Էդգար ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ
Վանաձոր
2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան հաջորդող և մինչ այժմ ընթացող իրադարձություններն անդառնալիորեն փոխեցին աշխարհաքաղաքական պատկերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև պարարտ հող ստեղծեցին և խթան հանդիսացան տարածաշրջանից դուրս ուժային կենտրոնների վերադասավորման և բազմաթիվ նորանոր, հաճախ դժվար կանխատեսելի զարգացումների համար: «Չսպասված-սպասելի» պատերազմն այս կամ այն կերպ ազդեց տարածաշրջանի բոլոր երկրների վրա` ստիպելով ներքին և արտաքին դերակատարներին կողմնորոշվել և հնարավորինս արագ ու ճկուն դիրքավորվել նոր ձևավորվող միջավայրում:
Ակնհայտ է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակներում «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով» տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ զորամիավորումները, միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն հանդիսացող Ռուսաստանը կրկին ներկայացավ աշխարհին իբրև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասնակից «ամենաազդեցիկ» դերակատարը: Պաշտոնական Մոսկվան թե՛ հայտարարությունների և թե՛ գործողությունների մակարդակով շարունակաբար շեշտադրել է իր դոմինանտ դերը հետխոհրդային տարածաշրջանում և, մասնավորապես, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում: Մոսկվայի այս «հատուկ» կարգավիճակը երկար տարիներ «ճանաչվել է» ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ պետությունների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից: Արդյունքում, Մինսկի խմբի աշխատանքներին զուգահեռ, Մոսկվան շարունակաբար վարել է իր սեփական աշխարհաքաղաքական գիծը, որը հաճախ համահունչ չի եղել ՄԽ-ի մոտեցումներին:
Արևմտյան փորձագիտական շրջանակներում շատերն են ընդգծում, որ Մոսկվայի նման երկակի գործելակերպը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` իբրև ՄԽ համանախագահ պետություն և իբրև առանձին` «հատուկ կարգավիճակով» դերակատար, տարածաշրջանում խաթարել է վստահությունը Մինսկի խմբի գործունեության նկատմամբ: Ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործողությունները հիմնականում իրականացվել են Մինսկի խմբի շրջանակներում: Առանձին դեպքերում, երբ վերջիններս հանդես են եկել սեփական նախաձեռնություններով, դրանք հիմնականում չեն շեղել կողմերին Մինսկի խմբի պաշտոնական գործընթացից:
Այսօր` 44 օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց, վստահությամբ կարելի է ասել, որ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն ամբողջությամբ պարալիզացված էր, իսկ համանախագահող երկրների ղեկավարների և միջազգային ու տարածաշրջանային ամենահեղինակավոր կազմակերպությունների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններն ու հորդորները ի զորու չէին դադարեցնելու արյունալի պատերազմը: Փխրուն և ցանկացած պահի նոր ուժով պայթելուն պատրաստ հրադադար հաջողվեց կնքել միայն պաշտոնական Մոսկվայի միջամտությամբ և ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական մասնակցությամբ:
Եվրոպական Միությունը հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացներում փաստացի ներգրավված չի եղել, ընդունված է համարել, որ Մինսկի խմբում Եվրամիությունը ներկայացված է ի դեմս Ֆրանսիայի: Դեռևս 1994 թվականին` առաջին Ղարաբաղյան պատերազմի հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո, Եվրամիության պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է «Մինսկի գործընթացի» անվերապահ աջակցությամբ: Պատրաստվո՞ւմ է արդյոք Եվրոպական Միությունը վերաիմաստավորել իր գործունեությունը կամ վերանայել Հարավային Կովկասին առնչվող իր դիրքորոշումները՝ 44 օրյա զինված հակամարտության արդյունքում նոր status quo-ի հաստատումից հետո: Հարցին համապարփակ պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել բազմաթիվ գործոններ` այս կառույցի կարողություններն ու հնարավորությունները՝ ներառյալ գոյություն ունեցող քաղաքական որոշումներ կայացնելու և ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմները, տարածաշրջանի երկրների, ինչպես նաև ներգրավված այլ դերակատարների հետ անդամ պետությունների հարաբերությունները և բազմաթիվ այլ հանգամանքներ:
Եվրամիության պաշտոնյաները հենց իրենք էլ շատ հաճախ համեմատում են այս կառույցը ահռելի տանկերի հետ` շատ հզոր, սակայն նավարկման ընթացքում արագաշարժությամբ և ճկունությամբ աչքի չընկնող: Շատերի կարծիքով՝ Եվրամիությունում որոշումների կայացման գործընթացի հիմնական բարդության պատճառն այդ կառույցի միատարր չլինելն է, քանի որ որոշումները համաձայնեցված պետք է լինեն 27՝ միմյանցից տարբերվող նպատակներ, շահեր և հետաքրքրություններ ունեցող անդամ պետությունների միջև, որոնք, սակայն, կիսում են ժողովրդավարական արժեհամակարգը և որոնց միավորում են տնտեսական փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Չնայած որոշումների կայացման մեխանիզմների բարդությանը՝ Եվրամիությանը, այնուամենայնիվ, հաջողվել է բավականին արագ և արդյունավետ արձագանքել Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների, ռուսաստանյան կամ բելառուսական իշխանությունների կողմից ընդդիմության դեմ իրականացվող բռնարարքների և անօրինությունների կամ Մոլդովայում տեղի ունեցող զարգացումներին: Ծանրաքարշ այս կառույցի այդօրինակ արագ գործելակերպի հիմնական պատճառն այն է, որ վերոնշյալ ճգնաժամային իրավիճակներում ներգրավված կողմերի կամ դրանց դերակատարման և ազդեցության վերաբերյալ գնահատականների շուրջ եղել է կոնսենսուս բոլոր 27 անդամ պետությունների միջև: Այդ պարագայում անդամ պետությունների դիրքորոշման արտահայտումը երկար սպասեցնել չի տվել:
Իրավիճակը, սակայն, այլ է Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված կողմերի, նրանց դիրքորոշումների և գործողությունների վերաբերյալ անդամ պետությունների ունեցած տեսակետների հարցում: Այլ կերպ ասած, կարելի է ենթադրել, որ Եվրամիության ներսում չկա կոնսենսուս կողմերից որևե մեկի օգտին, հետևաբար չկա ընդհանրական գնահատական կողմերի գործողությունների կամ դրանց հետևանքների վերաբերյալ: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքում Բրյուսելից հնչող հայտարարությունները հիմնականում հավասարության նշան էին դնում կողմերի և վերջիններիս գործողությունների վերաբերյալ գնահատականների միջև: Հնչում էին զսպվածություն դրսևորելու ընդհանրական, անհասցե կոչեր և հորդորներ, որոնց, սակայն, չէին հաջորդում մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքերը դադարացնելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ: Հիշատակման արժանի է նաև այն փաստը, որ միջազգային հարթակներում` Եվրոպական Միության անդամ պետությունների կողմից հնչող` Ուկրաինայում վերջին զարգացումների կամ ընդդիմադիր գործիչների մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ ռուսաստանյան կամ բելառուսական իշխանություններին դատապարտող կոչերին, բանաձևերին և հայտարարություններին միանալու հարցում էլ ավանդաբար զգուշավորություն են դրսևորել թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի իշխանությունները:
Մարտական գործողություններից ավելի քան մեկ տարի անց Եվրամիությունը հայտարարում է, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով: Ակնհայտ է, որ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու՝ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերը տարածաշրջանում կայուն խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերից էր: Հատկանշական է, որ Եվրոպական Խորհրդի նախագահի հրավերի վերաբերյալ Կրեմլի արձագանքը երկար սպասեցնել չտվեց. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը մասնակցելու համաձայնության հայտարարություններից անմիջապես հետո հնչեց հրավեր պաշտոնական Մոսկվայից: Եվրոպական Միության մայրաքաղաք մեկնելուց առաջ Փաշինյանը և Ալիևը հրավեր ստացան հանդիպելու ռուսաստանյան Սոչիում: Դժվար կլինի անտեսել կամ թյուրըմբռնել Կրեմլի` թե՛ կողմերին և թե՛ միջազգային հանրությանն ուղղված այս խոսուն գործողության ուղերձը: Սակայն, հետխորհրդային տարածաշրջանում տարբեր ուժգնությամբ պարբերաբար իրենց մասին հիշեցնող բազմաթիվ «սառեցված» հակամարտությունների ֆոնին, որոնցում ավանդաբար Եվրամիությունը և Ռուսաստանը հանդես են գալիս որպես ընդդիմակիցներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում, այնուամենայնիվ, Եվրամիությունում վաղուց «համակերպվել են» Ռուսաստանի` հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումների նկատմամբ ունեցած ազդեցութան հետ:
Բրյուսելում դեկտեմբերի 14-ին Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներից պարզ է դառնում, որ բրյուսելյան հանդիպումը կառուցված էր` իբրև նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ Սոչիում կայացած հանդիպման տրամաբանական շարունակություն: Հանդիպումից հետո Շառլ Միշելի գրասենյակի կողմից հրապարակված հայտարարության տեքստում, մասնավորապես, նշվում է, որ կողմերը հավատարիմ կմնան նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Սակայն, ուշագրավ է, որ բրյուսելյան հանդիպման շրջանակներում Եվրամիության կողմից կատարվել են բավականին հետաքրքիր առաջարկություններ, որոնք, ըստ հրապարակված հայտարարության, ընդունվել են նաև Փաշինյանի և Ալիևի կողմից: Մասնավորապես` Սոչիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, իսկ բրյուսելյան հանդիպման ընթացքում կողմերը եկել են համաձայնության, որ ԵՄ-ն փորձագետների առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի աջակցության համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու միջոցով: Բացի այդ, Եվրամիությունը ձեռնամուխ կլինի փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը, ինչը սկզբունքորեն բխում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներից, որոնց մասին ավելի ընդհանրական կերպով խոսվել է Սոչիում:
Նույն` Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, արդեն բուն գագաթնաժողովի անցկացման օրը, տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիևի մի այլ հանդիպում` այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել, սակայն հետաքրքրական է, որ այս հանդիպման կազմակերպման նախօրեին կայացել էր Մակրոնի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որի ժամանակ վերջինս տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահները խոսել են հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող հարցերի շուրջ և հայտնել են հաստատակամություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները ակտիվացնելու հարցում:
Արդեն բուն գագաթնաժողովի աշխատանքի արդյունքում հրապարակված համատեղ հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի ջանքերը, ընդլայնված ներգրավվածությունը և ամրապնդված դերը հակամարտությունների կանխարգելման, հակամարտությունների կարգավորման, վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակներում կամ ի աջակցություն վերջիններիս, ներառյալ` անհրաժեշտության դեպքում, դաշտային ներկայությունը: Հայտարարությամբ, ըստ էության, եզրագծվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական Միության ներգրավվածության շրջանակը և շահագրգռվածության ոլորտները: Դատելով հռչակագրի տեքստից` միանշանակ է դառնում, որ Եվրամիությունը պատրաստվում է կրկնապատկել ջանքերը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա Արևելյան գործընկերության տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ, չեզոքացնելու համար խաղաղության, անվտանգության և կայունության համար վտանգ հանդիսացող շարունակական ապակայունացման փորձերը և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումները:
Վերադառնալով հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Եվրամիության դերին և ազդեցությանը` անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ այս հակամարտության գոտում «հատուկ միջնորդի» կարգավիճակ ստանձնած ՌԴ-ի հետ Արևելյան գործընկերության տարածաշրջանում գոյություն ունեցող գրեթե բոլոր հակամարտություններում ԵՄ-ն ավանդաբար գտնվում է հակառակ բևեռում: Վերոնշյալ օրինակները գալիս են հիմնավորելու այն թեզը, որ, այնուամենայնիվ, Եվրոպական Միությունը պատրաստ է ստանձնել ԼՂ հակամարտության գոտում Ռուսաստանի քաղաքական անվերապահ ազդեցությանը հակակշիռ ապահովողի դերակատարումը: Նման հակակշռի ապահովումն, անկասկած, անհրաժեշտ է տարածաշրջանում, հատկապես ժողովրդավարության արժեզրկման, նոր անվտանգային և հումանիտար ճգնաժամերի վտանգները կանխելու տեսանկյունից: Մյուս կողմից, հիմնվելով ԵՄ-ի կողմից արդեն իսկ իրականացված գործողությունների վերաբերյալ վերոնշյալ օրինակների վրա, աշխարհաքաղաքական նման զարգացումների պարագայում, կարելի է ակնկալել, որ Ռուսաստանի Դաշնության հետ նոր առճակատում ունենալու փոխարեն՝ Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը: Այլ կերպ ասած` հակամարտության լուծման քաղաքական գործընթացներում ներգրավվելու փոխարեն ԵՄ-ն առաջնահերթություն կտա տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ապահովող միջնորդի դերի ստանձնմանը և տնտեսական նախագծերի իրականացմանը` քաղաքական գործընթացի կարգավորման իրականացումը թողնելով դրա լեգիտիմ մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մնում է միայն հուսալ, որ համանախագահ երկրների ղեկավարներին կհաջողվի դրսևորել բավականաչափ քաղաքական կամք` հակամարտությունում ներգրավված կողմերի հետ համագործակցությամբ Մինսկի աշխատանքային խումբը վերակենդանացնելու և վերջինիս բնականոն աշխատանքները վերսկսելու ուղղությամբ:
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր խմագրություն ուղարկելու համար, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ, դեկտեմբերի 19-ին գերությունից ազատվել և Բաքվից Երևան են բերվել ևս 10 հայ զինծառայողներ։