Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
«Գործընկեր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության անդամներ, իրավապաշտպան ակտիվիստներ, քաղաքացիներ, իմ համոզմամբ՝ այսօր մենք պատմության շրջադարձային փուլում ենք, պետք է ընտրենք ուղղությունը, որով աշխարհը կշարժվի առաջիկա տասնամյակների ընթացքում: Թույլ կտա՞նք քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության հետագա սահմանափակում, թե՞ միասին կունենանք տեսլական ու քաջություն՝ ևս մեկ անգամ գլխավորելու մարդկային առաջընթացի և մարդու ազատության երթը»: Սրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն են, որ հնչել են «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը:
Աննախադեպ համաժողովն ԱՄՆ նախագահի նախաձեռնությունն է, որ դեկտեմբերի 9-10-ն անցկացվել է առցանց եղանակով և որին մասնակցել է աշխարհի ավելի քան 110 պետության ղեկավար, տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ: Աննախադեպ նախաձեռնությունը բնորոշվում է նաև որպես ժողովրդավարության պաշտպանության նախաձեռնություն կամ հանձնառություն, որ ստանձնում է Միացյալ Նահանգներն ու փորձում ձևավորել այդ պաշտպանության առավելագույնս լայն ճակատ:
ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը բավականին զգայուն են արձագանքել այսպես ասած «ոչ ժողովրդավարական» աշխարհի երկու առանցքային բևեռներ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ԱՄՆ-ի քայլը դիտարկելով աշխարհը երկու ճամբարի բաժանելու «սառըպատերազմյան տրամաբանություն»: ԱՄՆ-ում Չինաստանի և ՌԴ դեսպանները նույնիսկ համատեղ հոդված էին հրապարակել այդ առնչությամբ:
Ի՞նչ է սպասվում աշխարհին, իսկապես՝ նոր սառըպատերազմյան բաժանու՞մ, թե՞, այդուհանդերձ, կա դրանից խուսափելու հնարավորություն: Այս հարցն առավել քան արդիական է Հայաստանի համար, որը վաշինգտոնյան նախաձեռնության հրավիրյալներից մեկն էր, և կովկասյան տարածաշրջանից համաժողովին երկու հրավիրվածներից մեկը: Մյուսը Վրաստանն էր: ԱՄՆ նախագահի հրավեր չէին ստացել Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը: Ընդ որում, հատկանշական էր բացատրությունը, որ ԱՄՆ վարչակազմը տվել էր ի պատասխան Ադրբեջանի չհրավիրվելու վերաբերյալ BBC ադրբեջանական ծառայության հարցման. «Նախապատրաստական աշխատանքի ընթացքում պահպանվել է բոլոր տարածաշրջանների ներգրավվածության սկզբունքը, իսկ չափորոշիչ ընդունվել երկրների կողմից գլոբալ ժողովրդավարության և խաղաղության պահպանման հանձնառությունը»:
Սա էլ իր հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք ԱՄՆ-ն գծում է նաև Կովկասի որոշակի նոր սահման, թե՞ իրավիճակն այդ առումով ավելի մարտավարական է, և պետք չէ համաժողովի հրավերի հանգամանքին տալ ռազմավարական մեծ նշանակություն, գոնե Կովկասի մասշտաբով: Այս հարցերի պատասխանները ներկայումս ուրվագծելը բավական բարդ է, հաշվի առնելով այն, որ իրադարձությունները ծավալվում են մի ավելի լայն խնդրի համատեքստում՝ հին աշխարհակարգի ապամոնտաժում և նորի ձևավորման գործընթաց, որն ուղեկցվում է գործնականում հիբրիդային երրորդ համաշխարհային պատերազմով, որը տարածաշրջանային մասշտաբներով տեղ-տեղ արտահայտվում է իրական պատերազմի բռնկումով:
Դժբախտաբար, այդ «քարտեզում» նախորդ տարի ընդգրկվեց նաև Կովկասը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմով: Այն փոխեց տարածաշրջանային ստատուս-քվոն, որին հաջորդում է քաղաքական բավականին բարդ գործընթաց՝ խոշոր խաղացողների դիրքային պայքարով: Արդյո՞ք Միացյալ Նահանգները մտադիր է որևէ «դիրք» ձևավորել Հայաստան-Վրաստան տանդեմով, թե՞ Կովկասի հարցում չկան այդօրինակ մանրամասներով մտադրություններ:
Առաջին Վեհաժողովից հետո հարցերը շատ են, իսկ պատասխանները թերևս կնշմարվեն ժամանակի ընթացքում: ԱՄՆ-ն հայտարարել է, որ մեկ տարի անց ծրագրվում է անցկացնել երկրորդ, արդեն, այսպես ասած, առկա եղանակով Վեհաժողով, որի ընթացքում պետք է դիտարկվեն առաջինին հաջորդած մեկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները: Եվ այստեղ անշուշտ հատկանշական է, թե ի՞նչ արդյունք է արձանագրած լինելու ժողովրդավարության պաշտպանության ԱՄՆ հանձնառությունն, օրինակ, Կովկասի առումով, որտեղ անկասկած է մարտահրավերների և ռիսկերի բարդ կծիկի առկայությունը առաջին հերթին հենց երկու ժողովրդավարությունների՝ Հայաստանի և Վրաստանի համար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան նախաձեռնությանն ունեցած իր ելույթում արձանագրեց, որ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության իր առաքելության հարցում և հուսով է, որ «մենք միայնակ չենք»: «Ժողովրդավարությունն ամրապնդելու մեր ջանքերում մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների: Մեզ համար ամենամեծ մարտահրավերը մեր անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։ Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Առցանց վեհաժողովի իր ելույթից մեկ օր անց Հայաստանի վարչապետն արեց ֆեյսբուքյան գրառում, որում խոսում էր Հայաստանի դեմ երկար տարիներ ծրագրված և թավշյա հեղափոխությունից հետո գործողության մեջ մտած «հիբրիդային պատերազմի» մասին, թեման դիտարկելով շարունակելի: Կա՞ր վաշինգտոնյան Վեհաժողովում ելույթի և հաջորդ օրն իսկ ֆեյսբուքյան գրառման մեջ որևէ պատճառահետևանքային կապ, թե՞ ոչ, բարդ է ասել, ինչպես որ բարդ է ասել, թե Հայաստանն, օրինակ, ի՞նչ աջակցություն է ակնկալում «միայնակ չմնալու» համար, երբ, միևնույն ժամանակ, շարունակում է մնալ «ոչ ժողովրդավարական» եվրասիական բլոկների անդամ և անգամ խոսել այդ բլոկներում ավելի խորը ինտեգրացիայի մասին:
Խորհրդանշական է, որ դեկտեմբերի 10-ին, մինչ ժողովրդավարության համաժողովում ելույթ ունենալը, Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում ԵԱՏՄ Վեհաժողովում: Այս հանգամանքն, իհարկե, ավելի շուտ ի ցույց է դնում Հայաստանի այն բավականին բարդ ու երկակի վիճակը, որ առկա է ընդհանրապես ամբողջ հետխորհրդային ժամանակաշրջանում և չի ստացել անհրաժեշտ՝ թեկուզ հարաբերական և հանգրվանային լուծումների համալրում որոշակի առավել կայուն և առավել բարվոք թվացող միջազգային մթնոլորտի պայմաններում, երբ սրված չէր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունը:
Այսօր Հայաստանի համար երկակի իրավիճակի հաղթահարման հնարավորությունները շատ ավելի նեղ են, շատ ավելի սեղմ, ընդ որում՝ ոչ միայն պատերազմում պարտված կողմ լինելու հետևանքով: Այդ հնարավորությունների սեղմումը մեկնարկել է ավելի քան տասնամյակ ի վեր: Պատերազմն ու պարտությունն, անկասկած, էլ ավելի են բարդացրել ու ծանրացրել խնդիրը: Ահա այդ առումով է նաև, որ համաշխարհային զարգացումների «սառըպատերազմյան» տրամաբանությունը Հայաստանի համար ավելի շուտ ունի նոր սպառնալիք ու մարտահրավեր գեներացնելու ռիսկ, քան նոր հնարավորություններ բացելու հեռանկար: Այդտեղ է, որ ժողովրդավարական աշխարհի համախմբման՝ Հայաստանի համար էլ կարևոր գործընթացը, համաշխարհային դիմակայության առանցքային բաղադրիչ դառնալու դեպքում, կարող է առանց այդ էլ լուրջ «առաջնագծային սպառնալիքների» առաջ գտնվող Հայաստանը վերածել «համաշխարհային առաջնագծի»: Մինչդեռ, հայկական պետականության ժողովրդավարական զարգացման բանաձևը հազիվ թե արժե փնտրել «ժողովրդավարական» և «ոչ ժողովրդավարական» աշխարհների կամ բևեռների դիմակայության սահմանագծի կամ պարզապես «պոլիգոնի» կարգավիճակում, այն էլ՝ առավելապես ոչ ժողովրդավարական համակարգերով շրջապատված «պոլիգոնի»:
Անկասկած է, որ Հայաստանի պետական զարգացման հարցում առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական բանաձևը, քանի որ Հայաստանի «հարստությունը» բնական հանածոները չեն, այլ մարդկային ստեղծագործական ներուժը: Միաժամանակ, հենց այդ ներուժի զարգացումը պահանջում է Հայաստանի շուրջ կայունության առավելագույն կառավարելի և կանխատեսելի միջավայր: Հետևաբար, իր զարգացման ժողովրդավարական բանաձևի ամրապնդման համար հենց «դատապարտված» է գտնել ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական բևեռների հետ աշխատանքի համադրման բանաձևը, և հայկական ժողովրդավարությանն օգնությունը, օժանդակությունը, աջակցությունը արդյունավետ և հեռանկարային կարող է լինել այդ համատեքստում:
Սա, անշուշտ, զգալիորեն կախված է, մասնավորապես, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության բնույթից: Այստեղ ակնհայտորեն ծավալվում են բավականին բազմաշերտ և ընդհուպ գուցե հակասական գործընթացներ, որոնք միարժեք չեն թերևս նաև հենց երկու երկրների տնտեսա-քաղաքական էլիտաների շրջանում: Հատկանշական է, որ դեկտեմբերի 9-10-ի ժողովրդավարական համաժողովից առաջ՝ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ ԱՄՆ և ՌԴ նախագահների առցանց հանդիպումը, որի երկու ժամ տեւողության ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, թեև հիմնական ժամանակն, ըստ տեղեկության, խլել է ուկրաինական ճգնաժամը: Լայն առումով, ԱՄՆ-ի համար կա երկու խնդիր՝ Ռուսաստանին զերծ պահել Չինաստանի հետ խորքային ալյանսից, զուգահեռ ապահովել եվրաատլանտյան բևեռի կամ, ըստ էության, ժողովրդավարական աշխարհի առավելագույն մոբիլիզացիա և կառավարում, առանց որի գործնականում չափազանց բարդ կլինի վարել գլխավոր սպառնալիք հռչակված Չինաստանի զսպման արդյունավետ ռազմավարություն:
Որքան էլ տարօրինակ չհնչի՝ Ռուսաստանի գործոնը, Ռուսաստանից բխող սպառնալիքն ԱՄՆ-ի համար կարող է լինել եվրաատլանտյան բևեռի մոբիլիզացիայի և կառավարման թերևս ամենաարդյունավետ խթանիչը: Եվ այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք ՌԴ նախագահն այդ գործում պատրաստ է «խաղալ» ԱՄՆ դեմ և մատուցել «վտանգի ծառայությունը», դրա դիմաց ակնկալելով որոշակի լոյալություն իր օրակարգի համար:
Այն, որ ԱՄՆ նախագահի պաշտոնամուտից մոտ տասը ամիս անց տեղի է ունենում ՌԴ նախագահի հետ արդեն երկրորդ հանդիպումը (երկրորդը՝ առցանց), վկայում է, որ սեղանին դրված են լուրջ խնդիրներ, որոնցում Կովկասը եթե չկա էլ, ապա, անկասկած, զգալու է այդ ամենի ազդեցությունը: Ահա այդ առումով, իհարկե, էական է, թե ինչպիսին է առկա մթնոլորտի տրամաբանությունը Կովկասից Վաշինգտոնի հրավերին արժանացած Հայաստանի և Վրաստանի շուրջ: