն, որի շրջանակներից դուրս են մնացել և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մասնակցեց 3+3 (2) ձևաչափի շրջանակներում անցկացված մոսկովյան հանդիպմանը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ-ների փոխնախարարների մակարդակով, այն պարագայում, երբ Վրաստանը կտրականապես հրաժարվել էր նման գաղափարից։ Այսպիսով, ի՞նչ է իր հետ Բրյուսել տանում հայկական դիվանագիտությունը և ի՞նչ սպասել այնտեղ կայանալիք հանդիպումից. այս մասին են մեր հերթական թողարկման նյութերը։