Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահը «Բոչարով Ռուչեյ»-ում բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Բոլորը, անգամ “Ъ”-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը դրանք անիմաստ չեն համարել։ Չէ՞ որ ադրբեջանական գերությունից բաց է թողնվել մի հայ զինծառայող։ Որոշվել է, որ մինչև տարեվերջ կողմերը կպայմանավորվեն երկու երկրների միջև քարտեզով սահմանազատում իրականացնելու մեխանիզմի շուրջ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչի է ժամանել իր ադրբեջանցի գործընկերոջից շուտ, բայց եռակողմ բանակցություններից առաջ Ռուսաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպում, ի տարբերություն Իլհամ Ալիևի, նա չի ունեցել։
Հնարավոր է, որ հենց այդ պատճառով եռակողմ հանդիպման սկզբում նա այդքան անհաշտ էր թվում։
Իլհամ Ալիևն անհաշտ չէր երևում։ Նա, ինչպես և նախկինում, հաղթողի տեսք ուներ և քարե հանգստություն էր ցուցաբերում։ Այսինքն, նա նստած էր գրեթե անշարժ, հայ գործընկերոջ ուղղությամբ չէր նայում և խոսելիս տպավորություն կար, որ անգամ բերանը չէր բացում։
— Այս տարի, անցած տարվա նոյեմբերի 10-ից ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության սկզբից ի վեր, լուրջ միջադեպեր, ռազմական բախումներ, ինչ-ինչ մտահոգիչ իրադարձություններ չեն եղել,- ասել է Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։ (Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի համանման երկկողմ հանդիպումն, այնուամենայնիվ, պլանավորված էր, բայց՝ եռակողմ բանակցություններից հետո. Ա․ Կ․)։
Սա, իհարկե, չի նշանակում, որ նման իրադարձություններ իսկապես չեն եղել։ Պարզապես Իլհամ Ալիևը դրանք լուրջ չէր համարում։
— Եղել են տարերային միջադեպեր,- շարունակել էր նա,- որոնք համակարգային ճգնաժամ չէին։ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ռազմական բախումներ են եղել, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի չէ։
Թերևս նա մտածում էր, որ իր ասածը կուրախացնի Ռուսաստանի նախագահին։
— Այսուհանդերձ, իհարկե, դա մեզ ստիպում է սևեռուն հայացք պահել այս ամենի վրա և խոսել, այդ թվում և եռաչափ ձևաչափով, թե ինչպես կարելի է վերահսկել ռիսկերը, նվազեցնել դրանք և աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման մասին։
Այսպիսով՝ Իլհամ Ալիևը, կարծես թե, ընդգծում էր, որ Սոչիում ընթացած բանակցություններին նա շատ մեծ նշանակություն չէր տալիս։
Անսպասելիորեն նա սկսեց մեծամեծ գովեստներ շռայլել Սոչի քաղաքի մասին։
— Եվս մեկ անգամ կամենում եմ հիանալ այս երկրամասի շքեղ բնությամբ։ Սա մարգարիտ է ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի համար։
Բայց սա, ներեցե՛ք, չափն անցնել է նշանակում։
Բայց չէ՞ որ այստեղ ամեն բառ իր նշանակությունն ուներ։ Ո՞վ գիտի, ինչի՞ց ելնելով երրորդ բանակցողը քո հանդեպ կարող է ավելի ջերմ վերաբերմունք տածել, քան քո հակառակորդի նկատմամբ։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն Իլհամի համար, անտարակույս, շարունակում է հակառակորդ լինել՝ անգամ սեփական կամքին հակառակ։
Շուտով սկսվեցին եռակողմ բանակցությունները։
Պարզվեց, որ վերջին ղարաբաղյան պատերազմից արդեն մի տարի է անցել։
— Նախ և առաջ կուզենայի ձեզ շնորհակալություն հայտնել իմ հրավերին արձագանքելու և Ռուսաստան ժամանելու համար, որպեսզի մենք կարողանանք ամփոփել խաղաղ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքի արդյունքները,- ասաց պարոն Պուտինը։ Մենք սույն թվականի հունվարին ևս վերահաստատել ենք կրակի դադարեցման և բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ մեր պայմանավորվածությունները․․․ Ես տեղյակ եմ սահմանային միջադեպերի մասին, այն ողբերգական միջադեպերի մասին, որոնց ընթացքում երկու կողմից էլ մարդիկ են զոհվում և վիրավորվում․․․ Մենք այսօր հենց դրա համար ենք հավաքվել, որպեսզի հետագայում նմանատիպ միջադեպերից խուսափենք։
Վլադիմիր Պուտինն ասել է, թե որքան շատ բան է արվել անցած տարվա ընթացքում, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղ վերադառնում փախստականները (առաջին հերթին՝ ադրբեջանցի փախստականները, որպես հաղթողներ․ Ա․ Կ․), թե ինչպես են աշխատում ռուս խաղաղապահներն ու հրադադարը մշտադիտարկող ռուս-թուրքական կենտրոնը։ Իսկ ամենագլխավորը՝ թե ինչպես են ստեղծվում պայմաններ հետագա խաղաղ կյանքի համար․ ահա թե ինչն է կարևոր։
Այս ամենն ասելով Վլադիմիր Պուտինը տվյալ պահին, ըստ էության, Ադրբեջանի նախագահի կողմն էր, որի համար ասված ամեն ինչ ընդունելի էր։
Նույնը չէինք կարող ասել Նիկոլ Փաշինյանի մասին։
Թեև այն, որ պարտված Հայաստանի վարչապետը հաղթողի կողքին էր նստում, գնահատելի քայլ էր, որից, սակայն, նա հազիվ թե կարող էր խուսափել։
Վլադիմիր Պուտինն, ի միջի այլոց, հիշատակեց, որ շուտով եռակողմ հանձնաժողովին մասնակցող փոխվարչապետների մակարդակի վրա հնարավոր կլինի հայտարարել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին, որն արժեքավոր է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։
— Ադրբեջանը,- նույնքան հանդարտ և առանց Նիկոլ Փաշինյանին նայելու, առաջվա պես նրան պարզապես չնկատելով, ասաց պարոն Ալիևը,- այս տարվա ընթացքում առավելագույն կառուցողականություն է դրսևորել պատերազմի հետևանքների վերացման և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։ Կարծում եմ, որ այս թեման կարևոր է, սա դեռևս իրականություն չդարձած թեմա է, քանի որ սա անցած տարի ընդունված և ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է, որն, ի տարբերություն այլ կետերի, դեռ չի իրագործվել։
Ավելի լուրջ խնդիրը հստակ սահմանազատումն է, թեև սահմանների վերաբերյալ երկու երկրները դեռ տարբեր պատկերացումներ ունեն։
— Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատված չէ,- ասաց պարոն Ալիևը,- դրա համար էլ մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել սահմանազատման անհետաձգելի գործընթաց։ Ավելին՝ մենք հայկական կողմին հրապարակավ առաջարկել ենք աշխատանք սկսել խաղաղ պայմանագրի վրա, որպեսզի դիմակայությանը վերջ դնենք և ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի ապագայում սովորենք հարևանի պես ապրել և ապրենք հարևանի պես։
Այստեղ նա լռեց, թերևս՝ այն բանի համար, որպեսզի հասկանալի լինի, որ իր առաջարկին ոչ մի պատասխան չկա։
Նիկոլ Փաշինյանը խոսում էր խուլ ձայնով՝ կարծես թե սանձելով իրեն համակող ողբերգական զգացմունքները։
— Ցավոք, իրավիճակը ցանկալիի չափ կայուն չէ․․․ Անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից մի քանի տասնյակ մարդ է զոհվել, Լեռնային Ղարաբաղում նույնպես միջադեպեր են պատահում։ Սույն թվականի մայիսի 12-ից մենք հայ-ադրբեջանական սահմանին փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք։ Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։
Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները սահմանազատված ու սահմանագծված չեն, բայց պետական սահմանը գոյություն ունի և դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է։
Առաջին հայացքից՝ սրանք մի բանի շուրջ պայմանավորվելու եկած մարդու խոսքեր չէին։ Լավ է, որ երկու այլ բանակցողները երրորդին մինչ այդ արդեն տեսել էին այդպիսին և հասկանում էին, որ կես ժամ անց նա կարող է անճանաչելիորեն փոխվել։
Նրանք գիտեին, որ Փաշինյանի ասածը սոսկ առևտրային դիրքորոշում էր, որը նրանց բախտորոշված էր շտկելու։
-Ես չեմ համաձայնվի Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը,- թե հաղորդակցային ուղիների ապաշրջափակումից բացի եռակողմ հայտարարության այլ կետերն արդեն կատարված են։ Դուք գիտեք, որ մենք բազմիցս թե՛ հեռախոսով, թե՛ դեմ առ դեմ (այժմ նա բացառապես Վլադիմիր Պուտինին էր դիմում։ Ա․ Կ․), նշել ենք, որ գոյություն ունի պատանդների, ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը, որը շատ կարևոր հումանիտար խնդիր է։
Հայաստանի վարչապետն ամեն անգամ խոսում է ռազմագերիների ճակատագրի մասին։ Դրա մասին, իրոք, պետք է անընդհատ խոսել, չէ՞ որ ռազմագերիների հարցն արծարծելը Փաշինյանին թույլ է տալիս արժանապատվություն պահպանել։ Ի վերջո, նա զավթիչի հետ է խոսում՝ հանուն հայ տղաներին գերությունից ազատելու, իսկ այդ նպատակի համար անգամ ծնկի գալն ամոթ չէ։
Նիկոլ Փաշինյանն անարձագանք չի թողել նաև Ադրբեջանի իր գործընկերոջ այն պնդումը, թե սահմանազատումն իրականացնելու Բաքվի ցանկությունն անպատասխան է մնում։
— Ես նույնպես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պետք է հասկանալ, որ խոսքն այդ սահմանները քարտեզագրելու մասին է։ Սա Երևանի և Բաքվի հարաբերություններում ամենաբարդ խնդիր է, քանի որ Հայաստանի վարչապետը ստիպված կլինի ընդունել և արձանագրել սեփական պարտությունը։
— Սահմանազատման և սահմանագծման մասին․․․,- հոգոց հանեց Վլադիմիր Պուտինը։- Նախ՝ սահմանազատում, ապա՝ սահմանագծում․․․ Այո՛, դրա մասին էլ ենք այսօր խոսելու, թեև հասկանալի է, որ հարցը բարդ է։ Այդ հարցը մենք ժառանգել ենք դեռ Խորհրդային Միության ժամանակներից, երբ հստակ սահմաններ չեն եղել։ Բայց այժմ մենք հնարավորություն ունենք դրա մասին խոսելու։
Սա արդեն բանակցությունների սկզիբն էր։ Պարոն Պուտինը հասկացնում էր, որ հստակ սահմաններ չեն եղել, ուստի զիջումներն առանձնապես աչքի ընկնող չեն լինի։
Վլադիմիր Պուտինն անդրադարձավ նաև մի թեմայի, որի նկատմամբ անտարբեր չէր, և պարզ էր, թե ինչու։
— Գիտեմ, որ շուտով դուք Բրյուսելում էլ եք հանդիպելու։ Դուք համաձայնվել եք այնտեղ մեկնել և իրար հանդիպել։ Մենք ողջունում ենք ձեր որոշումը։ Որքան շատ ունենաք իրար հանդիպելու հնարավորություններ, այնքան լավ։ Դրա մասին ես վերջերս Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ եմ խոսել․ նա ձեզ սպասում է։
Մինչ օրս Վլադիմիր Պուտինն այս պատմության մեջ միայնակ էր խաղաղարարի դափնեպսակը կրում։ Իր շնորհիվ նրանք իսկապես պայմանավորվել են։ Բայց այժմ խաղաղարարի դափնիներին Եվրամիությունն էլ է հավակնում։ Եվ Ռուսաստանի նախագահը, կարծես թե, պատրաստ է դափնիները կիսել։ Իսկ ի՞նչ կա որ․ չէ՞ որ գործն իրականում արված է։
Այսպիսով, այս դեպքում ևս պարոն Պուտինը հաղթողի մեծահոգություն էր ցուցաբերում։ Առավել ևս, որ բրյուսելյան բանակցությունները նա ոչ մի կերպ արգելել չէր կարող։
Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Դրանից հետո երեք առաջնորդները դուրս եկան լրագրողների մոտ, որոնց թիվն ավելին չէր, քան պետք էր սոսկ մամուլի համար հայտարարություն անելու համար։
Վլադիմիր Պուտինն անգամ աշխույժ էր թվում։
-Մենք պայմանավորվեցինք մի շարք այնպիսի հարցերի շուրջ, որոնք ես առանցքային եմ համարում։ Դրանցից առաջինը մեխանիզմների ստեղծումն է․․․ մինչև տարեվերջ մենք պայմանավորվել ենք երկու պետությունների միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնել։ Այդ մեխանիզմները ստեղծելուն խոչընդոտող ոչ մի հանգամանք չկա։
Այսինքն՝ նրանք պայմանավորվել են, որ սահմանն անցնելու է այն գծով, որի երկայնքով այժմ կանգնած են բանակները։
-Ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 հայ զինծառայող փոխանցվել է հայկական կողմին,- ասաց Իլհամ Ալիևը,- այդ թվում՝ մեկը փոխանցվել է այսօր առավոտյան․․․ Վիրավոր հայ զինծառայող, որին ադրբեջանցի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։
Այս ձևով, ի նշան բարի մտադրության, բանկ գրաված կողոպտիչները մեկ պատանդի բաց են թողնում՝ մնացած 60-ին պահելով։
Բայց Իլհամ Ալիևն, այնուամենայնիվ, Սոչի մեկնած Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տվել հայ ժողովրդի առաջ ներկայանալ որպես մարդ, որն իզուր չէր Սոչի մեկնել։
— Ինչպես նաև․․․ մեկ քաղաքացիական անձ, որը ճանապարհից շեղվելով մոլորվել և մեր տարածքում է հայտնվել․․․,- ավելացրեց Ադրբեջանի նախագահը։
Առանցքային բառակապակցությունն այստեղ «մեր տարածքն» էր։
Խոսքը մի քաղաքացիական անձի մասին էր, որն, ամենայն հավանականությամբ, այդ տարածքն իրենն էր համարում, քանի որ նա այնտեղ ողջ կյանքը ձուկ էր որսում։
-Սյս հանդիպման ընթացքում մենք բոլոր հարցերը բաց ենք քննարկել և պարզվել է, որ շատ հարցերի շուրջ մենք ոչ մի տարակարծություն չունենք, թեև այս հանդիպումից առաջ մեզ հակառակն էր թվում,- խոստովանել է պարոն Փաշինյանը։
Նրա համար սա պարզապես հեղափոխական խոստովանություն էր։
Թեև այս հանդիպումից հետո այդ տարակարծությունները, կարող եք չկասկածել, կրկին ի հայտ են գալու։
Անդրեյ ԿՈԼԵՍՆԻԿՈՎ
Kommersant.ru