Հիմա ստացվում է, որ բացի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Լաչինի միջանցքով անխափան անցնելու հանգամանքը կամ Ադրբեջանի պարտավորությունը դա ապահովելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումներին:
Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանը օրեր առաջ որոշեց ժամանակավոր միջոց կիրառել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ անցումը մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով:
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այս որոշումը ունի նաև քաղաքական հետևանքներ և հիմա էլ դրանք արդեն կան. «Միգուցե շատ տեսանելի չեն: Առնվազն գնահատականի տեսքով հետևանք լինում է: Եթե մենք ունենում ենք տարբեր երկրներ, միջազգային կառույցներ, որոնք սկսում են այս հարցի մասին խոսել, գնահատական տալ, օրինակ, Ադրբեջանի կողմից որոշման չկատարմանը, դա արդեն էական հետևանք կարելի է համարել: Այդ հետևանքների ակումուլյացիայի արդյունքում էլ արդյունք ենք ստանում: Երբ 10-15 պետություններ սկսում են նույն բանը պնդել կամ միջազգային կազմակերպությունները կոչ անել, դա ձնագնդի էֆեկտով կարող է հասնել ինչ-որ արդյունքների: Ճանապարհը սա է:
Այս ժամանակավոր միջոցը կիրառված է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» մեծ գործի շրջանակներում, և մինչև հիմնական գործի քննությունը մենք այս ապացույցները ներկայացնելու ենք դատարանին: Այսինքն մենք դատարանին ներկայացնելու ենք Ադրբեջանի չկատարումները կամ Ադրբեջանի կողմից դատարանի որոշումները խախտող քայլեըը»
Եղիշե Կիրակոսյանը նաև տեղեկացրեց, որ ըստ դատարանի կանոնների, դատարանն ունի հնարավորություն ստեղծելու երեք դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է հետևել դատարանի որոշումների կատարման ընթացքին: Հնարավոր է նաև փաստահավաք առաքելություն գա, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: