Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ
Երևան
Այն, որ Սոչիում արարողակարգային մասում հնչած և եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներն եղել են դռնփակ բանակցությունների ընդամենը մի փոքր մասը, հասկանալի էր դեռ նույն օրը, քանի որ, ըստ էության, անմիջական գործողություններ ենթադրող հստակ պայմանավորվածություններ հայտարարության տեքստում չկան։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ երեք ժամից ավել տևած հանդիպման ժամանակ քննարկման հիմնական մասը նվիրված է եղել այդպես էլ չլուսաբանված թեմաներին։ Չլուսաբանված թեմաների կամ անհամաձայնությունների մակարդակի խորությունն արդեն իսկ երևաց դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված փոխվարչապետերի հանդիպման տապալումից։ Փոխվարչապետերի ձևաչափում մինչև այս պահը փաստորեն կողմերը քննարկել և համաձայնեցրել են միայն տեխնիկական խնդիրներ, իսկ այսօր հանգել են մի կետի, երբ երկու կողմերի կարմիր գծերը խաչվում են։ Այս համատեքստում հատկանշական է, որ նախկինում առաջին դեմքերի եռակողմ հանդիպման մասին, մասնավորապես՝ Մոսկվայի հնչեցրած հայտարարությունները, մի որոշ ժամանակ միս և արյուն չէին ստանում, քանի որ կողմերը գիտակցում էին․ քանի դեռ իրավիճակը չի փոխվել, բանակցությունների միջոցով փոփոխություններ ակնկալելն անիրատեսական է, և այս ձևաչափով հանդիպումն այլևս չի կարող լինել արդյունավետ։
Սոչիի հանդիպումը կազմակերպվեց հապճեպ և ռուսական կողմի ճնշման արդյունքում։ Հանրային դաշտում այն հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ շեշտել Ռուսաստանի Դաշնության բացառիկ դերը գործընթացում, դրա անփոխարինելիությունը և հատկապես ՌԴ նախագահի անձնական դերակատարումը։ Անհրաժեշտ էր, որ դա շեշտվեր, այն էլ՝ մի քանի անգամ և հակամարտող երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Դա պետք է արվեր մինչև բրյուսելյան հանդիպումը, քանի որ ռուսական կողմը մեծ դառնությամբ է վերաբերվում տարածաշրջան «վերադառնալու» արևմտյան փորձերին։
Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, դրան հաջորդած այսպես կոչված 3+3 ձևաչափը աշխարհաքաղաքական առումով իրենց սուր ծայրով ուղղված են հենց արևմուտքի դեմ, և իրենցից ներկայացնում են տարածաշրջանի ռուս-թուրքական վերաբաժանման նախաձեռնություն: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Արևմուտքը մինչև բոլորովին վերջերս առանձնապես հետաքրքրված չէր տարածաշրջանային գործընթացներով։ Ավելին՝ մինչ այս պահը, արևմտյան երկրները (հիմնականում նկատի ունենք ԱՄՆ-ն և ԵՄ-ն) գործուն միջոցների չեն դիմել հակազդելու համար տարածաշրջանից իրենց դուրս մղող գործընթացներին։ Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները վերջին երեք ադմինիստրացիաների ժամանակահատվածում որդեգրել է տարածաշրջանային ներկայության պլացդարմային եղանակը, այսինքն՝ ներկա են յուրաքանչյուր տարածաշրջանում մեկ պլացդարմում, և մեր տարածաշրջանում այդ դերը վերապահվել է Վրաստանին։
Վերջին ակտիվացումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերագործարկման անհրաժեշտությունն ընգծող հայտարարությունները, երկկողմ հադիպումները (այդ թվում և տևական դադարից հետո ԱՄՆ և ՀՀ արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով) և հատկապես առաջին դեմքերի՝ Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպումը, պետք է կապել ուկրաինական ճգնաժամի աննախադեպ լարման հետ։ Արևմտյան երկրներն, ըստ էության, փորձում են Ռուսաստանի համար հավելյալ քաղաքական ու աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների պահպանման պայքարի ճակատ բացել՝ թուլացնելով նրա դիրքերը բազմատարածաշրջանային ձևաչափում։
Միևնույն ժամանակ, ռուս-թուրքական գործընթացին այլընտրանք գտնելը և դրա ձևաչափից դուրս գալը Հայաստանի համար, անշուշտ, պետք է առաջնահերթություն լինի։ Բայց այդ առաջնահերթությունը հետապնդելիս չի կարելի ցանկալին շփոթել իրականի հետ։ Այն փուլը, երբ Հայաստանը ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումների էր գնում, ու դրանով իսկ ապահովվում էր եռակողմ բանակցային գործընթացի «առաջընթացը», չի կարող հավերժ տևել։ Հայաստանի իշխանությունները հստակ մտադրություն են ցույց տալիս կանգնեցնելու այդ գործընթացը, բայց նման բան անելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ, առաջին հերթին՝ ուժային, ռեսուրսներ, որոնք թույլ կտան բացառել ադրբեջանական ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք և ստիպել ադրբեջանական կողմին փոխել ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի իր մարտավարությունը։ Կարևոր է գիտակցել, որ ամեն հաջողված ադրբեջանական ներխուժում ավելին է, քան բուն այդ տարածքի (յուրաքանչյուր դեպքում՝ մի քանի քառակուսի կիլոմետր) օկուպացիան։ Յուրաքանչյուր այդպիսի ներխուժում նաև ՀՀ ԶՈՒ անպատրաստվածության ցուցիչ է և վկայությունն այն բանի, որ Հայաստանի ռազմական մեքենան չի վերականգնվել 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո։ Սա իր հերթին էականորեն սահմանափակում է վերոնշյալ «եռակողմ գործընթացը» կասեցնելու Հայաստանի կարողությունները, թողնելով միայն մեկ ճանապարհ՝ ձևաչափից դուրս գտնվող ուժային կենտրոնի միջամտություն։
Արևմտյան ներգրավվածությամբ վերջին գործընթացները կարող են մեծ ոգևորություն առաջացնել ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ իշխանությունների մոտ՝ ստեղծելով վերոնշյալ ուժային կենտրոնի միջամտության հասունանալու պատրանք: Մինչդեռ, վտանգ կա, որ այս փուլում արևմտյան ներգրավվածությունը կապված չէ մեր տարածաշրջանի հետ և չունի տարածաշրջանում տեղ գտած գործընթացների խորքային փոփոխության կամ գոնե կասեցման նպատակ։ Այդ պարագայում փորձելով օգտվել թվացյալ հնարավորությունից՝ Հայաստանը կարող է էլ ավելի վնասել տարածաշրջանային իր դիրքերը։ Իսկ հայկական երկու պետությունների համար նոր կորուստները սպառնում են ճակատագրական լինել։ Միով բանիվ, այս հարթության մեջ մեզ պետք է գիտակցել, որ Ռուսաստանի առաջնորդությամբ ընթացող եռակողմ գործընթացները բացարձակապես չեն բխում ՀՀ պետական շահերից ու հայ ժողովորդի կենսական շահերից, և այդ գործընթացները պետք է գոնե կասեցվեն։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել բոլոր սպառնալիքները և եղած խաղաքարտերը ու չշտապել խաղադրույք կատարելիս․ իրավիճակը էլ ավելի չվատթարացնելու համար։
Իրավիճակի որպիսության լավագույն բացահայտիչը կլինի բրյուսելյան հանդիպումը, երբ մենք ստանանք մի քանի հարցերի պատասխաններ։
Առաջին ցուցիչը հանդիպման կայացման փաստն է ինքին, քանի որ դեռևս կասկածներ կան, որ հանդիպումը կարող է չեղարկվել։
Երկրորդ ցուցիչը հումանիտար հարցերի լուծման արդյունավետությունն է։ Ադրբեջանը պետք է վերադարձնի գերության մեջ պահվող ռազմագերիներին և այլ պատանդառուներին, իսկ սրա համար ընդամենն անհրաժեշտ է բավականաչափ ճնշում ադրբեջանական կողմի վրա։
Երրորդ ցուցիչը, հումանիտար հարցերից զատ, քաղաքական հարցերի քննարկումն ու արդյունքների գրանցումն է։
Այս բոլոր ցուցիչները կվկայեն արևմտյան երկրների նպատակների լրջությունը և խորությունը մեր տարածաշրջանում։ Սրան զուգահեռ երկրորդ բացահայտիչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնումն է, ինչը կլինի Արևմուտքի հստակ ու բովանդակային դիրքորոշումը մեր տարածաշրջանում ներկա լինելու ու ազդեցություն իրագործելու շուրջ։ Այս բացահայտիչներից ու ցուցիչներից էլ կախված պետք է լինի մեր վերաբերմունքը արևմտյան երկրների տարածաշրջանային քաղաքականությանը։
Եթե մենք ականատես լինենք բոլոր ցուցիչների դրական զարգացմանը, ապա այն մեզ կընձեռի կարճաժամկետ հնարավորություն՝ հավասարակշռելու տարածաշրջանում իրավիճակը և կասեցնելու Հայաստանի զիջումների հաշվին եռակողմ ձևաչափով բանակցային գործընթացի «առաջընթացը» , և սա բնավ փոքր ձեռքբերում չի լինի։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մտածել նաև երկարաժամկետ լուծումների մասին, մասնավորապես՝ ելնելով այն իրողությունից, որ Արցախյան հիմնահարցը վերաճել է երկու նոր առանձին հիմնահարցերի՝ Արցախյան հիմնահարց և առանձին Հայաստան-Ադրբեջան հակամարտություն (Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումներ, Հայաստանի տարածքների օկուպացիա, մեկօրյա պատերազմներ և այլն)։
Երկարաժամկետ լուծումները հաշվարկելիս նույնպես հարկ է ելնել ռեսուրսներից և այդ ռեսուրսների հասանելիության կանխատեսումներից։ Հնարավո՞ր է, արդյոք, իրավիճակ, երբ Հայաստանն ի վիճակի կլինի ռազմի դաշտում արդյունավետորեն հակադրվելու Թուրքիային և Ադրբեջանին։ Հնարավո՞ր է, արդյոք, որ Հայաստանն ունենա այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք ունի Ադրբեջանը՝ հաշվի առնելով այն, որ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ տարածաշրջանում Ադրբեջանն ունի դաշնակից, իսկ Հայաստանը՝ լավագույն դեպքում միջնորդ։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր տարածաշրջանի ապագան՝ հիմք ընդունելով այն պարզագույն իրողությունը, որ ո՛չ թուրքերն են այստեղից հեռանալու, ո՛չ ադրբեջանցիները և ո՛չ էլ հայերը։