Արցախի շրջափակումը պատճառ է դարձել, որ արցախյան կարգավորման խնդիրը կրկին հայտնվի ուժի կենտրոնների ուշադրության առանցքում։ Սա շրջափակում կազմակերպողների համար որոշակիորեն անսպասելի զարգացում էր․ նրանք հույս ունեին շարունակել ճնշումը Հայաստանի ու Արցախի վրա՝ առանց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային սևեռված միջազգային հանրության լայն ուշադրությունը հրավիրելու։ Հայ ժողովրդի և ուժի կենտրոնների արձագանքի հարցում համանման սխալ հաշվարկը թույլ է տրվել նաև սեպտեմբերյան ռազմական սրացման ժամանակ, երբ Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի շարք ռազմավարական բարձունքներ, իսկ ռազմական գործողությունները կանգնեցվել են դրանց շարունակության դեմ խստորեն դեմ արտահայտված ԱՄՆ-ի ու Իրանի միջամտության շնորհիվ։
Ուժի կենտրոնների օպերատիվ արձագանքը հերթական անգամ հիշեցնում է, որ արցախյան կարգավորման խնդիրը ոչ թե տեղական, այլ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական է․ այն բացառում է տեղական որոշումների «պերճանքը»։ Արցախը շարունակում է մնալ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության համակարգի տարր․ արցախյան խնդիրը չի կարող առանձնացվել և մեկուսի դիտվել՝ առանց Արցախին և ողջ անվտանգության համակարգին անհանդուրժելի վնաս հասցնելու։ Որպես հետևանք՝ Արցախի շուրջ գործընթացները, ներառյալ որպես ռազմական գործողությունների յուրատեսակ ձև շարունակվող շրջափակումը, պետք է խորապես գիտակցվեն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ասպարեզներում։
Արցախյան խնդրի կարգավիճակի պահպանումը թույլ է տալիս որակական փոփոխությունների հասնել 2020 թ․ արցախյան պատերազմից հետո ձևավորված թրենդներում, երբ հաղթանակած երկրներն Արցախի հարցը լուծված են համարել։ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը որպես ագրեսոր-պետություններ Արցախի տարածքում կարողացել են ռազմական ներկայություն հաստատել, իսկ արցախաբնակ հայության պահպանումն Արցախի տարածքում դիտվում է որպես Ռուսաստանի ռազմական ներկայության համար անհրաժեշտ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ ժամանակավոր միջոց։ 2020 թ․ ռազմական գործողությունների արդյունքներով ձևավորված Արցախի սահմանները Թուրքիային/Ադրբեջանին թույլ են տալիս կարճատև ռազմական գործողության շրջանակում լուծել Արցախի տարածքից արցախահայության արտամղման և բնաջնջման խնդիրը, եթե հայ ժողովուրդը չձեռնարկի ռազմական, քաղաքական և միջազգային բնույթի անհրաժեշտ միջոցներ։
Սակայն ներկայումս դիտվող դինամիկան Արցախի հայությանն ու ողջ հայ ժողովրդին հնարավորություն է տալիս ակտիվ գործողությունների միջոցով շրջել առկա թրենդները։ Այսօր կարելի է վստահորեն խոսել Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ արցախյան կարգավորման դաշտ վերադառնալու մասին, որտեղ 2020 թվականից ներկա են եղել միայն Ռուսաստանն ու Թուրքիան։ Այն ժամանակ հաղթանակած երկրներն Իրանին ևս առաջարկել են մասնակցել Հարավային Կովկասում երկրորդ արցախյան պատերազմի հետևանքների վավերացմանը «3+3» հարթակի շրջանակում։
2023 թ․ ստեղծվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստորեն ընդհատված աշխատանքը վերսկսելու պայմանները։ Ռուսաստանն ու Ադրբեջանը բացահայտ հայտարարում էին ռազմական ճանապարհով արցախյան խնդրի փակման մասին, երբ արցախահայությանը մերժվում էին որևէ կարգավիճակ և իրավունքներ, իսկ «Լեռնային Ղարաբաղ»-ն ագրեսիայի կազմակերպիչներն արդեն դիտում էին որպես պատմության գիրկն անցած հասկացություն։ Մինսկի խումբը, հավանաբար, ձևափոխման անհրաժեշտություն կունենա՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի գործած ռազմական հանցագործությունները։ Այդ դեպքում արցախյան խնդրի կարգավորումը կիրականացվի համանախագահների այլ կազմով, սակայն դրանք աշխատել վերսկսած Մինսկի խմբի առջև ծառանալիք հաջորդ փուլի մարտահրավերներն ու սպառնալիքներն են։
Արցախյան խնդրի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բնույթի իրողության ըմբռնումը թույլ է տալիս հասկանալ, որ Արցախի շրջափակման կազմակերպմանը մասնակցում է ոչ միայն Ադրբեջանը, այլև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժի կենտրոնները։ 2020 թ․ Ռուսաստանը ստանձնել է Լաչինի միջանցքի անվտանգության և ազատ գործառնության ապահովման պարտավորությունը։ Ադրբեջանը պարտավորվել է չմիջամտել դրան։ 2020 թ․ հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի երկու կողմերի ստանձնած պարտավորությունները կատարելու չկամությունը միանգամայն բնական է և հետապնդում է Հայաստանին բռնաճնշելու համընկնող ռազմավարական շահեր։
Ստանձնված պարտավորությունների խախտումը չի կարելի պատահականություն որակել, ընդհակառակը՝ պետք է խոսել Արցախի շրջափակումը կազմակերպելու համաձայնեցված քայլերի ու մտադրության մասին։ Ամեն ինչից զատ՝ դա նշանակում է, որ միջազգային հանրության կողմից անընդունելի և դատապարտելի դիտվող Արցախի շրջափակման մարդասիրական հայեցակետերն ըստ էության երկրորդական են։ Շրջափակումը նախ և առաջ այն կազմակերպած ուժային կենտրոնների քաղաքականության և ռազմավարության տարր է։
Ռուսաստանի համար այն Հայաստանը ճնշելու գործիք է, ստիպելու համաձայնվել «զանգեզուրյան միջանցքի» բացմանը, որը Ռուսաստանին թույլ կտա միանգամից մի շարք խնդիրներ լուծել։ Նախ՝ միջանցքը թույլ կտա Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցություն հաստատել՝ Արևմուտքի կողմից իրականացվող աշխարհաքաղաքական շրջափակումը հաղթահարելու համար։ Արդեն իսկ կիրառված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է երկրի եվրոպական հատվածում արտաքին աշխարհի հետ հաղորդակցային ուղիների զգալի մասը։ Ներկայումս Թուրքիան խորջրյա նավահանգիստներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունեցող միակ պետությունն է, որը Ռուսաստանին աշխարհաքաղաքական շրջափակումը ճեղքելու հնարավորություն է տալիս։ Թուրքիայի հետ ուժային այլ կենտրոնների կողմից չվերահսկվող ցամաքային հաղորդակցային ուղիներ ունենալը Ռուսաստանի համար ճգնաժամորեն կարևոր է դարձել հատկապես աղետալի հետևանքների հանգեցրած ուկրաինական պատերազմի մեջ ներքաշվելուց հետո։ Ադրբեջանի ու Թուրքիայի միջով հաղորդակցային միջանցքը Ռուսաստանի համար փաստորեն այլընտրանք չունեցող անհրաժեշտություն է, իսկ այդ ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտը հենց Հայաստանն է։
Թուրքիայի համար ցամաքային միջանցքի ստեղծումը և Հայաստանի պետական ինքնիշխանության վերացումը կարևոր քայլ է նորակայսերական հավակնությունների իրականացման ճանապարհին։ Բացի դրանից՝ միջանցքի բացումն Էրդողանի համար կարող էր հաճելի «բոնուս» դառնալ Թուրքիայում սպասվող ընտրություններին ընդառաջ։ Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի համար միջանցքը քաղաքականության և ռազմավարության հրատապ խնդիր և անմիջական նպատակ չէ։ Թուրքիան կարող է ինքն իրեն թույլ տալ «սպասել» և «հայկական խնդրի» լուծման այլ եղանակներ ընտրել՝ թույլ տալով աշխարհաքաղաքական ցայտնոտում հայտնված Ռուսաստանին այս փուլում ինքնուրույնաբար գործել։
Հայաստանի համար «զանգեզուրյան միջանցքի» ստեղծումը կհանգեցնի Սյունիքի և պետական ինքնիշխանության կորստին։ Ավելին՝ այդ քայլն անխուսափելիորեն կդառնա Մեծ Եղեռնի շարունակություն, որն ավարտին կհասցնի Թուրքիայի/Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից Արցախի ու Սյունիքի հայության նկատմամբ տարվող ցեղասպանական քաղաքականությունը։ Այսպիսով, Ռուսաստանը դառնում է հայ ժողովրդի ցեղասպանության հանցակիցը։ Ուստի՝ ռազմական կամ այլ եղանակներով «զանգեզուրյան միջանցքը» ճեղքելու սպառնալիքը Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է դիտեն որպես գոյաբանական վտանգ։
Արևմուտքի համար Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շրջափակման ճեղքումը կանխելու համար, երբ Արևմուտքի ու Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են, և նրանք բնական դաշնակից են դառնում Հարավային Կովկասում Թուրքիայի և Ռուսաստանի ծավալապաշտությունը կասեցնելու համար։ Արևմուտքի դիվանագիտական ակտիվությունն, այսպիսով, ունի ոչ միայն մարդասիրական տարողություն, այլև վկայում է հայ ժողովրդի ազգային և Արևմուտքի ռազմավարական շահերի համընկնման մասին։
Իրանի համար Հարավային Կովկասում Ռուսաստանի ու Թուրքիայի տիրապետության չթույլատրումը նույնպես կարևոր է․ Իրանը հստակորեն ու միանշանակ հասկացրել է Հայաստանի սահմանների վերանայման անթույլատրելիությունը։ Պատահական չէ, որ 2022 թ․ սեպտեմբերին ռազմական գործողությունների ընդլայնումը կանգնեցվել է ԱՄՆ-ի ու Իրանի խիստ դիրքորոշման շնորհիվ։ Այսպիսով, Հայաստանի ազգային շահերը որոշ ժամանակահատվածով համընկնում են Արևմուտքի ու Իրանի ռազմավարական շահերին, և սա համեմատաբար սակավադեպ երևույթ է։
Նոր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դաշինքների ստեղծման համար Հայաստանի առջև բացված հնարավորությունների պատուհանը եզակի է։ Հայկական դիվանագիտությունը պետք է հնարավորինս օգտագործի այն, հասկանալով, որ Արցախի շրջափակումը և ճնշման մյուս եղանակներն ունեն գին, որը հայ ժողովուրդը ներկայումս վճարում է 2020 թ․ Ռուսաստանի ու Թուրքիայի կազմակերպած տարածաշրջանային շրջափակումից դուրս գալու հնարավորություն ձեռք բերելու համար։
Ստեղծված հնարավորությունների օգտագործումը հայաստանյան իշխանությունից ու հասարակությունից պահանջում են այնպիսի կշռադատված քայլեր, որոնք Հայաստանին և Արցախին հնարավորություն կտան շրջադարձ իրականացնել և դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից։ Հայ ժողովուրդը հնարավորություն է ստացել լքել 20-րդ դարի ռուսական քաղաքականության և ռազմավարության կործանարար հունը և ձևավորել ինքնուրույն քաղաքականություն ու ռազմավարություն։
Անկասկած, նոր հնարավորություններն ուղեկցվում են նաև նոր սպառնալիքներով՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի անկայունությունը։ Այս տեսանկյունից՝ դիվանագիտական ասպարեզում ԵՄ դիտորդների առաքելության ձևավորումն ու Հայաստանին ֆինանսական աջակցության մեծացումն անվտանգության որոշակի երաշխիքներն են ստեղծում շրջադարձի կատարման ժամանակ։ Սակայն հայ հասարակությունն ու պետականությունը պետք է հստակորեն գիտակցեն, որ դրանք միջազգային ու դիվանագիտական ոլորտում տրված երաշխիքներն են, իսկ քաղաքական ասպարեզում, պաշտպանության և անվտանգության ոլորտներում երաշխիքները Հայաստանն ու Արցախը տվյալ փուլում պետք է ինքնուրույնաբար ապահովեն։
Ուղղվածության փոփոխության և հայոց քաղաքականության շրջադարձի ժամանակ ամենակարևորն է հայ ժողովրդի և իշխանության ազգային, պետական և քաղաքական կամքը։ Հետխորհրդային Հայաստանն ու Արցախը դառնում են պատմության մաս և բուն հարցն այն է, թե արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է ընտրել ազատ, անկախ միացյալ Հայաստանի կերտման ճանապարհը, թե՞ նա կգերադասի ականատես լինել Հայկական հարցի և հայոց պատմության վերջին էջի եզրափակմանը, որի միջանկյալ փուլը կլինի Արցախի տարածքից արցախահայության անհետացումը։
Եվ այստեղ, անտարակույս, Արցախի հայության վրա մեծ պատասխանատվություն է ընկնում․ պետք է ընտրություն կատարվի Արևմտյան Հայաստանի ճակատագրի և Արցախը հայկական պահելու վճռականության միջև։ Այս տեսանկյունից կարելի է խոսել հայոց պատմության եզակի պահի և այն ընտրության մասին, որն ըստ էության վճռելու է Պատմական Հայաստանում հայոց պետականության և հայ ժողովրդի ապագան։
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան