Միացյալ Նահանգները կտրականապես ընդդիմանում է Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելու մտադրությանը, անցած գիշեր հեռախոսազրույցի ընթացքում իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Նախարար Օսթինը իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի հյուսիում իրադրության սրման, այստեղ ծավալված մարտական գործողությունների առթիվ՝ ներառյալ այն օդային հարվածների, որոնցից մի քանիսը ուղղակիորեն սպառնում էին «Իսլամական պետության» խմբավորման դեմ տեղացի գործընկերների հետ համատեղ պայքարող ամերիկացի զինվորականների անվտանգությանը», – նշված է Պենտագոնի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Դեռ անցած շաբաթ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններին հասցված օդային հարվածների ժամանակ հրթիռներից մի քանիսը պայթել են այստեղ տեղակայված ամերիկյան ռազմակայանի տարածքում։ Ճիշտ է՝ զինվորականները հատուկ ընդգծում էին, որ հարվածների հետևանքով ամերիկացիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, անգամ ռազմակայանի տարածքում գտնվող շինությունները չեն տուժել, այնուհանդերձ այս հարվածների միջոցով թուրքական կողմը մի կարևոր նպատակի արդեն իսկ հասել է։ Սիրիայում տեղակայված ամերիկյան զորախմբի և քրդական ջոկատների միջև համագործակցությունը զգալիորեն դժվարացել է։
«Մենք նվազեցրել ենք գործընկերների հետ իրականացվող պարեկային հերթապահությունների թիվը։ Ես դեռ նախորդ շաբաթ էի հայտարարել, որ այս տարածաշրջանում իրադրության սրումը մեզ լրջորեն մտահոգում է։ Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում։ Հարկ է նաև ընդգծել, որ հակամարտության շարունակությունն ու [թուրքական] ցամաքային գործողությունը կարող է լրջորեն վտանգել այն բոլոր ձեռքբերումները, որոնց կարողացել է հասնել աշխարհը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում», – ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Պատրիկ Ռայդերը։
Սիրիայում Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցները՝ քրդերը ևս հաստատում են՝ նոյեմբերի 20-ից շարունակվող թուրքական հարվածների հետևանքով «Իսլամական պետության» դեռևս ակտիվ մնացող ուժերի դեմ համատեղ պայքարը զգալիորեն սահմանափակվել է։ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Սիրիայի քրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդին դա բացատրում էր այն հանգամանքով, որ թուրքական օդային հարվածները զգալիորեն սահմանափակել են իր ենթակայության տակ գործող ջոկատների շարժունակությունը։ Ինչ վերաբերում է ամերիկյան ռազմակայանին հասցված հարվածներին, ապա դրանք, ըստ Աբդիի, հստակ ուղերձներ էին Անկարայի կողմից։
«Այս անգամ այդ հարվածների հասցեատերերը մի քանիսն էին։ Ոչ միայն մենք, այլև Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան։ Թուրքերը կոալիցիայի անդամներին հստակորեն ասում են՝ դուք պետք է հեռանաք Սիրիայի տարածքից, ձեր ներկայությունը հարվածներ հասցնելու հարցում չի կարող մեզ համար խոչընդոտ հանդիսանալ։ Պետք է նաև հստակորեն ասել, որ երեք պետությունները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանն այս հարցում համակարծիք են։ Այդ երեք պետություններն էլ ցանկանում են, որ կոալիցիան հեռանա այս տարածաշրջանից», – շեշտել է քուրդ հրամանատարը։
Աբդին նաև հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն ռուսական կողմի միջոցով Անկարան վերջնագիր է ներկայացրել սիրիացի քրդերին՝ պահանջելով, որ նրանք դուրս բերեն իրենց ջոկատները Քոբանի, Մանբիջ և Թել-Ռիֆաթ քաղաքներից։ Նույն հաղորդագրությունների համաձայն՝ թուրքական ուժերը համաձայնել են չեղարկել Սիրիայի տարածքում ծրագրվող ցամաքային գործողությունը, եթե վերը հիշատակված երեք քաղաքներից քրդական ուժերի դուրսբերումից հետո դրանցում իշխանությունը հանձնվի Բաշար Ասադի կառավարությանը։ Քրդական ուժերի հրամանատար Աբդին հաստատում է, որ օրերս հանդիպել է Սիրիայում ռուսական զորախմբի հրամանատարի հետ, սակայն հավելում. «Անկարայի կողմից առաջ քաշված որևէ պահանջ մեզ այդ հանդիպման ընթացքում չի ներկայացվել»։
Ստեղծված իրավիճակում գլխավոր հարցն է, թե երբ է Թուրքիան սկսելու ցամաքային հարձակումը։ Երկուշաբթի օրը թուրքական աղբյուրները հաղորդել էին, որ երկրի զինված ուժերից ևս մի քանի օր կպահանջվի բարձր մակարդակի պատրաստության աստիճանի հասնելու համար։ Սիրիայի հյուսիս 2016-ից ի վեր թվով չորրորդ ներխուժման հստակ պայմանններն ու ժամկետներն էլ, ըստ ամենայնի, կորոշվեն առաջիկա ժամերին՝ Անկարայում մեկնարկող Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։