Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստան. քաղաքակրթական խաչմերու՞կ, թե՞ պոլիգոն

hayk
December 2021
Հայաստան. քաղաքակրթական խաչմերու՞կ, թե՞ պոլիգոն


Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

«Գործընկեր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության անդամներ, իրավապաշտպան ակտիվիստներ, քաղաքացիներ, իմ համոզմամբ՝ այսօր մենք պատմության շրջադարձային փուլում ենք, պետք է ընտրենք ուղղությունը, որով աշխարհը կշարժվի առաջիկա տասնամյակների ընթացքում: Թույլ կտա՞նք քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության հետագա սահմանափակում, թե՞ միասին կունենանք տեսլական ու քաջություն՝ ևս մեկ անգամ գլխավորելու մարդկային առաջընթացի և մարդու ազատության երթը»: Սրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն են, որ հնչել են «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը:

Աննախադեպ համաժողովն ԱՄՆ նախագահի նախաձեռնությունն է, որ դեկտեմբերի 9-10-ն անցկացվել է առցանց եղանակով և որին մասնակցել է աշխարհի ավելի քան 110 պետության ղեկավար, տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ: Աննախադեպ նախաձեռնությունը բնորոշվում է նաև որպես ժողովրդավարության պաշտպանության նախաձեռնություն կամ հանձնառություն, որ ստանձնում է Միացյալ Նահանգներն ու փորձում ձևավորել այդ պաշտպանության առավելագույնս լայն ճակատ:

ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը բավականին զգայուն են արձագանքել այսպես ասած «ոչ ժողովրդավարական» աշխարհի երկու առանցքային բևեռներ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ԱՄՆ-ի քայլը դիտարկելով աշխարհը երկու ճամբարի բաժանելու «սառըպատերազմյան տրամաբանություն»: ԱՄՆ-ում Չինաստանի և ՌԴ դեսպանները նույնիսկ համատեղ հոդված էին հրապարակել այդ առնչությամբ:

Ի՞նչ է սպասվում աշխարհին, իսկապես՝ նոր սառըպատերազմյան բաժանու՞մ,  թե՞, այդուհանդերձ, կա դրանից խուսափելու հնարավորություն:  Այս հարցն առավել քան արդիական է Հայաստանի համար, որը վաշինգտոնյան նախաձեռնության հրավիրյալներից մեկն էր, և կովկասյան տարածաշրջանից համաժողովին երկու հրավիրվածներից մեկը: Մյուսը Վրաստանն էր: ԱՄՆ նախագահի հրավեր չէին ստացել Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը: Ընդ որում, հատկանշական էր բացատրությունը, որ ԱՄՆ վարչակազմը տվել էր ի պատասխան Ադրբեջանի չհրավիրվելու վերաբերյալ BBC ադրբեջանական ծառայության հարցման. «Նախապատրաստական աշխատանքի ընթացքում պահպանվել է բոլոր տարածաշրջանների ներգրավվածության սկզբունքը, իսկ չափորոշիչ ընդունվել երկրների կողմից գլոբալ ժողովրդավարության և խաղաղության պահպանման հանձնառությունը»:

Սա էլ իր հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք ԱՄՆ-ն գծում է նաև Կովկասի որոշակի նոր սահման, թե՞ իրավիճակն այդ առումով ավելի մարտավարական է, և պետք չէ համաժողովի հրավերի հանգամանքին տալ ռազմավարական մեծ նշանակություն, գոնե Կովկասի մասշտաբով: Այս հարցերի պատասխանները ներկայումս ուրվագծելը բավական բարդ է, հաշվի առնելով այն, որ իրադարձությունները ծավալվում են մի ավելի լայն խնդրի համատեքստում՝ հին աշխարհակարգի ապամոնտաժում և նորի ձևավորման գործընթաց, որն ուղեկցվում է գործնականում հիբրիդային երրորդ համաշխարհային պատերազմով, որը տարածաշրջանային մասշտաբներով տեղ-տեղ արտահայտվում է իրական պատերազմի բռնկումով:

Դժբախտաբար, այդ «քարտեզում» նախորդ տարի ընդգրկվեց նաև Կովկասը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմով: Այն փոխեց տարածաշրջանային ստատուս-քվոն, որին հաջորդում է քաղաքական բավականին բարդ գործընթաց՝ խոշոր խաղացողների դիրքային պայքարով: Արդյո՞ք Միացյալ Նահանգները մտադիր է որևէ «դիրք» ձևավորել Հայաստան-Վրաստան տանդեմով, թե՞ Կովկասի հարցում չկան այդօրինակ մանրամասներով մտադրություններ:

Առաջին Վեհաժողովից հետո հարցերը շատ են, իսկ պատասխանները թերևս կնշմարվեն ժամանակի ընթացքում: ԱՄՆ-ն հայտարարել է, որ մեկ տարի անց ծրագրվում է անցկացնել երկրորդ, արդեն, այսպես ասած, առկա եղանակով Վեհաժողով, որի ընթացքում պետք է դիտարկվեն առաջինին հաջորդած մեկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները: Եվ այստեղ անշուշտ հատկանշական է, թե ի՞նչ արդյունք է արձանագրած լինելու ժողովրդավարության պաշտպանության ԱՄՆ հանձնառությունն, օրինակ, Կովկասի առումով, որտեղ անկասկած է մարտահրավերների և ռիսկերի բարդ կծիկի առկայությունը առաջին հերթին հենց երկու ժողովրդավարությունների՝ Հայաստանի և Վրաստանի համար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան նախաձեռնությանն ունեցած իր ելույթում արձանագրեց, որ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության իր առաքելության հարցում և հուսով է, որ «մենք միայնակ չենք»: «Ժողովրդավարությունն ամրապնդելու մեր ջանքերում մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների: Մեզ համար ամենամեծ մարտահրավերը մեր անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։ Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Առցանց վեհաժողովի իր ելույթից մեկ օր անց Հայաստանի վարչապետն արեց ֆեյսբուքյան գրառում, որում խոսում էր Հայաստանի դեմ երկար տարիներ ծրագրված և թավշյա հեղափոխությունից հետո գործողության մեջ մտած «հիբրիդային պատերազմի» մասին, թեման դիտարկելով շարունակելի: Կա՞ր վաշինգտոնյան Վեհաժողովում ելույթի և հաջորդ օրն իսկ ֆեյսբուքյան գրառման մեջ որևէ պատճառահետևանքային կապ, թե՞ ոչ, բարդ է ասել, ինչպես որ բարդ է ասել, թե Հայաստանն, օրինակ, ի՞նչ աջակցություն է ակնկալում «միայնակ չմնալու» համար, երբ, միևնույն ժամանակ, շարունակում է մնալ «ոչ ժողովրդավարական» եվրասիական բլոկների անդամ և անգամ խոսել այդ բլոկներում ավելի խորը ինտեգրացիայի մասին:

Խորհրդանշական է, որ դեկտեմբերի 10-ին, մինչ ժողովրդավարության համաժողովում ելույթ ունենալը, Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում ԵԱՏՄ Վեհաժողովում: Այս հանգամանքն, իհարկե, ավելի շուտ ի ցույց է դնում Հայաստանի այն բավականին բարդ ու երկակի վիճակը, որ առկա է ընդհանրապես ամբողջ հետխորհրդային ժամանակաշրջանում և չի ստացել անհրաժեշտ՝ թեկուզ հարաբերական և հանգրվանային լուծումների համալրում որոշակի առավել կայուն և առավել բարվոք թվացող միջազգային մթնոլորտի պայմաններում, երբ սրված չէր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունը:

Այսօր Հայաստանի համար երկակի իրավիճակի հաղթահարման հնարավորությունները շատ ավելի նեղ են, շատ ավելի սեղմ, ընդ որում՝ ոչ միայն պատերազմում պարտված կողմ լինելու հետևանքով: Այդ հնարավորությունների սեղմումը մեկնարկել է ավելի քան տասնամյակ ի վեր: Պատերազմն ու պարտությունն, անկասկած, էլ ավելի են բարդացրել ու ծանրացրել խնդիրը: Ահա այդ առումով է նաև, որ համաշխարհային զարգացումների «սառըպատերազմյան» տրամաբանությունը Հայաստանի համար ավելի շուտ ունի նոր սպառնալիք ու մարտահրավեր գեներացնելու ռիսկ, քան նոր հնարավորություններ բացելու հեռանկար: Այդտեղ է, որ ժողովրդավարական աշխարհի համախմբման՝ Հայաստանի համար էլ կարևոր գործընթացը, համաշխարհային դիմակայության առանցքային բաղադրիչ դառնալու դեպքում, կարող է առանց այդ էլ լուրջ «առաջնագծային սպառնալիքների» առաջ գտնվող Հայաստանը վերածել «համաշխարհային առաջնագծի»: Մինչդեռ, հայկական պետականության ժողովրդավարական զարգացման բանաձևը հազիվ թե արժե փնտրել «ժողովրդավարական» և «ոչ ժողովրդավարական» աշխարհների կամ բևեռների դիմակայության սահմանագծի կամ պարզապես «պոլիգոնի» կարգավիճակում, այն էլ՝ առավելապես ոչ ժողովրդավարական համակարգերով շրջապատված «պոլիգոնի»:

Անկասկած է, որ Հայաստանի պետական զարգացման հարցում առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական բանաձևը, քանի որ Հայաստանի «հարստությունը» բնական հանածոները չեն, այլ մարդկային ստեղծագործական ներուժը: Միաժամանակ, հենց այդ ներուժի զարգացումը պահանջում է Հայաստանի շուրջ կայունության առավելագույն կառավարելի և կանխատեսելի միջավայր: Հետևաբար, իր զարգացման ժողովրդավարական բանաձևի ամրապնդման համար հենց «դատապարտված» է գտնել ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական բևեռների հետ աշխատանքի համադրման բանաձևը, և հայկական ժողովրդավարությանն օգնությունը, օժանդակությունը, աջակցությունը արդյունավետ և հեռանկարային կարող է լինել այդ համատեքստում:

Սա, անշուշտ, զգալիորեն կախված է, մասնավորապես, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության բնույթից: Այստեղ ակնհայտորեն ծավալվում են բավականին բազմաշերտ և ընդհուպ գուցե հակասական գործընթացներ, որոնք միարժեք չեն թերևս նաև հենց երկու երկրների տնտեսա-քաղաքական էլիտաների շրջանում: Հատկանշական է, որ դեկտեմբերի 9-10-ի ժողովրդավարական համաժողովից առաջ՝ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ ԱՄՆ և ՌԴ նախագահների առցանց հանդիպումը, որի երկու ժամ տեւողության ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, թեև հիմնական ժամանակն, ըստ տեղեկության, խլել է ուկրաինական ճգնաժամը: Լայն առումով, ԱՄՆ-ի համար կա երկու խնդիր՝ Ռուսաստանին զերծ պահել Չինաստանի հետ խորքային ալյանսից, զուգահեռ ապահովել եվրաատլանտյան բևեռի կամ, ըստ էության, ժողովրդավարական աշխարհի առավելագույն մոբիլիզացիա և կառավարում, առանց որի գործնականում չափազանց բարդ կլինի վարել գլխավոր սպառնալիք հռչակված Չինաստանի զսպման արդյունավետ ռազմավարություն:

Որքան էլ տարօրինակ չհնչի՝ Ռուսաստանի գործոնը, Ռուսաստանից բխող սպառնալիքն ԱՄՆ-ի համար կարող է լինել եվրաատլանտյան բևեռի մոբիլիզացիայի և կառավարման թերևս ամենաարդյունավետ խթանիչը: Եվ այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք ՌԴ նախագահն այդ գործում պատրաստ է «խաղալ» ԱՄՆ դեմ և մատուցել «վտանգի ծառայությունը», դրա դիմաց ակնկալելով որոշակի լոյալություն իր օրակարգի համար:

Այն, որ ԱՄՆ նախագահի պաշտոնամուտից մոտ տասը ամիս անց տեղի է ունենում ՌԴ նախագահի հետ արդեն երկրորդ հանդիպումը (երկրորդը՝ առցանց), վկայում է, որ սեղանին դրված են լուրջ խնդիրներ, որոնցում Կովկասը եթե չկա էլ, ապա, անկասկած, զգալու է այդ ամենի ազդեցությունը: Ահա այդ առումով, իհարկե, էական է, թե ինչպիսին է առկա մթնոլորտի տրամաբանությունը Կովկասից Վաշինգտոնի հրավերին արժանացած Հայաստանի և Վրաստանի շուրջ:

Թեգեր ՀոդվածներՇաբաթական թողարկում դեկտեմբեր 13-19

Նմանատիպ  նյութեր

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

December 2021

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության՝ ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, մեր հանրության համար առավելապես հիշվել...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում

Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում

December 2021

Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր Թբիլիսի   Երկամյա հետաձգումներից հետո Եվրամիությունն անցկացրեց «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովը։ Այս՝ չորս տարի սպասված...

Կարդալ ավելին
Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

December 2021

Էդգար ԽԱՉԱՏՐՅԱՆ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Վանաձոր 2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան...

Կարդալ ավելին
Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ

Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ

December 2021

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում սպառնալիքների տարբեր ընկալումները, որոնք զուգորդվում են ժողովրդավարական հետընթացի ռիսկի հետ, վտանգավոր ճեղքեր են ստեղծում ԵՄ ներսում:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ
  • Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը
  • Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.