Միջազգային միջնորդների տարիներ ի վեր պնդումները, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, և որ հակամարտության ամրակայուն կարգավորման կարելի է հասնել միայն այն պայմանով, որ Ադրբեջանին հանձնվեն նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները, փաստացի հիմնազուրկ դուրս եկան։ ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված այդ տարածքներն, ամեն ինչից զատ, մեր կողմից դիտարկվում էին որպես անվտանգության գոտի, և այս հանգամանքը հիմնավորվում էր նրանով, որ դրանք ԼՂՀ վերահսկողության տակ էին հայտնվել 1992 թվականի սկզբին մեր դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով։
Ադրբեջանը միջազգային ճանաչում է ստացել պայմանով, որ ընդունում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության առկայությունը և պատրաստակամություն է հայտնում խաղաղ ճանապարհով լուծելու այն։ Սակայն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին անդամակցելուց անմիջապես հետո Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունները և պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ու պարտվել է այդ պատերազմում, որը հանգեցրել է նոր ստատուս քվոյի և մարտական գործողությունների գոտում կողմերի զորքերի շփման միջազգայնորեն ճանաչված գծի հաստատման։
Ադրբեջանի ագրեսիան պատշաճ դատապարտման չի արժանացել։ Այդուհանդերձ, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային ողջ գործընթացում պատրաստակամություն են հայտնել փոփոխելու զորքերի շփման գիծը՝ նշված տարածքներն Ադրբեջանին հանձնելու ճանապարհով։ Սակայն նման պատրաստակամությունն ուղեկցվում էր մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ճանապարհով հակամարտության լիիրավ կարգավորումը ռազմական գործողությունների վերսկսման դեմ անխախտ երաշխիքների ստեղծման պայմանով։
Ադրբեջանը երբևէ պատրաստակամություն չի հայտնել համաձայնվելու նման երաշխիքների։ Բանակցային գործընթացին մասնակցությունը, ինչպես ցույց է տվել ժամանակը, նրա համար պարզապես պատերազմին նախապատրաստվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման միջոց էր։ Նման պայմանների թվում ենթադրվում էր Ռուսաստանի «հավանության» և այլ երկրներից զգալի արտաքին աջակցության ապահովումը։ Ադրբեջանին դա հաջողվեց անել 2020 թվականին։ Պաշտոնական Բաքուն, հերթական անգամ խախտելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտավորությունը, ռազմական ուժ կիրառեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ընդսմին, մի շարք պարտավորություններ ստանձնելու գնով ստանալով այն, ինչ ցանկանում էր, Ադրբեջանը սկսեց իրեն սանձարձակ պահել բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են քաղաքական և հումանիտար հիմնախնդիրների հետպատերազմյան կարգավորմանը։
Նշյալ բոլոր գործողություններն Ադրբեջանը քողարկում է այն թեզով, որ իբր գործում է միջազգայնորեն ճանաչված իր ինքնիշխան տարածքում. սեփական ապօրինի ու անմարդկային գործողությունների համար Ադրբեջանն այլ արդարացումներ չունի։ Հետևաբար, հարկ է դիմել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունը, ու կոչ անել գիտակցելու, որ Ադրբեջանն իր անմարդկային քաղաքականությունը քողարկում է՝ հիմնվելով նրանց կողմից իր անկախության ճանաչման փաստի վրա։ Այսինքն՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանի միջազգային հապճեպ որոշումները խրախուսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ անպատիժ ապօրինությունների շարունակական բնույթը։ Ոչ ոք չպիտի մոռանա, որ այդ ճանաչումը ստանալով՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհի առաջ իր վրա պարտավորություն ու պատասխանատվություն է ստանձնել խաղաղ ճանապարհով լուծելու վիճելի հարցերը։ Բայց բոլորն էլ տեսնում են, թե ինչ արժեն Ադրբեջանի այդ խոսքերը։ Ահա թե ինչու ստեղծված իրավիճակից միակ ելքը մնում է «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքի կենսագործումը:
Բայց սա մեդալի միայն մի երեսն է, մինչդեռ կա նաև մյուսը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր՝ արգելափակելով Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ հաղորդակցական զարկերակը, այն է` միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքը, Ադրբեջանի իշխանությունները փաստացի պատանդ են վերցրել Արցախի 120.000 բնակչությանը, այդ թվում՝ 30.000 երեխաների, ինչպես նաև տասնյակ հազարավոր կանանց և տարեցների:
Այստեղ հարկ է հաշվի առնել հետևյալը։
Հերթական անգամ խախտելով ռազմական ուժ չկիրառելու մասին իր միջազգային պարտավորություններից՝ Ադրբեջանը 2020 թվականին վերսկսել է ԼՂՀ-ի դեմ իր նախահարձակ գործողությունները, բայց, այնուամենայնիվ, համաձայնվել է մի շարք պայմաններով ստորագրել զինադադարի մասին համաձայնագիրը։ Մասնավորապես, ԼՂՀ-ի երեք շրջանները խաղաղ ճանապարհով իրեն հանձնելու դիմաց Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի ցամաքային անվտանգ միջանցքը, ինչպես նաև պարտավորվել է իր զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ դրանք գտնվում էին հրադադարի հաստատման պահին։
Սակայն Ադրբեջանի իշխանություններն իրենց ներկայիս հանցավոր գործողություններով անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին ստիպել հրաժարվելու իր հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։
Որպես Լաչինի միջանցքի բացման և 120.000 պատանդների ազատ արձակման պայման Ադրբեջանի իշխանություններն առաջադրել են մի շարք քաղաքական և տնտեսական պահանջներ։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվող այս հանցագործությունը համապատասխանում է 1979 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 34/146 բանաձևով ընդունված Պատանդառության դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի էությանը։ Նշված Կոնվենցիայի համաձայն՝ պատանդառությունը դիտվում է որպես միջազգային ահաբեկչության դրսևորում։
Այս առումով, Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների աշխատանքներում անհրաժեշտ է ներառել նոր հայեցակարգ, այն է՝ միջազգային ահաբեկչության դրսևորման վերացման հայեցակարգը։ Միջազգային կազմակերպություններում և լրատվամիջոցներում այս խոսույթը տարածելուց բացի, անհրաժեշտ է բանակցություններ սկսել շահագրգիռ երկրների հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու և պատանդներին փրկելու նպատակով հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման շուրջ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունն ահաբեկչությունը համարում է խաղաղության, անվտանգության և կայունության լրջագույն սպառնալիքներից մեկը, նոր հայեցակարգի առաջմղումը կարող է ստանալ միջազգային աջակցություն և մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք ստիպված կլինեն բացել Լաչինի միջանցքը՝ առանց «փրկագին» ստանալու:
Նորերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ունեցած իր ելույթում նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքի ռազմական եղանակով ապաշրջափակման տեսական հնարավորության հիշատակումը ոչ համարժեք արձագանք է գտել Բաքվում։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի 120 հազար քաղաքացիների պատանդառությունը և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած քաղաքական և նյութական նախապայմաններն, ըստ միջազգային իրավունքի, հենց միջազգային ահաբեկչության բացահայտ դրսևորում են հանդիսանում։
Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի կարծիքով՝ ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Ըստ նրա, Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման շարունակման դեպքում պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում ռազմական տարբերակը՝ հանուն ցեղասպանության իրական սպառնալիքի տակ հայտնված Արցախի 120 հազար բնակչության փրկության։
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան