Արիֆ ՅՈՒՆՈՒՍՈՎ
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար
Ադրբեջան/Նիդեռլանդներ
Անցած տարվա վերջում տեղի ունեցած 44-օրյա պատերազմն ամբողջովին փոփոխել է ավելի քան 30 տարի տևած հայ-ադրբեջանական դիմակայության ողջ համապատկերը, որի կենտրոնում էր Լեռնային Ղարաբաղի պատկանելության խնդիրը, ինչի պատճառով էլ հակամարտությունը ղարաբաղյան էր կոչվում, իսկ նրա կարգավորմամբ զբաղվում էր ԵԱՀԿ Մինսկի խումբն՝ ի դեմս երեք համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի։ Ընդ որում, հակամարտության կարգավորման համար պատասխանատու երկրների դիրքորոշումներն ու շահերը չէին համընկնում. Ռուսաստանը Հարավային Կովկասն ընկալում էր որպես իր շահերի գոտի, իսկ դա հարուցում էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կոշտ հակադարձությունը։ Արդյունքում՝ աշխարհաքաղաքական դիմակայությունը հավելյալ, իսկ երբեմն էլ՝ ավելի կարևոր խոչընդոտ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Այնուամենայնիվ, հենց այս կառույցը քառորդ դարի ընթացքում պատասխանատու էր բանակցային գործընթացի համար։
Այժմ Լեռնային Ղարաբաղը դադարել է լինել էթնոքաղաքական հակամարտության գլխավոր առանցք։ Այո՛, անցած տարվա մարտերի դադարից հետո այնտեղ պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում։ Անորոշ է մնացել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այնուամենայնիվ, այժմ խոսքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին է, որում Լեռնային Ղարաբաղի պատկանելության և կարգավիճակի հարցը Հարավային Կովկասի երկու հակամարտող պետությունների դիմակայության մասն է։ Ընդ որում, ներկայումս ուշադրության կենտրոնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նաև բանակցային ձևաչափում։ Անցած տարվա պատերազմի ավարտից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կտրուկ զիջել է իր դիրքերն ու տևականորեն ստվերում է հայտնվել։ Մեծավ մասամբ՝ սա տեղի է ունեցել հակամարտության և տարածաշրջանի նկատմամբ հավաքական Արևմուտքի հետաքրքրության կորստի պատճառով։ Այժմ հակամարտության կարգավորման բոլոր հարցերը սկսել է լուծել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռանկյունին։ Ընդ որում, այս եռանկյունում կողմերի դիրքորոշումները տարբեր են։ Ռուսաստանն, անտարակույս, բանակցային գործընթացում առաջնորդող դերակատարում ունի։ Ադրբեջանն ակնհայտորեն գտնվում է ռուսական քաղաքականության նավարկուղում՝ ջանալով իր համար կորզել առավելագույնը։ Ըստ էության՝ խոսքը Հայաստանի դեմ Ռուսաստան-Ադրբեջան տանդեմի մասին է։ Փաշինյանն ու հայերից շատերը միամտորեն կարծում էին, որ բոլոր դասավորություններում և անգամ ի հեճուկս միջպետական հարաբերություններում ծագող խնդիրների՝ Հայաստանը որպես Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանի դեմ պատերազմի պարագայում անպայման նրանից օգնություն կստանա։ Մինչդեռ Պուտինի և իր թիմի համար գլխավոր հարցը ոչ թե հակամարտող կողմերից մեկին կամ մյուսին սատարելն է, այլ ողջ տարածաշրջանը Ռուսաստանի մենաշնորհային վերահսկողության տակ հետ բերելը։
Մինչև 2020 թ․ տարածաշրջանում եղած իրավիճակը Ռուսաստանի համար միանշանակ չէր։ Հայաստանում տեղաբաշխված է ռուսական ռազմակայանը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և՝ Ռուսաստանի համար բոլոր առումներով ձևականորեն բարեկամ պետություն։ Սակայն Փաշինյանի վարչակազմն ակնհայտորեն կողմնորոշված է դեպի Արևմուտք։ Իսկ Ադրբեջանից ռուսական զորքերը դուրս են եկել 1993 թ․ և այն ժամանակվանից ի վեր Ռուսաստանը բազմիցս փորձ է արել վերադառնալ այդ երկիր և այնտեղ սեփական ռազմակայան ունենալ։ Ղարաբաղյան հակամարտությունն, ըստ էության, հիանալի գործիք է ոչ միայն տարածաշրջան վերադառնալու, այլև Հայաստանի և Ադրբեջանի վրա վերահսկողություն վերահաստատելու համար։ Մինսկի խմբում Ռուսաստանը, հռչակելով խաղաղություն որոնելու իր մտադրությունը, գործնականում խարխլում էր բանակցային գործընթացը, իսկ 2016 թվականից սկսած կարողացել է իր օգտին շեղել գործընթացը՝ դեռևս 2007 թ․ ընդունված «Մադրիդյան սկզբունքները» վերափոխելով այսպես կոչված «Լավրովի պլանի», որոնց միջև տարբերությունը մեկն է՝ ԼՂ շուրջ 7 գրավյալ շրջաններ Ադրբեջանին վերադարձնելուց հետո տարածաշրջանում խաղաղապահ զորքեր պետք է տեղակայեր Ռուսաստանը։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կլինի ռուսական ռազմակայան, բայց՝ «խաղաղապահ» կարգավիճակով։ Ադրբեջանը երբեք չէր համարձակվի լայնածավալ ռազմական գործողություններ սկսել՝ առանց նախապես Ռուսաստանից համաձայնություն ստանալու։
Բայց անցած տարվա մոսկովյան հաշվարկներն ամբողջությամբ իրականություն չեն դարձել․ Հայաստանում ռուսամետ ուժերը չեն կարողացել օգտվել Ղարաբաղում հայկական զորքերի ջախջախումից և իշխանազրկել Փաշինյանին։ Համարյա ողջ 2021 թ․ անցել է ոչ թե վերոնշյալ եռանկյունու շրջանակում հայ-ադրբեջանական հակամարտության ստեղծած խնդիրները լուծելու և միջադեպերը կանխելու, այլ Փաշինյանի իշխանությունը տապալելու ջանքերով։ Իսկ սահմանին Ադրբեջանի ձեռնարկած գործողություններն, ըստ էության, Փաշինյանի վրա Պուտինի կողմից ճնշում գործադրելու քաղաքականության մի մասն են։ Փաշինյանն, իր հերթին, օգնություն հայցելու նպատակով ավելի ու ավելի հաճախ է դիմում արևմտյան երկրների առաջնորդներին։ Եվ հենց այս պատճառով ամերիկացիներն ու եվրոպացիները կրկին սկսել են տարածաշրջանում ակտիվություն դրսևորել։ Արևմուտքն, ըստ էության, հանուն Հայաստանի Ռուսաստանի դեմ պայքար է սկսել։
Գործը հասել է աննախադեպ մի քայլի, երբ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ԱՄՆ նոր վարչակազմը 2021 թ․ հունվարին աշխատանքի անցնելուց անմիջապես հետո Փաշինյանի հետ շփումներ է հաստատել՝ ցուցադրաբար անտեսելով Ալիևին։ Վերջինս երեք ամիս անց՝ ապրիլին, կատարված փաստի առնչությամբ, իր դժգոհությունն է հայտնել և միայն դրանից հետո է ԱՄՆ նոր ղեկավարությունը նրա հետ սկսել շփումներ ունենալ։ Ավելին՝ հաշվի առնելով հայերի համար շատ ցավալի և Փաշինյանի վարկանիշի վրա խիստ բացասաբար անդրադարձող ռազմագերիների վերադարձի հարցը, ԱՄՆ-ն փորձել է Ռուսաստանից խլել նախաձեռնությունը և Վրաստանի միջնորդությամբ և գաղտնիության մթնոլորտում հուլիսին իրականացրել են Ադրբեջանից 15 հայ ռազմագերու վերադարձի գործողությունը։ Կրեմլում դրա մասին մամուլից են տեղեկացել և զայրացել։
Այս տարի նույն կերպ էին գործում եվրոպացիներն՝ ի դեմս Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵՄ ղեկավար Շառլ Միշելի։ Առաջինը պարբերաբար հայտարարում էր Հայաստանին և նրա առաջնորդ Փաշինյանին լիովին աջակցելու և անհրաժեշտության դեպքում Հայաստանի սահմանի ռազմական պաշտպանությունը ստանձնելու մասին։ Իսկ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին անսպասելիորեն Բրյուսել է հրավիրել՝ դեկտեմբերի 15-ին նրանց հանդիպումը կազմակերպելու համար։
Եվրամիության ղեկավարի այս հրավերը Մոսկվայում մեծ դժգոհություն է առաջացրել։ Չէ՞ որ Պուտինը ծրագրում էր Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել նոյեմբերի 9-ին՝ Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրման առաջին տարելիցին։ Կրեմլը գործն այնքան լուծված էր համարում, որ եռակողմ հանդիպման կայանալու մասին լուրը պաշտոնապես հաստատել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սակայն Փաշինյանն այդ հանդիպումից անսպասելիորեն հրաժարվել է։ Փաշինյանը հրաժարվել է նաև նոյեմբերի 15-ին նախատեսված մոսկովյան հանդիպումից, բայց դրանից հետո համաձայնվել է Ալիևի հետ հանդիպել Եվրամիության հովանու ներքո, այսինքն՝ այլ հարթակում։ Ու թեև հասկանալի էր, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա «Արևելյան գործընկերություն» ամենամյա գագաթնաժողովի շրջանակում, Մոսկվան կատարվածը որպես գոտկատեղից ներքև հարված է դիտել։ Հենց այդ պատճառով նոյեմբերի 22-ին Պուտինը Բրյուսելից առաջ կրկին Փաշինյանին հրատապ եռակողմ հանդիպման մասին առաջարկություն է արել, որից հրաժարվելու համարձակությունը Փաշինյանն արդեն չի ունեցել։
Այսպես ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, երբ հաշված շաբաթների տարբերությամբ հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկվելու է միջազգային երկու՝ ռուսական և եվրոպական հարթակների վրա։ Սրան պետք է ավելացնել այն, որ դեկտեմբերի սկզբներին Ստոկհոլմում պետք է կայանար ԵԱՀԿ գագաթնաժողովը, որտեղ նույնպես ծրագրվում էր հակամարտող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Նմանատիպ բան նախկինում դեռ չէր եղել։
Երկու երկրների միջև շարունակվող հակամարտության նկատմամբ այսքան սևեռուն ուշադրությունն այլ դեպքում կարող էր դրական արդյունքի հանգեցնել։ Չէ՞ որ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները կտրուկ ուժեղացրել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և տրանսպորտային հաղորդակցությունն ու տնտեսական կապերը վերականգնել կամենալու մասին հռետորաբանությունը։ Բայց իրականում մենք ականատես ենք ոչ թե Բրյուսելի, Վաշինգտոնի ու Մոսկվայի միևնույն դիրքորոշմանը, այլ համակարծության շղարշին, որի հետևում թաքնվում են ստորջրյա աշխարհաքաղաքական խութերը։ Սակայն իրականությունն իսկույն բացահայտվել է, քանի որ Սոչիի հանդիպումը սպասվածի համաձայն վերածվել է Փաշինյանի և հատկապես Ալիևի շուրթերով Պուտինի գովքին։ Այսինքն՝ հապճեպ կազմակերպված այս հանդիպումը պետք է ընդամենը կրկին ցուցադրեր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գերակա դիրքը։ Բայց Սոչիի հանդիպման ավարտից անմիջապես հետո ամեն ինչ դարձյալ վերադարձել է ի շրջանս յուր։ Ձախողվել է անգամ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ Մոսկվայում դեկտեմբերի սկզբին նախատեսված հանդիպումը։ Վերջին պահին չի կայացել նաև ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Ի վերջո՝ ի՞նչ ենք կարող ակնկալել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումից։ Արդյո՞ք, ինչպես շատերն են ակնկալում, հակամարտության կարգավորման գործընթացը կտրուկ առաջընթաց կգրանցի։ Չէ՞ որ Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը կարգավորման իր ծրագիրն է առաջարկել։ Մոսկվայի միջնորդությամբ հավանության արժանացած խաղաղ ծրագրից դրա գլխավոր տարբերությունն այն է, որ հումանիտար՝ ռազմագերիների փոխանակման և ականազերծման, ինչպես նաև սահմանազատման և տրանսպորտային ոլորտում ու տարածաշրջանային ծրագրերում համագործակցության հարցերից բացի, Եվրամիության ծրագիրը նախատեսում է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ խաղաղ բանակցությունների անցկացում։ Սակայն վերջին զարգացումները հստակորեն վկայում են, որ Սոչիի հանդիպման պես Բրյուսելում կայանալիք հանդիպումը նույնպես կավարտվի հակամարտող կողմերի՝ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունների մասին ոչ մի նշանակություն չունեցող հռչակագրով։