Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնությամբ, անցկացվեց «Հանուն ժողովրդավարության» համաժողովը։ Ռուսաստանին չէին հրավիրել, իսկ Ուկրաինան ներկա էր։
Համավարակի պատճառով ավելի քան 100 երկրների մասնակիցները շփվեցին առցանց։ ԱՄՆ-ն մտադիր է հաջորդ տարի կազմակերպել առերես հանդիպում։
Մասնակիցների ընտրությունը
Համաժողովը համընկեցվել էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Քաղաքական գործիչներից բացի դրան մասնակցեցին քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, «բիզնես առաջնորդներ», լրագրողներ։ Դեռևս նախընտրական արշավի ժամանակ Ջո Բայդենը խոստացել էր անցկացնել նման միջոցառում, որի նպատակը ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման և պաշտպանության ընդհանուր ռազմավարության մշակումն էր և բռնապետությանն ու ավտորիտարիզմին հակազդեցությունը։ Հռետորաբանությունը գործով ամրապնդելու համար ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ նախատեսում է Կոնգրեսի աջակցության դեպքում 424 մլն դոլար հատկացնել արտասահմանյան երկրներում անկախ ԶԼՄ-ներին, կոռուպցիայի դեմ պայքարին, տեխնոլոգիական առաջընթացին և արդար ընտրություններին աջակցելու համար։
Բայդենն անընդհատ կրկնում է. «աշխարհը գտնվում է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարի «բեկումնային փուլում», և մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարությունը գործում է»։ Համաժողովին մասնակցելու հրավեր չստացած խոշորագույն երկրները, առաջին հերթին Չինաստանը և Ռուսաստանը, հանդես եկան ինչպես բուն միջոցառման, այնպես էլ կազմակերպիչ երկրի քաղաքականության խիստ քննադատությամբ։ Հազվագյուտ բան՝ Միացյալ Նահանգներում ՌԴ-ի և ՉԺՀ-ի դեսպաններ Անատոլի Անտոնովը և Ցին Գանը համատեղ հոդված հրապարակեցին ամերիկյան The National Interest հրատարակությունում (դրա հրատարակիչը Դիմիտրի Սայմսն է, որը նաև վարում է Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդումը), որում ասվում է, թե համաժողովի անցկացման «նախաձեռնությունը» «ամերիկացիները հղացել են սառը պատերազմի ոգով»): Ի պատասխան, նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարեց, որ ԱՄՆ-ն միշտ աշխատելու է ողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման համար և՝ «դա այն չէ, ինչի համար մենք պետք է ներողություն խնդրենք»։
Ի դեպ, ամերիկացիները, որոնց պարբերաբար մեղադրում են մարդու իրավունքների հարցերում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, այս անգամ «չկարողացան անտեսել սկզբունքները» և՝
ՌԴ-ից և ՉԺՀ-ից բացի համաժողովին չէին հրավիրել նաև Ամերիկայի հին ու կարևոր դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Արաբական Միացյալ Էմիրություններին և Սինգապուրին։ Չէին հրավիրվել ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներ՝ Թուրքիան և Հունգարիան։
Մյուս կողմից, ամերիկյան և միջազգային իրավապաշտպանները կասկածի տակ առան այնպիսի երկրների հրավիրելը, ինչպիսին են Ֆիլիպինները, որին Պետքարտուղարությունը դատապարտել էր արտադատական մահապատիժների համար, Պակիստանը, որին Վաշինգտոնը մեղադրել էր, թե՝ «կառավարության կամ նրա գործակալների կազմակերպմամբ մարդիկ են անհետանում» (Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, որ 30 տարի առաջ կրիկետի աստղ էր, լոնդոնյան փլեյբոյ և հեդոնիստ, ինքը հրաժարվեց համաժողովին մասնակցելուց)։ «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ Վրաստանի օլիգարխները «ազդեցություն ունեն քաղաքականության և լրատվամիջոցների վրա» և որ Աֆրիկայի «խոշորագույն ժողովրդավարությունը»՝ Նիգերիան, տառապում է համատարած կոռուպցիայից և թույլատրում է լրագրողների հետապնդումներն ու ձերբակալությունները։ Ակտիվիստները նաև դժգոհություններ արտահայտեցին համաժողովին Հնդկաստանի վարչապետ Մոդիին և Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուին հրավիրելու համար։
«Միացյալ Նահանգները դիմել է տարբեր երկրների, որոնց հաջողությունները, ինչպես մենք ենք կարծում, կարող են նպաստել մոլորակի վրա ավելի արդար և խաղաղ կարգեր հաստատելուն»,- բրիֆինգի ժամանակ ասաց քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավուքների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան։ Իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարեց, թե հրավերը չպետք է դիտարկել իբրև «ժողովրդավարության հաստատման հարցերին (երկրների) մոտեցմանը հավանության նշան, դա լավագույնին ձգտելու հնարավորություն է»։
«Ֆրիդոմ Հաուսը» հրավիրված 110 երկրների ավելի քան 30%-ն անվանել է «մասնակի ազատ»։ Երեքը՝ «ոչ ազատ»: Դրանք են՝
- Անգոլան,
- Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետությունը,
- Իրաքը։
Շվեդական V-Dem ինստիտուտը մեկ տասնյակից ավելի մասնակից երկրների որակել է իբրև «էլեկտորալ ավտոկրատիա»։ Դրանց թվում են Ֆիլիպինները, Հնդկաստանը և Քենիան։
Ընդգծենք՝ Ուկրաինան մասնակցում էր։
Իսկ ովքե՞ր են դատավորները
Որոշ ակտիվիստներ նախագահ Բայդենին կոչ են անում մինչև արտասահմանում ժողովրդավարության պաշտպանության վրա կենտրոնանալը՝ ավելի շատ ուշադրություն դարձնել երկրի ներքին խնդիրներին. «Դուք չեք կարող փորձել ժողովրդավարություն արտահանել և պաշտպանել այն ողջ աշխարհում, եթե չեք կարող դա պաշտպանել երկրի ներսում,- «Նյու Յորք թայմս» թերթին հայտարարել է Ատլանտայի Black Voters Matter Fund ոչ առևտրային կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Քլիֆ Օլբրայթը։ – Դու չես կարող համաշխարհային հրշեջ լինել, երբ քո տունն է այրվում»։
Միջազգային ասպարեզում, հիշեցնում է լրագրող Ռոյ Չաուդուրին «Թայմ» հանդեսում, Ջո Բայդենը Աֆղանստանը հանձնեց «իսլամական ավտոկրատիային և սովին», իսկ հիմա ավարտում է Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի զենք վաճառելու գործարքը։
Անկախ նրանից, թե ինչքան համառորեն է Սպիտակ տունը խոսում ժողովրդավարությունից, գործնականում այդ հանդիպումը միտված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ կոալիցիա ստեղծելուն, նշում է Ռոյ Չաուդուրին։
Այլ կերպ ասած, ԱՄՆ-ն բարոյական իրավունք չունի ուրիշներին ժողովրդավարություն սովորեցնելու։ Ջո Բայդենը, ելույթ ունենալով համաժողովում, ընդունեց քննադատությունը և ուղղակիորեն հայտարարեց, թե Ամերիկան խնդիրների է բախվում. «Միացյալ Նահանգներում մենք ուրիշներից լավ գիտենք, որ մեր ժողովրդավարության նորացումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը մշտական ջանք են պահանջում։ Ամերիկյան ժողովրդավարությունը երբեք չընդհատվող պայքար է այն բանի համար, որ համապատասխանենք մեր բարձրագույն գաղափարներին, հարթենք տարաձայնությունները և հաստատենք մեր նվիրվածությունը Անկախության հռչակագրում ամրագրված հիմնարար արժեքներին»։ Որպես օրինակ նախագահը բերեց ձայնի (քվեարկության) իրավունքը՝ Կոնգրեսին կոչ անելով ընդունել օրենք, որը կհակազդի այն սահմանափակումներին, որոնք անցյալ ընտրություններից հետո մտցվել են հանրապետականների կողմից ղեկավարվող շատ նահանգներում։ Բայդենն ասաց, որ Արդարադատության նախարարությունը կկրկնապատկի ձայնի իրավունքի օրենքների պահպանումն ապահովող իրավաբանների թիվը։ «Մենք պետք է մարդկանց համար հեշտացնենք քվեարկության գործընթացը և ոչ թե բարդացնենք այն»։
Միաժամանակ, դեմոկրատ նախագահը Ամերիկային կոչ արեց առաջատար դեր ստանձնել աշխարհում ժողովրդավարության ամրապնդման գործում և ընդդիմանալ նրան, ինչն իր վարչակազմը համարում է «չինական և ռուսական ոճով ավտորիտարիզմի երթ»։
Կարևոր է, որ այդ հարցում նա ունի Հանրապետական կուսակցության աջակցությունը։ «Ժողովրդավարության նվագախմբի» (հանգուցյալ սենատոր Ջոն Մաքքեյնի արտահայտությունն է) գաղափարը, «որը կարող էր ձևավորել ազատության վրա հիմնված համաշխարհային կարգերի միջուկը և գործել այնտեղ, որտեղ ՄԱԿ-ը անգործության է մատնված», հանրապետականները պաշտպանում են, բացառությամբ մի քանի մոլեռանդ «թրամփականների», որոնք համարում են, որ Ամերիկան պետք է մի կողմ քաշվի համաշխարհային խնդիրներից։ Հիշենք, «հանրապետականների սրբապատկեր» Ռոնալդ Ռեյգանը Ամերիկան անվանել է ազատության փարոս, որին նայում են մյուս պետությունները։ Ռեյգանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թեթչերը և Միխայիլ Գորբաչովը կարողացան անցյալ դարավերջին փոխել պատմության ընթացքը։ Իսկ ներկայիս քաղաքական գործիչնե՞րը։
«Ֆրիդոմ Հաուսի» նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիցն ասում է, որ Միացյալ Նահանգներն «այժմ ծանր ժամանակաշրջան է ապրում»։ Սակայն նա նաև հայտարարեց, որ ներքին թերությունները չպետք է խանգարեն ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում առաջ մղելու իր հիմնական արժեքները։ «Առանց Միացյալ Նահանգների մասնակցության և առաջնորդության՝ ժողովրդավությունը առաջ չի գնա,- ասել է իրավապաշտպանը,- ուրիշ ո՞վ պետք է դա անի»։
Ամերիկացիների 85%-ն ասում է, որ քաղաքական համակարգը փոփոխությունների կարիք ունի։ Գլոբալ առումով, ժողովրդավարությունից դժգոհ մարդիկ 57,5% են կազմում՝ 1990-ականների 48%-ի դիմաց.
«պատմության ողջ ընթացքում ժողովրդավարությունից դժգոհության ամենաբարձր մակարդակը», ասված է Քեմբրիջի համալսարանի հետազոտության եզրակացությունում (հարցումն ընդգրկել է 154 երկրի ավելի քան 4 միլիոն մարդ)։
Ինչպես CNN-ի կայքի համար գրված հոդվածում նշում են վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Լեոպոլդո Լոպեսը և ամերիկացի իրավապաշտպան Յուրիել Էփշթայնը, համաժողովը մշակեց խորհրդատվություններ, սակայն անհրաժեշտ են «աշխատանքային մեխանիզմներ»։ ՄԱԿ-ը, որ ստեղծվել է պատերազմները վերացնելու և խաղաղությունը պահպանելու համար, չի կարող լուծել ժողովրդավարության առաջմղման խնդիրը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, որը «ամբողջ աշխարհում բոլոր մարդկանց բոլոր իրավունքների խրախուսման և պաշտպանության ապահովման համար կոչված» մարմին է, իր կազմում ունի նաև Չինաստան, Կուբա, Ռուսաստան, Վենեսուելա։ «Ավելորդ է ասել,- գրում են հեղինակները,- որ մարդու իրավունքները հազիվ թե առաջնահերթություն լինեն այն երկրներում, որոնք թունավորում են ընդդիմադիր գործիչներին, բանտ են նետում քաղաքական հակառակորդներին կամ ամբողջ ժողովուրդների ցեղասպանություն են իրականացնում։ Սակայն համաժողովից հետո հույս է արթնացել»։
Novayagazeta.ru