«Թավշյա» հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը սկսեց լրացնել այն բացերը, որոնք մնացել էին նախկին իշխանություններից։ Բայց այդ բացերից ամենակոնտրաստայինն այն փաստն է, որ միջազգային իրավունքը, ինչին մշտապես ու մանիպուլյատիվ կերպով հղում է անում Ալիևների կլանի վարչակարգը՝ արդարացնելով հայության դեմ իր առավել ագրեսիվ ու անընդունելի գործողությունները, ՀՀ նախկին իշխանությունների ուշադրությունից դուրս էր։ Մինչդեռ միջազգային իրավունքը, միջազգային համապատասխան ատյաններն օժտված են այն պահանջների եզրափակիչ մեկնաբանման մանդատով, որոնք վերաբերում են ռասայական և էթնիկ խտրականության անթույլատրելիությանը և ցեղասպանության կանխարգելմանը։ Միջազգային ատյանները հենց նրա համար են ստեղծված, որպեսզի «ռեալպոլիտիկի» պատկերացումների բերումով ավելի ուժեղ ու ագրեսիվ հարևանների կողմից վտանգի տակ հայտնված պետություններն ու հանրությունները կարողանան բողոքարկել նրանց գործողությունները։ Հենց դրա վրա էլ խարսխված էր այն աշխարհակարգը, որը հիմա ավտորիտար տարբեր վարչակարգեր փորձում են փլուզել ու վերաձևել։
Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո փորձում է շտկել նախկինում թույլ տված իր սխալները։ Հայց ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան՝ Երևանը սկսեց միջազգային-իրավական հարթության վրա պաշտպանել իր իրավունքներն ու արցախահայության իրավունքները։ Գործը քննվելու է բավականին երկար, սակայն անհետաձգելի պատճառների բերումով դատարանի միջանկյալ որոշումները դրական հեռանկարներ են բացում այն բանի համար, որպեսզի Ալիևի վարչակարգի համար առավելագույնս խնդրահարույց լինի իր հակահայկական ու հայատյաց գաղափարների իրագործումը, գաղափարներ, որոնցով սնվել ու մեծացել է ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ։ Լաչինի միջանցքի շրջափակումը, որն իրականացվում է գործուղված «էկոակտիվիստների» կողմից՝ որպես «խաղաղապահներ» Արցախում տեղաբաշխված ռուսաստանյան զորքերի թողտվությամբ, քննության առարկա է դարձել Հաագայում։ Ու որոշում է ընդունվել առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է բոլոր միջոցները ձեռնարկել Լաչինի միջանցքով հաղորդակցությունն ամբողջովին վերականգնելու համար։ Բացի այդ, հիմնազուրկ լինելու պատճառով մերժվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցն իբր «Ադրբեջանի տարածքների ականապատման» վերաբերյալ։
Մի կողմից՝ դատարանի որոշումը ողջունել են Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՄԱԿ գլխավոր քարտուղարը՝ Ադրբեջանին կոչ անելով անշեղորեն կատարել այն։ Նույնիսկ Ռուսաստանն է սկսել անհանգստություն ցուցաբերել, քանի որ իր իսկ բացառիկ վերահսկողությամբ միջանցքի անխափան գործելու պարտավորություն է ստանձնել, բայց այդպես էլ ոչինչ չի կարողացել կամ չի ցանկացել անել։ Բայց, մյուս կողմից էլ, միջանցքը շարունակում է փակ մնալ, թեև Ադրբեջանի կրած քաղաքական վնասն ակնհայտ է, ինչպես և ակնհայտ է այն, որ Ալիևի վարչակարգի վրա միջազգային ճնշումը մեծանալու է։
Ի՞նչ է կատարվել Հաագայում, ըստ էության՝ ինչի՞ մասին է դատարանի որոշումը, և ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել՝ այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն